Ռեթեոս Հակոբի Պերպերյան (1848, հոկտեմբերի 10, Կ. Պոլիս — 1907, ապրիլի 7, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։
Օննիկ և Շահան Պերպերյանների հայրը։
Կենսագրություն
Ռեթեոս Պերպերյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ 1866 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876 թվականին հիմնել է Պերպերյան վարժարանը։ Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք ևւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի ազդեցությունը, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն՝ «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը։
Պերպերյանի մանկավարժական-բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ Դպրութիւն», 1907) հիմնված են գեղեցիկի, բարու և ճշմարիտի սկզբունքների վրա։ Կարևորել է կնոջ դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։
Պերպերյանը գրել է նաև հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքի արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Վերլուծելով աշխատավարձի էությունը՝ աշխատավորի համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված» հարստություն և ոչ թե շահագործման արդյունք։
Հանդես է եկել նաև Հրաչյա կեղծանունով։ Մահացել է Սկյութարում։