Վահրամ Գամերի Փափազյան (հունվարի 18 (30), 1888, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն — հունիսի 5, 1968, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից: Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։
Կենսագրություն
Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում։
Վահրամ Փափազյանն ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ 1908 թվականին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896 թվականի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։
Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդես է գալիս նրանց խմբերում։
Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907 թվականին նա հայտնվում է Փարիզում և, Շիրվանզադեի ու Աբելյանի խորհրդով, մեկնում Բաքու։
Վերադառնալով Իտալիա՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով։ Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, հետո ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերով, ապա՝ Ջենովա՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին Կ. Պոլիս, ապա՝ Սոֆիա, բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև Զմյուռնիա, ուր անառողջ Սիրանույշին փոխարինել է Համլետի դերում, ապա նորից Կ. Պոլիս։ Այստեղ «Հայ դրամատիկ»ի թատերախմբով շրջում է Թրակիա, Մակեդոնիա, Ալբանիա և այլուր։
1913 թվականին Փափազյանը հրավեր ստացավ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան։
Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը։ 1913-1922 թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը։
Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։
1920 թվականին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան։
1922 թվականին Երևանի նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի («Ավազակներ»), Պրինչիվալեի («Մոննա Վաննա») և Հայնրիխի («Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրում մի քանի պիես («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը (1926-1927 թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ժորժ («Մորգանի խնամին»)։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում. «Մակբեթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդես»։
1928 թվականին Փափազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932 թվականին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։
1932-1954 թվականներին բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում՝ Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված Սանկտ Պետերբուրգում՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։ 1948 թվականի հունվարի 12-ից հյուրախաղերով եղել է Երևանում, Երաժշտական կոմեդիայի թատրոնում գլխավոր դերերով հանդես է Շեքսպիրի «Օթելո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և այլ ներկայացումներում:
Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը։ Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն։
Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թվականին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին:
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։
Մահացել է Լենինգրադում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։
Վահրամ Փափազյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Վահրամ Փափազյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Ֆիլմագրություն
1917 — Սաիդե (դեբյուտը կինոյում՝ Էռնեստո Վահրամ անունով)
1917 — Երազ ու կյանք
1917 — Փառքի դարպասների մոտ — ջութակահար Վիկտոր Ստավսկի
1917 — Մթնշաղ — երաժիշտ Զարեմբա
1917 — Գայթակղություն — ֆրա Ցիո
1917 — Սիրո երկրում — Ալբերտո
1917 — Այրին — Ռոբերտ Տոտվեն, Մորիսի ընկերը
1918 — Ստելլա Մարիս
1918 — Գարնանային քամու հեքիաթը — հայտնի ավիատոր
1918 — Պոետն ու ընկած հոգին — Կրասով, գրող
1918 — Не та, так другая
1918 — Երջանկության կողքով — Ալեքսեյ, Վանդայի եղբայրը
1918 — Клятвой спаянные — Ների
1918 — Բժիշկ Կատցել — բժիշկ Կատցել
1918 — Երկու մայր
1922 — Բոսֆորի գաղտնիքը
1922 — Սիրային ողբերգություն Ստամբուլում
1923 — Աղջկա աշտարակի գաղտնիքը — Սամեդ խան
1953 — Մեծն զորավար Սկանդերբերգը — սուլթան Մուրադ II
1955 — Ուրվականները հեռանում են լեռներից — Դանիել-բեկ
1956 — Սիրտն է երգում — Գաբրիել աղա
1964 — Մսյո Ժակը և ուրիշները — Միհրան աղա
Երկեր
Գրքեր
Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1956, 464 էջ:
Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1957, 472 էջ:
Սրտիս պարտքը, Երևան, 1959, 176 էջ:
Իմ Օթելլոն, Երևան, 1964, 512 էջ:
Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1968, 436 էջ:
Անահիտ, Երևան, 1969, 96 էջ:
Լիր արքա, Երևան, 1971, 331 էջ:
Երկերի ժողովածու, հատ. 1. Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1979, 460 էջ:
Երկերի ժողովածու, հատ. 2. Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1981, 464 էջ:
Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երևան, 1982, 456 էջ:
Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1983, 408 էջ:
Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքա, Երևան, 1983, 384 էջ:
Թանձրացումներ, Երևան, 1988, 136 էջ: