«Բակից տուն գալիս սենյակի մեջտեղում ֆիսհարմոն տեսա» իր խոսքերն են:
Բայց ամբողջովին չես նվիրվի երաժշտությանը, ինչքան էլ նա ողջ էությունդ լինի: Պարզ է, որ համեմատաբար կպակասի ուշադրությունդ ասենք լեզվի ու մաթեմատիկայի, կամ մյուս առարկաների նկատմամբ:
Դա գուցե ուրիշների մոտ: Առնոյի մոտ՝ ոչ: Առնոն այդպիսին չէր. նա աշխատում էր ամեն ինչ լավ անել. սկսած ոչ երաժշտական դասերից, վերջացրած չարաճճիություններով:
Վկայում է «Պիոներ կանչը». «Առնոն ընդամենը 12 տարեկան է, կարմիր փողկապավոր աշխույժ պիոներ, սակայն արդեն շնորհալի դաշնակահար է համարվում…»
Թույլ չուներ, թուլություններ ուներ:
Հեծանիվ շատ էր սիրում: Սա թուլություն էր և հայրը գիտեր այդ մասին:
«Կարո՞ղ եք հիշել ձեր կյանքի ամենաերջանիկ օրը», մի հարցազրույցի ժամանակ կոմպոզիտորին հարցրել է լրագրող Յուրի Բելկինը: Կոմպոզիտորը որպես պատասխան վերհիշել է այն օրը, երբ հայրն իրեն հեծանիվ էր բերել:
․..Երեսնականների սկզբներ: Փորձիր ինչպես ասում են մարդավարի հագուստ-կապուստ ունենալ: Այդ հետագայի մասին է, որ Առնոն կասի. «Այ մարդ, լավ է: Շոպենի, Ռախմանինովի ժամանակ հեշտ էր, ոչ ժողով կար, ոչ նարդի: Կյանքն էլ էսքան հետաքրքիր չէր: Մարդը չի իմանում ինչ անի՝ գրի՞, թե՞ապրի»:
Այդ հետագայի այսօրվա մասին է: Իսկ երեսնականի սկզբին ապրելը հեշտ չէր: Ինչ մնաց հեծանիվ գնելուն, այն էլ՝ մանկավարժ ծնողների խնայողություններով:
«Իմ հիշողության մեջ այդ օրը ընդմիշտ անջնջելի հետք է թողել», կխոստովանի Բաբաջանյանը:
Հայրը նկատել է, որ հեծանիվ է սիրում: Հաճախ ընկերներին էր դիմում, ով ուներ.
«Տուր քշեմ, տուր քշեմ»: Մեկ-մեկ տալիս էին, մեկ էլ պատահում էր՝ չէին տալիս. «Զզվեցրիր, էլի»: Ինչո՞ւ «զզվեցրիր»: Եղածն ի՞նչ է. մի հեծանիվ ընդամենը: Տարեց ընթերցողը հարց կտա՝ ինչու այսքան մանրանալ: Բայց երբ մտնես նրա տասնամյա տարիքը. օ՜, այդ ժամանակ հեծանիվը մի ամբողջ ինքնաթիռ կարժենա կամ մի մեծ շոգենավ:
«Տուր քշեմ, տուր քշեմ»: Չեն տալիս: Հեծանիվը մի պատկառելի գումար արժե, բացի այդ, գտնելն էլ էր դժվար: Հայրը զոհողության է գնում: Տասնմեկամյա Առնոն հեծանիվ ունի, աշխարհի ամենալավ հեծանիվը, որ կարող է հիմա նստել, քշել, քշել, քշել: Եվ ցուցադրաբար՝ դե տեսեք, չէիք տալիս: Հիմա դուք կխնդրեք: Երբ դեռ չուներ, հազար ու մի երազանքներ էր հյուսում ունենալու շուրջը: Դեռ չէր եկել այն ժամանակը, երբ երգեր գրի, գնեն այդ երգերը ու ստացած գումարով հեծանիվ ձեռք բերի: Դա հետո է լինելու, ու հետո է լինելու, երբ թղթակիցը հիշատակելու է երգաստեղծ մի կոմպոզիտորի փակցրած կես-կատակ ցուցանակը իր ամառանոցի դռանը.
«Երգը մեզ օգնում է կառուցել և ապրել», իսկ ինքը՝ Առնոն՝ ասելու է, որ ինքը ամառանոց չունի, բայց երգն իրեն, իրոք, օգնում է ապրելու:
Բայց հիմա ետ դառնանք երեսնականի սկզբները: Հեծանիվը կար: Այն նվիրելով, հայրն ասաց.
— Ես գիտեմ, որ շատ ես ուզում քշել: Եվ ես չեմ կամենում, որ խնդրես մեկնումեկին, ստորանաս նրա առջև մի հեծանիվի պատճառով: Դա շատ վատ է. մուրալու հոգեբանություն ձեռք կբերես: Չէ՞ որ դու ուզում ես կոմպոզիտոր դառնալ. իսկ կոմպոզիտորի հոգին չպիտի մուրա, աղքատանա: Նա պիտի շռայլ լինի, բարի ու լայնահուն: Երբեք չնվաստանաս:
Առնոյի ամեն խոսք-զրույցում հոր մասին քնքշանք կար: «Հայրս ինձ լավ է դաստիարակել, շատ լավ», հաճախ էր կրկնում.
«Եղիր ազնիվ, արդարամիտ, բարի, համարձակ, ասում էր նա: Երբեք մի նախանձիր մարդկանց, Առնո, մի ուրախանա ուրիշի վշտով, մի ծիծաղիր ուրիշի դժբախտության վրա: Եվ այդ ժամանակ մարդկային երջանկությունը կայցելի քո տունը: Հիշիր այս մասին: Եվ երգիր դա քո երգերում»:
Հոր խոսքերը երբեք չէր մոռանում, երբ էլ լիներ, որտեղ էլ լիներ: Ինքն այդ խոսքերը փոխանցում էր ուրիշներին, որպես բարի ուսուցիչ, որ ժառանգել էր իր ուսուցիչ հորից, իր մյուս ուսուցիչներից, որոնք ժամանակի ու բոլոր ժամանակների նշանավոր երաժիշտներ էին ու կան:
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
(Նկարում՝ Պատանի Առնոն ծնողների հետ)