«Ես կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն»,- իր մասին ասել է դերասանը:
Կարպ Խաչվանքյան (հունվարի 23, 1923, Ախալցխա, Վրաստան — նոյեմբերի 23, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957): Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։
Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։
1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Դերերը
> Բոնի՝ «Սիլվա»
> Վալի՝ «Աշուղ Մուրադ»
> Գուրգեն — «Աղբյուրի մոտ»
> Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »
> Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
> Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »
> Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
>Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»
> Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»
> Միշա՝ «Սիրո հովիտ»
> Սկապեն՝ «Սկապենի արարքները»
> Սիրական՝ «Սոֆիկի սխալը»
> Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»
> Ղարա՝ «Կապկազ թամաշա»
> Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»
> Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»
> Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»
> Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»
> Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»
> Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»
> Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»
> Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»
> Պետիկ՝ «Երազիկ»
> Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»
> Բապս՝ «Չառլեի մորաքույրը»
Ֆիլմագրություն
> 1983 — Տաքսի-տաքսի (ֆիլմ-բեմադրություն) — Կնյազ
> 1981 — Ատամնաբույժն արևելյան — Նիկո
> 1963 — Ճանապարհ դեպի կրկես — Աշոտ
> 1956 — Պատվի համար — Սուրեն Էլիզբարով
> 1949 — Արարատյան դաշտի աղջիկը — Գրիգոր