Խորանաշատ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի արևմտահայաց լանջին։

Պատմություն
Հիմնել է Վանական Վարդապետը (1181-1251 թվականներ) 13-րդ դարի սկզբներին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։
Անվան ծագում
Վանքի անվան հետ կապված տարբեր աղբյուրներում կան տարբեր վարկածներ.
1. Որոշները կապում են վանքի գլխավոր եկեղեցու ավագ խորանի բազմախորշ կիսաբոլորակ պատի հետ:
2. Որոշներն էլ կապում են անվան ծագումը վանքի մերձակայքում եղած բազում եկեղեցիներից:
Ճարտարապետություն
Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է.
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Կիրակի եկեղեցի
Սուրբ Ճգնավոր եկեղեցի
Գավիթ
Օժանդակ շինություններ

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Համալիրի գլխավոր շինությունն է: Ունի իշխող դիրք հուշարձանախմբի և շրջակա միջավայրի վրա: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին: Արտաքինից ուղղանկյուն ( 12.7 մ x 11 մ), ներքուստ խաչաձև հատակագծով, բեմի երկու կողմերում կրկնհարկ ավանդատներով կառույց է:
Եկեղեցու հիմնադրման ժամանակի մասին մատենագրական և վիմագրական աղբյուրներում ոչինչ չկա: Համաձայն եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասի արձանագրության, մուտքը կառուցել է ոմն Սերոբի հովանավորությամբ՝ 1211 թվականին: Շինարարական մյուս վիմագրերը վերաբերվում են 1216 և 1220 թվականներին, որտեղ ասվում էր, որ Վահրամ Կանաչոզեցիի և Ավելդատ Սրտժեցիի միջոցներով կառուցվել է եկեղեցու երկու ավանդատները: Ելնելով այն հանգամանքից, որ վանքի մուտքը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ, ինչպես նաև եկեղեցու բարդ ճարտարապետությունը հաշվի առնելով, ենթադրվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1211 թվականին:
Կառուցումը ավարտվել է ամենաուշը 1221 թվականին, քանի որ 1222 թվականից սկսվել է գավթի շինարարությունը:
Եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի արևմտյան կողմերից դուրս են ընկած նիստավոր որմնամույթերը, որոնք ավարտվում են բարգ տրամատի խոյակներով: Խոյակների շարունակությունը կազմող հորիզոնական գոտիները թաղերն անժրպետում են ուղղահայաց պատերից, իսկ ավագ խորանի կիսագլանաձև մակերևույթը՝ գմբեթարդից: Որմնամույթերը միմյանց հետ հաջորդաբար կապված ենկիսաշրջանագծային կրկնակի կամարներով, որոնց ստեղծածքառակուսի հիմքից առագաստային փոխանցումների միջոցով բարձրանում է բոլորաձև կտրվածքով թմբուկը: Թմբուկի ստորին մասը ընդգծված է նկարվածքի գոտիով:
Եկեղեցու ներքին տարածությանը բարձր գեղարվեստական արտահայտչություն է հաղորդում ավագ խորանի կիսաբոլորակ պատի հարդարանքը: Հարդարանքի ստորին մասին խորանիկներ հիշեցնող մշակումների շարք է (12 խորանիկ): Խորանիկները միմյանցից բաժանված են զույգ կիսասյուներով, որոնք կապված են որմնակամարներով: Որմնակամարները խորանիկներին տալիս ենկամարակապ վերջավորություններ՝ միաժամանակ պարփակելով դրանց շթաքարային ավարտամասերը: Դրանք պսակված են գլանիկային ձևափոխումներով նկարված անկյունակների անընդհատ շղթայով: Եկեղեցու բեմի ճակատային հարթությունը մշակված է եղել քառաթև սրածայր վեցանկյունների և քառակուսի քարերի որոշակի համադրությամբ ընդելուզումներով: Քարերն ունեն տարբեր երանգավորումներ: Արևմտյան մեծ թաղի կենտրոնական մասում, որպես հանգուցաքարեր, ագուցված են 4 զույգ կեռխաչեր, որոնք տեղադրված են երկու շարքով:Նրանք ունեն կոնստրուկտիվ նշանակություն:
Եկեղեցու ներքին տարածքը լուսավորվում է 12 պատուհանով, որոնցից ավագ խորանի մեջ բացվողը զույգ է, իսկ որմնամույթերով պարփակված արևմտյան մասերին՝ շրջանաձև: Լուսամուտներից վեցը գտնվում է թմբուկի վրա: Ունեն հետաքրքիր դասավորություն՝ երկրի հիմնական առանցքների նկատմամբ մոտ 0.5 մ տեղաշարժված են հարավ-արևելք ուղղությամբ: Լուսամուտներն արևի նկատմամբ ավելի նպաստավոր դիրք են ստացել՝ ապահովելով լույսի առավել ներթափանցումը եկեղեցի:
Եկեղեցին արտաքինից առանձնանում է ճարտարապետական հստակ լուծումներով և հարդարանքային ինքնատիպ միջոցներով: Բացի արևմտյան ճակատից, մնացած ճակատներում այն ունի երկուական խործեր: Դրանք ունեն միատեսակ աստիճանաձև անցումներով կտրվածք: Արտաքին պատերով շուրջ բոլորն անցնում է բարդ տրամատի անընդհատ գոտի, որը զանազան ձևափոխումներովխորշերի համար ծառայում է որպես կիսաշրջան պսակներ, իսկ ճակատների կենտրոնական մասերում վեր է ածվում խոշորաչափ, տարբեր նկարվածքներով խաչերի: Գոտին ծառայում է նաև միաթեք լանշերի համար, որպես քիվ:
Արևելյան ճակատի զույգ լուսամուտից վերև, որն ունի շքեղ երեսկալ, խաչի ստորին թևի կիսաշրջանաձև հիմքի մեջ ներկայացված է ճանկերով որս բռնած թևատարած արծվի պատկերաքանդակ: Այն համարվում է Վահրամյանների իշխանության տոհմական զինանշան:
Ճակատներից նշված գոտիով կազմաորված խաչերից արևելյանն ուղղաթև է, իսկ հյուսիսայինը և արևմտյանը՝ գեղարդաձև, որոնք ընկալվում են որպես յուրատեսակ ծաղկապատկերներ: Ճակատների լուսամուտներն ունեն գոտու տրամատը հիշեցնող ուղղանկյուն շրջանակներով երեսակալներ և հիշյալ խաչպատկերների հետ գտնվում են հորինվածքային փոխկապվածության մեջ:
Մուտքերն ունեն միանման հորինվածք: Արտաքուստ դրանք եզերված են ուղղանկյուն քանդակազարդ շրջանակներով, իսկ բուն բացվածքները՝ նուրբ կիսասյուներով: Բարավորները հարդարված են հյուսիսայինում՝ քառաթև և շեղաթև, իսկ արևմտյանում՝ վեցաթև աստղերի տեսքով՝ պահպանելով գունային ընտրությունը: Թմբուկը շրջառում են բարդ տրամատի եզրավորումներով 12 որմնակամարներ, որոնցում մեկումեջ բացված են նեղ պատուհանները: Մյուս այդպիսի հարադարանք ունեցող հուշարձաններից (Մակարավանք, Գեղարդի վանք, Տիգրան Հոնենց և այլն) տարբերվում է որմնակամարների խորաքանդակ ձևի ընտրությամբ, որի շնորհիվ գմբեթի զանգվածը զգալիորեն փոքրացել է: Թմբուկը համաչափ կառուցվածքով և ճարտարապետական հարդարանքով համահնչուն է շինության մյուս ծավալների հետ:
Սուրբ Կիրակի եկեղեցի
Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 4 մ հարավ: Ուղղանկյուն հատակագծով (արտաքինից՝ 4.3 մ x 3 մ), գմբեթավոր կառույց է: Նրա կառուցման վերաբերյալ տեղեկատվություն ներ չեն պահպանվել: Այն կառուցվել է 13-րդ դարում: Համաձայն Կիրակոս Գանձակեցու՝ գավիթն կառուցվել է «ի դուռն մեծ եկեղեցւոյն», այսինքն այդ ժամանակ եղել է նաև փոքր եկեղեցին:
Ներքուստ եկեղեցու չորս անկյուններով բարձրանում են զույգ որմնասյուներ, որոնցից ձգվող կամարներին առագաստային փոխանցումների օգնությամբ հենված է գլանաձև թմբուկը: Արտաքին շարվածքի սրբատաշ քարերի մեծ մասամբ բացակայում են: Պահպանված մասերը հնարավորություն են ընձեռում վերականգնել նրա ճակատների ճարտարապետական տեսքը: Ճակտոններն ու միաթեք լանջեր ունեցող պատերից արևմտյան հատվածում գտնվում է ուղղանկյուն շրջանակով և քանդակազարդ երեսակալով շքամուտքը: Մնացած ճակատներում միացած են լուսամուտների ուղղանկյուն շրջանակներին: Հյուսիսային ճակատում լուսամուտների բացակայությամբ պայմանավորված, կիսասյուներն ավարտվում են ուղղաթև խաչով, որին նախորդում է կորաթև խաչպատկերը: Ճակատների եզրերով բարձրանում են միայնակ կիսասյուները: Որմնակամարները միմյանց հետ կապված են են ոչ թե նույն, այլ հարակից ճակատների համապատասխան անկյունների մոտ գտնվող կիսասյուների հետ:
Սուրբ Կիրակի եկեղեցին տեղադրված է բարդ կտրվածքի բարձր գետնախարիսխի վրա:
Սուրբ Ճգնավոր եկեղեցի
Գտնվում է պարսպից մոտ 150 մ արևելյան ուղղությամբ: Ներկայումս կիսավեր վիճակում է: Պահպանված բեկորները ցույց են տալիս, որ եկեղեցին իր հատակագծային (արտաքինից՝ 4.7 մ x 3.4 մ) և ծավալատարածական հորինվածքով նման է եղել Սուրբ Կիրակի եկեղեցուն: Նրա շրջակայքում պահպանվել են մի շարք տապանաքարեր: Հնարավոր է, որ այնտեղ եղել է գերեզմանոց:
Եկեղեցու հարդարանքները կենտրոնացված են եղել լուսամուտների և արևմտյան կողմում գտնվող մուտքի մոտ: Գմբեթը ունեցել է չորս փոխանցման առագաստներ, որոնցից յուրաքանչյուրի վրա բարձրաքանդակային ոճով պատկերված են մեկական մարդկային դեմք: Բեմի ճակատային հարթույունը մշակված է եղել հյուսածո զարդաձևերով: Արտաքինից լուսամուտների վերևներում տեղադրվել են զույգ գլանիկներից կազմված խաչեր, որոնց թևերը ավարտվել են շեղ գրբված քառակուսիներով:
Մի քանի մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք, ընկած է խոշորաչափ թևերով մի խաչքար, որն ամրացված է եղել պատվանդանին: Երկարությունը կազմել է 3 մ: Այն կանգնեցվել է Վանական Վարդապետի գերեզմանին:
Ներկայումս եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ականապատ տարածքում:
Գավիթ

Խորանաշատի գավիթը ներսից
Գավիթը կից է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին և պատկանում է կենտրոնական հորինվածքով 4 սյունանի գավիթների տիպին:
Ուղղանկյուն հատակագծով (16.8 մ x 16 մ), արևելյան կողմում տեղադրված երկու կրկնհարկ ավանդատներով, արտաքուստ ճակտոններով լուծված կառույց է: Գավթի կառուցումը սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից ամիջապես հետո: Այդ մասին գավթի առաջին հարկի ավանդատների բարավորներին պահպանվել են 1222 թվականին փորագրված վիմագիր արձանագրություններ, որոնցից հարավ-արևելյան ավանդատան բարավորի արձանագրությունը շինարարական է.
«ԵՍ ՍԱԻՂՈՄՈՆ ՄԻԱԲԱՆԵՑԱ Ի ՎԱՆՍ ԽՈՐԱՆԱՇԱՏՈ ԵՒ ԵՏՈՒ ԶԾԱԽՍ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԽՈՐԱՆԻՍ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՀԱՍՏԱՏԵՑ Բ ԺԱՄ Ի ՏԱԻՆԻ ԱՌԱՔԵԼՈՑՆ ՊԱԻՂՈՍԻ ՈՀԱ»:
Գավթի շինարարությունը ընդհատումներով շարունակվում է մինչև 1251 թվականը:
Կենտրոնական մասում գտնվում են 4 միակտոր սյուներ, որոնք միմյանց և հանդիպակաց որմնասյուների հետ կապված են կամարներով: Վերջինների վրա հենված են ծածկի թաղերը և երդիկային բացվածքով կենտրոնական ծածկը: Սյուներից արևմտյան երկուսը փնջաձև են, ունեն վեցական կիսասյուներ: Ավանդատների մոտ՝ եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում, տեղադրված են երկու բարձր պատվանդաններ: Դրանք նախատեսված են երկրորդ հարկի ավանդատներ բարձրանալու համար:
Ներքուստ արևմտյան պատը եկեղեցու ավագ խորանի օրինակով պատված է 12 գեղակերտ խորշերով՝ վեցը մուտքից աւ, մյուս վեցը՝ ձախ: Դրանք գետնահար, շթաքարերով ավարտված ավարտված և գլանիկավոր շրջանակներով եզերված՝ վերևում կամարային անցումներով, եկեղեցու համանման տարրեր հիշեցնող խորանաձև կերտվածքներ են:
Մուտքի բարավորին պատկերված է հավերժության նշանը:
Առանձնահատուկ է գավթի կենտրոնական մասի ծածկը: Կամարների ստեղծած քառակուսի հիմքը վահանաձև առագաստների միջոցով վեր է ածված 12-կողանի բազմանկյան, որն իր հերթին եռանկյունաձև և սեղանաձև քարերի դասավորությամբ վերնամասում դառնում է 24-կողանի հիմք: Վերջինիս յուրաքանչյուր 4 կողը դուրս են շեշտված շթաքարային հարդարանքով եռանկյունաձև հենարաններ, որոնց վրայից սկզբնավորվող զույգ կամարները փոխհատվելով՝ ստեղծում են վեցանկյուն բացվածքով երդիկը: Այն ապահովում է կոնստրուկտիվ կայունություն գավթին:
Արտաքուստ գավիթը մշակված է ուրույն հարդարանքային ձևերով, որոնք գլխավորապես բաշխված են արևմտյան ճակատի կենտրոնական ուղղահայաց առանցքի շուրջը: Արևմտյան ճակատի շքամուտքն իր հորինվածքով և քանդակային հարդարանքով եզակի է: Այն եզրավորված է որմնակամարային ավարտվածք ունեցող զույգ գլանիկներով իրականացված երեսակալով: Միակտոր սպիտակ քարե բարավորի երկկենտրոն կորվածքը ընդգծված է կանաչավուն, երկշերտ շթաքարային փորվածքներով: Մուտքի բուն բացվածքի եզրերում տեղադրված են բարակիրան զույգ որմնասյուներ, որոնք խոյակների փոխարեն պսակված են առյուծի և եզան ծավալաքանդակներով: Այս երկու պատկերաքանդակները բարավորի համար հենարաններ են
Արևմտյան ճակատի հարդարանքը լրացված է շքամուտքից վերև համաչափ տեղադրված միանման բարձրաքանդակ կորաթև խաչպատկերներով և երկու խաչքարերով: Գավթի ծավալատարածական հորինվածքն ավարտվում է կենտրոնական մասում տեղադրված ութանիստ թմբուկով և այն պսակող երդիկային բացվածքով վեղարաձև ծածկով:
Պարիսպ
Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի եկեղեցիները, ինչպես նաև գավիթը շրջապատված են կոպտատաշ քարերով առանց շաղախի շարված պարսպապատերով: