Մի օր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան այցելեց հայտնի իտալացի գրող ու կինոդրամատուրգ Տոնինո Գուերան ու այսպիսի գրառում թողեց հուշամատյանում. «Լինել Հայաստանում ու չայցելել Սարյանի թանգարան, նշանակում է զրկել քեզ տիեզերական լույսից: Շնորհակալ եմ մաեստրո Սարյանին, որ նա իմ մեջ այսօր կրկին ապրելու ցանկություն արթնացրեց»:
Ռուզաննա Սարյան (Մարտիրոս Սարյանի թոռնուհին)
Մարտիրոս Սարյանը յոթերորդ երեխան էր ընտանիքում, նա ակտիվ էր ու ժիր: Սարյանի մանկությունն անցել է Սամբեկ գետի ափին` Մերձազովյան տափաստանի խրճիթներից մեկում: Նրա սերը բնության հանդեպ սկիզբ առավ դեռ այն ժամանակվանից, երբ նա առաջին անգամ տեսավ տափաստանի վրա տարածված երկնքի կապույտը, լուսինն ու աստղերը, երբ վազում էր թիթեռների հետևից` կարծելով, որ դրանք թռչող ծաղիկներ են: Սա այն հեքիաթն էր, որում նա ապրում էր մանուկ հասակում, և որը հետագայում իր արտացոլումը գտավ նրա վաղ ժամանակաշրջանի ստեղծագործության մեջ` «Հեքիաթներ և երազներ» շարքում:
Սարյանների ընտանիքում մեծ հարգանքով էին վերաբերվում մեծերին, ծնողներին: Երեխաների մեջ դաստիարակում էին հարգանք աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ: Սարյանն այս ավանդույթները տեղափոխեց նաև իր ընտանիք: Նա կարծում էր, որ հենց աշխատանքով մարդը կարող է հաղթահարել կյանքի դժվարությունները:
Սարյանն ավարտեց Նոր Նախիջևանի հայ-ռուսական ուսումնարանը: Դեռ դպրոցում նա նկարչության դասեր էր վերցնում Բախմուտսկի ազգանունով ուսուցչի մոտ, աշխարհագրության դասերին սիրում էր քարտեզը գունավորել: Ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատանքի ընդունվեց ամսագրերի ու թերթերի բաժանորդագրության գրասենյակ: Ազատ ժամանակ նա նկարում էր իրենց գրասենյակի այցելուներին: Շատերը դեռ այն ժամանակ էին հիանում նրա տաղանդով ու նրա համար նկարչի ապագա կանխատեսում:
Մեկ տարի անց նրա ավագ եղբայր Հովհաննեսը 16 տարեկան Մարտիրոսին ուղարկեց Մոսկվա` կրթություն ստանալու: Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարան: Ընտանիքում ոչ բոլորն էին ողջունում այս որոշումը, կասկածներ ուներ նույնիսկ մայրը: Ինչպե՞ս է որդին մի կտոր հացի փող վաստակելու և ընտանիք պահելու: Չէ՞ որ այն մասնագիտությունից, որը նա ընտրել է, մայրն այնքան էլ չէր հասկանում: Ի՞նչ է նշանակում նկարիչ… Այն էլ ազատ…
Սակայն Մարտիրոսը գերազանցեց բոլոր սպասումներն ու մեծ նկարիչ դարձավ` այդպիսով հայտնի դարձնելով իր ամբողջ տոհմը:
Նկարչի մուսան
Ջանալով օգնել Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից փրկված իր հայրենակիցներին` Սարյանը գնում է Էջմիածին: Այն, ինչ նա տեսնում է այնտեղ, նրան հուսահատության է մատնում: Մոսկվայի հայ համայնքի ուժերով հավաքած դեղերի ու գումարի տեսքով օգնությունը, որ նա բերել էր իր հետ, մի կաթիլ սփոփանք էր վշտի ծովում: Մտահոգվելով Սարյանի հոգեկան առողջության մասին` ընկերներն ուղարկում են նրան Թիֆլիս:
Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրը` Լուսիկ Աղայանն էր: Նա սիրահարվեց աղջկան առաջին հայացքից։ Նա Մարտիրոսի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում:
Նկարիչների շարքում Սարյանը միամուսնության բացառիկ օրինակ է: Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս:
Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում էր նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել, անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:
Հայրն ու երեխաները
Սարյանը երկու որդի ուներ` ավագը` Սարգիսը (Սարիկ) և կրտսերը` Ղազարոսը (Զարիկ): Կնոջն ուղղված նամակներում, երբ երեխաները դեռ փոքր էին, Սարյանը գրում էր. «Երեխաների վրա մի’ բղավիր, մի’ պատժիր նրանց, համբերատար եղիր: Նրանք առավոտյան պետք է մարզանք անեն: Ստամոքսի համար տնական մածունը լավ է»: Նույն նամակում Մարտիրոս Սարյանը գրում է տնական մածուն պատրաստելու բաղադրատոմսը:
Սարյանն արեց ամեն ինչ, որպեսզի իր տղաները լավ կրթություն ստանան: Ավագ որդին` Սարգիսը, հայտնի բանասեր դարձավ, ուսումնասիրում էր իտալական վերածննդի գրականությունը: Մոսկվայում նա ավարտեց Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը և թեկնածուական թեզ պաշտպանեց:
Կրտսեր որդին` Ղազարոս Սարյանը, կատարյալ լսողություն ուներ, միաժամանակ հրաշալի նկարում էր ու կարող էր նկարիչ դառնալ: Երբ Ղազարոսը պետք է կողմնորոշվեր, Սարյանը նրան խորհուրդ տվեց, «Եթե դու նկարիչ դառնաս, քեզ միշտ ինձ հետ են համեմատելու: Քեզ համար դժվար կլինի այս ասպարեզում առաջ գնալ, այդ պայքարը քեզ համար շատ դաժան կլինի»: Ու այդպես Ղազարոսն ընտրեց երաժշտությունը: Վերադառնալով մարտի դաշտից` նա ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիան ու այն ավարտելուց հետո կոմպոզիտոր դարձավ: Սակայն նրա հատուկ գունային մտածողությունն արտահայտվեց նաև երաժշտական ստեղծագործություններում` պարգևելով դրանց առանձնահատուկ սարյանական հնչողություն:
Սարյան պապը
Երբ ես երեխա էի, պապիկս ինձ նկարչության դասեր էր տալիս` բացատրելով համաչափության կանոնները` ինչպես նկարել Արարատը, երբ քամի է փչում, ինչպես են քամու ուղղությամբ սրվում ամպերի ծայրերը և այլն:
Մեր տանը երեխաներին պատժել չէր կարելի, հատկապես չէր կարելի բղավել նրանց վրա: Նա երբեք երեխային չէր ասի. «Ես զբաղված եմ, գնա, խաղալիքներով խաղա», նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ համաշխարհային մեծության հյուրեր էին լինում: Սարյանը արև էր, որի շուրջը պտտվում էինք մենք բոլորս:
Մարտիրոս Սարյան
Պապիկը նաև էքստրասենսոր հատկություններով էր օժտված: Երբ իմ ջերմությունը բարձրանում էր, նա նստում էր մահճակալիս մոտ ու աղոթում: Այնուհետև դանակը խրում էր մանրահատակի երկու փայտերի միջև, ու առանց որևէ դեղորայքի ջերմությունս իջնում էր (ժպտում է Ռուզաննան):
Նա ուժ էր ստանում հողից
Մենք մեծ տուն ունեինք ու սեղան էինք նստում ամբողջ ընտանիքով` այգեպանի ու տան տնտեսությամբ զբաղվող մարդկանց հետ միասին:
Սարյանը սիրում էր այգում աշխատել, կարծես հողից ուժ էր ստանում: Նրան հաճախ կարելի էր տեսնել բահը ձեռքին հողը փխրեցնելիս կամ ծառի չոր ճյուղերը էտելիս:
Մի օր Մոսկվայի «Պրավդա» թերթի թղթակիցը եկավ մեր տուն, որպեսզի հարցազրույց վերցնի Մարտիրոս Սարյանից: Նա մտնում է բակ ու տեսնում ավելը ձեռքին խալաթով մի տղամարդու:
Նրան դիմելով` լրագրողը հարցրեց. «Ծառայող, ինչպես գտնեմ Սարյանին»: Ինչին ի պատասխան` նկարիչն ասում է. «Իսկ Դուք տուն մտեք, այնտեղ Ձեզ կասեն»:
Մտնում է տուն ու դիմում տատիկին. «Ես Մոսկվայից եմ եկել, ուզում եմ Սարյանից հարցազրույց վերցնել»: Իսկ տատիկը պատասխանում է. «Դուք եկել եք հարցազրույց վերցնելու, անցել եք Սարյանի կողքով ու նույնիսկ չեք ճանաչել նրան»: Ահա այսպիսի համեստ մարդ էր Սարյանը:
Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը
Սարյան հասարակական գործիչը
Սարյանը շատ ժամանակ էր հատկացնում հասարակական աշխատանքին: 1921 թվականին Հայաստան տեղափոխվելով, նա հիմնեց Հայաստանի առաջին պետական թանգարանը, եղել է Հուշարձանների պահպանության կոմիտեի հիմնադիրն ու առաջին նախագահը, նկարչական ուսումնարանի ու Արվեստի աշխատողների միության ստեղծման ակունքներում էր կանգնած: Իր ողջ կյանքի ընթացքում նա անում էր իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հայկական մշակույթը վերածնվի, զարգանա ու ամրանա:
Սարյանը շատ քնքշորեն էր վերաբերվում պատմամշակութային հուշարձաններին: Նրա շնորհիվ փրկվեց Երևանի սուրբ Զորավոր եկեղեցին, որը հին երևանցիներն անվանում էին «Սարյանի եկեղեցի»:
Սարյանը փրկեց նաև Ռոստովի Սուրբ Խաչ տաճարը, որն Անիից տեղափոխված հայերը կառուցել էին 18-րդ դարում:
«Կարմրավոր եկեղեցի»
Հայրենական պատերազմի ժամանակ եկեղեցու վրա ռումբ էր ընկել, ու այն ավերվել էր: 50-ականներին քաղաքի իշխանությունները որոշեցին այն քանդել ու տեղում որևէ նոր բան կառուցել: Սարյանին այս մասին հայտնել էին հայրենակիցները, և նա, իր կապերն ու հեղինակությունը գործի դնելով, կարողացավ այնպես անել, որ Սուրբ Խաչը մտավ հատուկ նշանակության պատմական հուշարձանների ցուցակի մեջ: Եկեղեցին Նոր Նախիջևանի հայերի համար հատուկ նշանակություն ուներ: Նրա հիմնական սրբությունը նախնիների կողմից Անիից բերված խաչքարն էր: Իսկ եկեղեցու բակում թաղված էին բանաստեղծներ Պատկանյանն ու Նալբանդյանը, ինչպես նաև հայ ժողովրդի այլ անվանի ներկայացուցիչներ:
Սակայն եկեղեցին անհրաժեշտ էր վերականգնել: Պատկերացրեք, 1958 թվականին Խորհրդային միությունում պետք էր այնպես անել, որ վերանորոգվի հայկական եկեղեցին… Դա պարզապես անհնար էր: Սակայն Սարյանն առաջարկեց եկեղեցու տարածքում հայ-ռուսական բարեկամության թանգարան ստեղծել, ու դա աշխատեց: Շուտով եկեղեցու վերականգնման նախագիծը հանձնարարվեց ճարտարապետ Մարկ Գրիգորյանին:
Սարյանը զարմանալի բարի ու առատաձեռն մարդ էր: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր լինելով` նա շատերին էր օգնում բնակարան ստանալու հարցում, աջակցում էր տաղանդավոր երիտասարդներին, հոգում էր, որ նրանք բուհ ընդունվեն կամ ուսումը Մոսկվայում շարունակելու հնարավորություն ունենան, պայքարում էր անմեղ դատապարտվածներին ազատ արձակելու համար:
Օգնում էր, աջակցում, կիսում գիտելիքներն ու հմտությունները: Նա անմնացորդ նվիրվեց իր ժողովրդին, իր Հայաստանին ու իր կտավներում իր երկիրն այնպես փառաբանեց, որ այսօր էլ այն շատերը բացահայտում են սարյանական հանճարի միջոցով:
Լաուրա Սարգսյան. Sputnik Արմենիա պորտալի թղթակցին Սարյանի ծննդյան օրը հայ մեծ նկարչի կյանքի մասին պատմեց նրա թոռնուհի Ռուզաննա Սարյանը:
Աղբյուր՝ Sputnik: