Մեզանից շատերը, շատ-շատերը մինչեւ հիմա էլ ու հավիտյան այն կարծիքին են լինելու, թե քսանհինգ տարի եթե անգամ առաջընթաց չենք արել — 250 միլիոն մարդու ամբողջ քառորդ դար կառավարել ենք, հանրության մեջ ենք պահել, այլապես նրանք չէին կառավարելու, այլապես ցրիվ էին գալու. «Հաջի Մուրադի» իմպերատորին հիշո՞ւմ եք. «Դա, չտո բը բըլա բեզ մենյա Ռոսսիյա: Դա, չտո բը բըլա բեզ մենյա նե Ռոսսիյա օդնա, ա Եվրոպա». «Իսկ ինչ կլիներ այդ 250 միլիոնը առանց մեզ», «Կկործանվեին առանց հանրության», «Համայնքից դուրս` կկորչեին», «Նրանք ինչ կլինեին առանց մեզ»: — Այս մենք ենք ասում իմպերատորի հանգով, չնայած բոլորովին էլ իմպերատոր չենք:
Առանց մեզ դե այն կանեին, որ առանց մեզ կլինեին, ուրիշ ինչ էին անելու: Մեր ձեռքը կկտրեի՛ն, մեզ թո՛ւյլ չէին տա իրենց ունեցվածքն ու կյանքերը տասնյակ ու տասնյակ միլիոններով այդպես արքայաբար շռայլելու, ինչպես որ միշտ ու հիմա ենք շռայլում: Իրենց 250 միլիոն կամքով ու կարողությամբ կխուզարկեին տնտեսության, գիտության, հասարակագիտության բոլոր ծակուծուկերը, եւ հրապարակում այսօր 250 միլիոն մարդու միտք ու գործ կունենայինք եւ ոչ թե մտքի ու գործի այն սուր պակասը, որ այսօր մեզ շնչահեղձ է անում:
Ինձ համար հիմա դժվար է «անազնվություն» ու «շահախնդրություն» բառերից հետո դեռ «դավաճանություն» էլ ասել, բայց այդպես եղավ. սերունդը դավաճանեց գրականության շահին, գրականության շահը ստորադասեց իր ազգային, դասային, ռեգիոնալ շահերին, գրականությունը ծառայեցրեց որպես թե ավելի բարձր նպատակների, օրենսդիր մարմնից կատարածու մարմին դարձրեց գրականությունը եւ չարաչար պատժվեց — գրականությունը որպես այդպիսին դադարեց գոյելուց: Դա մեղք է, որ չի ներվում անգամ Շեքսպիրին եւ անգամ իրեն Աստծուն չի ներվում, ապա մի հիշենք, թե մեզ ինչ խորթություն է պատում, Աստված ինչքան է հեռանում մեզնից, երբ Քրիստոսի կերպարի ետեւից երբեմն հրեա է նայում: Դա մեղք է ճշմարտության առջեւ, եւ մեղքերի մեր բաժինները ուղիղ համեմատական են սովետական ասված մեր բազմազգ-բազմալեզու գրականության մեջ մեր գրականությունների ներդրումներին:
Անհեթեթ է, չէ՞, մեր ամենամերձավորներին ցանկացանք ամենաանմիջական օգնություն ցույց տալ, բայց անցել է ընդամենը մի երեսուն տարի, եւ երկրի կյանքն այսօր մեր գլուխների վրայով օգնություն է վերցնում հեռավոր քսանական թվականների եւ ավելի հեռավոր ժամանակների ու երկրների ու լեզուների գրականություններից: Մեզնից ի՞նչ է մնացած լինելու մի հիսուն կամ հարյուր տարի հետո:
Ասում եք` արդեն ժամանակն է, որ գրականությունն իրեն թարմացներ նոր բերաններով, հրապարակում նոր տղաների ու աղջիկների փաղանգներ լինեին: Ասում եք` չկան: Աստված չաներ: Եթե նույնիսկ այդպես է, չպետք է հավատալ, փաստը չպիտի ընդունել, պետք է փոքրիշատե օժտված մինչ հիսուն հոգու վրա մի հինգ տարով ծախս դնել, ազատել նրանց աղքատության ճիրաններից` որ մեր երիտասարդությունը քիչ չծվատեց, եւ ստույգ արդյունքի սպասել: Նորերի բացակայությունը գրականության մահ կնշանակեր — ոչ միայն ժողովրդական կենդանի ձգտումների ու ինքնանորոգման հավերժական ճիգի մահ, այլեւ վերջ դասական ամբողջ ժառանգության, քանզի դասական անմահությունը միայն նորերն են ապահովում: Առանց նորերի` առանց Լիխաչովի, Տարկովսկու, Սեւակի, Վիսոցկու, Շուկշինի… դասականը փառահեղ, բայց միայն պանթեոն էր լինելու: Սարյանն իր շքեղ մեծությամբ երեւաց մեր տասական թվականներին` երբ բացահայտեց արեւելքն ու արեւելքի արվեստը, եւ մեկ էլ` վաթսունական թվականներին` երբ ցուցասրահները Մինասինն էին: Մինասը Սարյանին ոչ միայն ծնունդ, այլեւ վերածնող դարձավ, առանց Մինասի ու Հակոբ Հակոբյանի Սարյանը մեռյալ կուռք է լինելու: Նույնը Թումանյանի ու սերնդի մասին, որ արթնացրին միջնադարյան ամբողջ հայ պոեզիան` էպոսից ու Նարեկացուց մինչեւ Սայաթ-Նովա:
Այդ նորերը, որ պիտի լինեին ու չկան, երեւի թե «վաթսունականների» գործը բավարար են համարում: Եթե այդպես է` ավելի լավ է չգան եւ լավ են անում` որ չեն գալիս: Իսկ եթե այնուամենայնիվ գալու են, թող սկսեն այնտեղից, որտեղից մենք վեհերոտ եղանք ու կանգ առանք. թող այդ առնվազն 250 միլիոն կյանքերի հավասար ընկերությունը փնտրեն եւ ոչ երբեք ենթակայությունը կամ իշխանությունը: