Բանաստեղծուհին «Հայացք Երևանից» հանդեսի խմբագրություն էր ուղարկել գրողների համագումարում իր արտասանած ելույթը: Աշխատակազմում վեճ առաջացավ` նյութը խմբագրե՞լ, թե պարզապես նշել, որ դա եղել է բանավոր խոսք, արդեն այդ ձևով հնչել է, հետևաբար շտկումների կարիք չկա:
Այդուհանդերձ կային լեզվական որոշակի խեղումներ, որոնք թերևս շտապողականության հետևանք էին: Որովհետև ում հայտնի չէ, թե որքան բազմագույն, հարուստ ու թրթռուն էր մեծ գրողի լեզուն: Ես հիմա էլ հիացմունքով եմ կարդում նրա ճամփորդական նոթերը ու ինչ մեղքս թաքցնեմ` ամեն անգամ նախանձում եմ:
Բայց ահա սխալներ, որոնք ում ասես կարող էին հատուկ լինել, միայն թե` ոչ Կապուտիկյանին: Ինչևէ, որոշվեց, որ այդ ելույթը պետք է լույս տեսնի որպես հրապարակախոսական հոդված, հետևաբար խմբագրել պետք է: Ես աշխատեցի ամենայն զգուշությամբ և ամսագրային տարբերակը գրողին ուղարկեցի ներքին մեծ տագնապով: Անշուշտ միշտ էլ կարելի է հեղինակի խոսքն ուղղակիորեն տպել` անհրաժեշտ ծանուցում անելով, բայց ինձ հետաքրքրում էր նաև արածիս գնահատականը:
Դա չուշացավ, Սիլվա Կապուտիկյանը զանգահարեց, բայց անմիջապես հարցրեց, թե արդյոք Արտաշես Փալանդուզյանի հետ որևէ առնչություն ունե՞մ: Պատասխանս իմանալով, ոգևորվեց ու սկսեց… ով զարմանք, արդարանալ, թե ինչու էին ելույթում կասկած հարուցող կետեր հայտնվել: Դա նշանակում էր, որ ուղղումները տեղին էին, և ինքը դրանք ընդունում է: Ես գոհ էի և շատ ուրախ:
Չընդունեց միայն «նյութել» բառի բացատրությունս: Ասաց, որ դա իր համար նշանակում է ստեղծագործել: Առարկեցի` իմաստափոխություն է կատարվել, նյութել ասելով հիմա հասկանում ենք հերյուրելը, դավելը: Իսպառ մերժեց: Խոսքի կախարդին պետք էր միայն ենթարկվել, նա դա էր ընդունում, այդպես էր իր ընկալումը: Խոսակցության ընթացքում հանկարծ հիշեց` դուք այն ռադիոլրագրողը չե՞ք, որ անհուսության տարիներին եթերից հույս էր սփռում: Իրոք, հետանկախական սոսկալի տարիներին մի փոքրիկ խմբով, մեզ հալածանքի թիրախ դարձրած`փորձում էինք հայաստանցիներին մի քիչ հույս ներարկել: Ուրախացա, որ մեծ գրողը մեր ունկնդիրներից է եղել:
Դժբախտաբար մեր ծանոթությունը միայն հեռախոսային շարունակություն ունեցավ, նա հաճախ էր զանգում, հետևում էր մեր հրապարակումներին և առանց այլևայլության հայտնում իր հատու կարծիքը: Որոշ հարցերում վերապահումներ էր ունենում, դրանք հիմնականում վերաբերում էին սփյուռքի հանդեպ հայաստանցիներիս «թյուր վերաբերմունքին», բայց ամսագրի լեզվական մակարդակը նրան միշտ գոհացնում էր:
Ես էլ առանց կաշկանդումների իր գրքերի մասին իմ անկեղծ տպավորություններն էի փոխանցում: Սփյուռքի բոլոր հորիզոնականները նվաճած մտավորականն ինչպես էր հրճվում, խոսակցությունը ձգում, որպեսզի իր երկրպագու-քննադատից ևս մեկ նրբերանգ ստանա:
Իմ հրապարակախոսական հոդվածների ու ակնարկների առնչությամբ մի քանի անգամ նույն բանն է ասել` գեղարվեստական արձակով զբաղվիր, դա է քո ճակատագիրը: Ինչ մեծ ցավ է` չեմ կարող նրան ասել, որ իր գուշակությունը կատարվել է և անգամ ինչ-որ դերակատարում ունեցել: Բարեբաստի՛կ դերակատարում:
«Լրագրության աստիճանները» անտիպ գրքից
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
Աղբյուր՝ Մագաղաթ․am: