Մի հատված Գարեգին Լևոնյանի «Հուշեր» գրքից, որտեղ նա պատմում է Շրվանզադեի մասին:
Մեծանուն գրողին առաջին անգամ տեսա Ալեքսանդրապոլում 1890 թվականին, երբ դեռ երիտասարդ էր և Թիֆլիսից, «Արձագանք» լրագրի կողմից գնում էր Էջմիածին ինչ-որ հանդեսի ներկա գտնվելու: Նա մի օրով կանգ էր առել մեր քաղաքում, հարմար փոխադրական միջոց գտնելու համար. այն ժամանակ երկաթուղի չկար. ո՛չ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ, ո՛չ էլ այդ քաղաքից Երևան:
Աշնանային մի օր էր. մեկ էլ տեսնեմ, աշուղ Ջիվանին (հայրս), շատ հետաքրքրական արտաքինով մի երիտասարդի հետ եկան մեզ մոտ:
— Ծանոթացեք, պարոն Շիրվանզադեն է, Թիֆլիսից է եկել:
Մեր հյուրի սիրուն և համակրելի դեմքը, հարուստ և գանգուր մազերը, գեղեցիկ և մաքուր զգեստն մեզ, գավառացիներիս վրա թողեցին լավ տպավորություն:
Հետևյալ օրը Շիրվանզադեն մեկնում էր Էջմիածին: Ես մեծ դժվարությամբ թույլտվություն ստացա իմ հորից գնալ նրա հետ: Պատանի էի դեռ չէի տեսել Վաղարշապատը: Ֆուրգոններով, վեց-յոթը ճամփորդներ, որոնց հետ և Շիրվանզադեն ու ես Արագածի-Ապարանի, Մուղնու և Աշտարակի վրայով հասանք Էջմիածին:
Շիրվանզադեն ճանապարհին իմ մասին հոգում էր, որ մի տեղը հանգիստ լինի ֆուրգոնի մեջ, որ չմևստեմ: Երբ տեղ հասանք, նա ինձ հանձնեց մեզ հետ եկող ալեքսանդրապոլցիների խնամքին և գնաց իր գործին: Այլևս ես նրան չտեսա. ինչպես հետո իմացա, իր գործը վերջացնելուց հետո, Թիֆլիս էր վերադարձել Դիլիջանի և Աղսթաֆայի վրայով:
Այս առաջին ծանոթությունից հետո Շիրվանզադեի հետ ունեցել եմ ուրիշ շատ հանդիպումներ …
1911 թվին էր. ամռանը, Թիֆլիսում, չեմ հիշում ինչ տոնակատարության առիթով Վերայի այգիներից մեկում ճոխ բանկետ էր կազմակերպված. Այստեղ էր գրեթե ամբողջ առաջավոր հայ ինտելիգենցիան. ճառեր, երգ ու նվագածություն, կենացներ … Խնջույքը վերջացավ գիշերվա ժամը 1-ին, ով կարողացավ կաեք ճարել’ քաղաք վերադարձավ կառքով, ով չէ` խումբ-խումբ եկան ոտքով: Լուսնկա գիշեր էր և ճանապարհը հարթ: Շիրվանզադեն, դերասան Արշակ Հարությունյանը և ես վերադարձանք միասին: Երբ հասանք Գոլովինյան (այժմ Ռուսթավելու) պրոսպեկտը, օպերայի շենքի առաջ, ու ես տուն գնալու համար ընկերներիցս պետք է բաժանվեի` ծռվելու Սապյորնայա փողոցը, Շիրվանզադեն ասաց.
— Գարեգի՛ն, տանդ հարմարություն ունե՞ս այս գիշեր ինձ հյուրընկալելու. դե, մեր տունը շատ հեռու է և մեր բակի դուռն էլ փակում են գիշերը, դժվար է բաց անել տալ:
— Խնդրեմ, համեցեք գնանք:
Մի քանի րոպեից արդեն տանն էինք:
Ես կարգադրեցի, որ իմ պարապմունքի սենյակում մի անկողին պատրաստեն թանկագին հյուրի համար: Առավոտյան տանեցիք սովորականից շուտ են վեր կենում, որ լավ նախաճաշ պատրաստեն, տեսնում են, որ իմ սենյակի դուռը բաց է և այնտեղ ոչ ոք չկա: Զարմացած գալիս են ինձ մոտ և զարթնեցնում:
— Ի՞նչպես թե … — զարմացած հարցնում են ես:
Այդպես էլ չկար. Լույսը հազիվ բացված, նա գնացել էր, թե ինչո՞ւ մեզանից ոչ ոք չկարողացավ հասկանալ:
Հետևյալ օրը Շիրվանզադեին պատահում եմ «Մշակ» խմբագրատանը, նա երեսը շուռ է տալիս, որ չբարևեմ. ապշում եմ զարմանքից;
— Ա՛յ մարդ, ի՞նչ է պատահել, ի՞նչ է իմ հանցանքը, — հարցնում եմ, նրան մոտենալով:
— Քո հանցանքը այն էր, որ դու տպագրել ես մի գիրք, որի հեղինակը բարեհաճել է իմ մասին զրախոսություններ անել:
Ես իսկույն գլխի ընկա, թե ինչո՛ւ է վիրավորվել Շիրվանը և ինչո՛ւ է փախել մեր տնից:
Այն ժամանակ երիտասարդ քննադատ Արսեն Տերտերյանը ինձ ուղարկել էր «Շիրվանզադե — հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը» աշխատությունը «Գեղարվեստ» հանդեսում տպագրելու համար: Աշխատության ծավալը մեծ լինելու պատճառով, հեղինակի համաձայնությամբ, որոշել էի լույս ընծայել առանձին գրքով: Շիրվանզադեն ահա այդ գրքի սրբագրական թերթերը իմ սեղանի վրա տեսնելով, կարդացել էր, որ «իր վրձինը չորացել է, և ասել է արդեն իր խոսքը»:
— Ես կապացուցեմ, որ իմ գրիչը չի չորացել և ես դեռ շատ բան ունիմ գրելու, — վրդովված ասաց նա և մենք հաշտվեցինք: