Սուրեն Բենիամինի Նազարյան (1929, հուլիսի 30, Երևան — 1999, հունվարի 15, ԱՄՆ, Լոս Անջելես), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1980)։
Քանդակագործ Արշակ և պետական գործիչ Արա Նազարյանների հայրն է։
Կենսագրություն
1947-1951 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործություն բաժինը, ուր դասավանդել է 1969-1974 թվականներին, (1957-1973 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում)։ Նա կրթել և իր փորձն է փոխանցել տաղանդավոր արվեստագետների մի քանի սերունդների՝ Երվանդ Գոջաբաշյան, Արա Շիրազ, Յուրի Պետրոսյան և ուրիշներ։
Ստեղծագործական գործունեություն
1957 թվականին ուսումն ավարտելուց հետո մասնակցել է հանրապետական և համամիութենական բազմաթիվ ցուցահանդեսների՝ ստեղծելով թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, որոնցից «Քաղաքական բանտարկյալներ» անվանումը կրող բազմաֆիգուր կոմպոզիցիան 1959 թվականին մշտական ցուցադրության է դրվում Երևանի Հեղափոխության թանգարանում։
Վազգեն Առաջինի պատվերով իրականացնում է «Հայկական եկեղեցիներ» հարթաքանդակների շարքն ամենայն հայոց կաթողիկոսի վեհարանում։ Սուրեն Նազարյանը իրեն դրսևորելով մոնումենտալ քանդակագործության ասպարեզում՝ դառնում է մի շարք բարձրարվեստ հուշարձանների հեղինակ։
Սուրեն Նազարյանը մոնումենտալ քանդակագործության լավագույն վարպետներից է։ Կերպարի ճշմարտացի մեկնաբանմանը Սուրեն Նազարյանը հասնում է առաջին հերթին անհատական վառ երևակայության և բարձր վարպետության շնորհիվ։
Սիմվոլիկ արտահայտչաձևերը, ծավալները, Նազարյանին հատուկ մոնումենտալ ընդհանրացումները, ընդգծված ներքին դինամիզմը նրա ստեղծագործությունները դարձնում են տպավորիչ և անկրկնելի։
Սուրեն Նազարյանին նվիրված հուշաքար համանուն զբոսայգում
Սուրեն Նազարյանի հուշաքարը, գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում, Վահրամ Փափազյան փողոցում, որտեղ 1969-1991 թթ. ապրել և ստեղծագործել է ժողովրդական նկարիչը
Լավագույն աշխատանքներից են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասենյակի քանդակազարդ ձևավորումները (1964, ֆելզիտ, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), Ֆրիկի հուշարձանը Մատենադարանի առջև (բազալտ, 1967), «Բերքի տոն» (բրոնզ, 1967), Չարենցավան քաղաքի մուտքի հուշակոթողը (կոփածո պղինձ, ֆիլզիտ, 1970, համահեղինակ է Թերեզա Միրզոյան), Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Ղազախստանի Տեմիրթաու քաղաքում (կոփածո պղինձ, 1974), Գայի հուշարձանը Երևանում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1977, ճարտարապետ Սարգիս Գուրզադյան), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի հուշահամալիրը Սանահինում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1982, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան), Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակի կոթողն ու քանդակաշարը (1985, բրոնզ, գրանիտ, բազալտ, ճարտ ՝ Գարրի Ռաշիդյան, Երևան), «Ավետում» հարթաքանդակը (1986, տուֆ, ճարտ.՝ Գարրի Ռաշիդյան, Էջմիածնի կենտրոնական փոստատուն), «Թռիչք» բարձրաքանդակային պաննոն (1987, տուֆ, Սամարայի մետրոպոլիտենի «Պոլյոտ» կայարան)։
1961 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Ստեղծագործել է նաև հաստոցային քանդակագործության բնագավառում, հեղինակ է մի շարք դիմաքանդակների՝ «Վիլյամ Շեքսպիր» (1985, մարմար, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն), «Ջուզեպպե Վերդի» (1986, բրոնզ, Անդրկովկասյան բիենալեի արծաթե մեդալ՝ 1986, Թբիլիսի, ՀՀ մշակույթի նախարարության սեփականություն)։
Սուրեն Նազարյանը երկար տարիներ աշխատելով ՀԽՍՀ նկարիչների միության վարչությունում՝ զբաղեցրել է նկարիչների միության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է գեղարվեստական խորհուրդը։
Պարգևատրվել է կառավարական պարգևներով, որոնցից են՝ «Քաջարի Աշխատանքի համար» մեդալը (1970), Գերագույն Խորհրդի նախագահի պատվոգիրը (1981)։ Արժանացել է Արվեստի վաստակավոր գործչի, հետագայում ՀՀ ժողովրդական նկարչի կոչումներին։
Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ԱՄՆ-ում՝ մեծ փափագ ունենալով իրականացնել 1988 թվականին մրցանակաբաշխությամբ շահած Երևանի Հանրապետության հրապարակի թանգարանային շենքի քանդակային ձևավորման նախագիծը։
1992 թվականից ստեղծագործել է Լոս Անջելեսում։
Հիշատակ
Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածի Գայի պողոտային հարող Գայի ձիարձանի հուշահամալիրի հատվածի այգին անվանվել է Սուրեն Նազարյանի անունով։
Մեջբերումներ Սուրեն Նազարյանի մասին
Սիրելի Սուրիկ, ինձ համար միշտ էլ թանկ են եղել քո մարդկային բացառիկ արժեքները՝ նաև զգացմունքներով խորունկ, համոզմունքներով աներեր, նվիրվածության մեջ անձնուրաց։ Քո տարիների տքնանքն ու ստեղծագործական ողջ երևակայությունը՝ մարմնավորված մեր ազնիվ բազալտով ու ձուլածո բրոնզով, կմնան որպես մնայուն արժեքներ գալիք ժամանակների համար… — Գրիգոր Գուրզադյան
Վիշապասպանը
Խաղաղություն