Մինաս Կարապետի Ավետիսյան (հուլիսի 20, 1928, Ջաջուռ, — փետրվարի 23, 1975, Երևան) — հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի Գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևայլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ. հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ. ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975 փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։
Ծնողները
Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր։ Մինասի մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։
Մանկություն և պատանեկություն։ Առաջին ծանոթությունը արվեստի հետ
1928 Ջաջուռում ծնվում է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։
Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է լինում Մինասի համար։
Ուսում։ Լենինգրադ։ Վերադարձ (մինչև 1960)
Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։
1947-52 ուսանում է և ավարտում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (ԵԳՈԻ)։
1952 ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ։
1953-60 տեղափոխվում է և սովորում է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում Ա.Զայցևի և Լ.Խուդյակովի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը:
1960 Վերադառնում է Երևան։
1960-1970
1962 մասնակցում է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։
1968 Առաջին անգամ նկարահանվեց կինոյում. Միքայել Վարդանովի Հայկական հողի գույնը ֆիլմում:
1968 արժանանում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման։
1970 Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Հենրիկ Իգիթյանի «Մինաս Ավետիսյան» մենագրությունը։
1972 հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (Մոտ 300 աշխատանք, որից 120–ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։
Ընտանիքը
1964 թ. Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մարմանջյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը` Արմանը։
1969թ. ծնված կրտսեր որդին` Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։
Կյանքի վերջին տարիները 1970-1975թթ.
Մահը
1975 վախճանվում է ավտովթարից։
Հայ նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության` փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն: Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված:
Ստեղծագործությունը: Ընդհանուր բնութագիր
Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960թ. անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան), հայրենի լեռները, բնաշխահրը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան, Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը… Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն):
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը: «Ջաջուռ» բնանկարը (1960թ. Կտավ, յուղաներկ, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան) սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում:
Գեղանկարչություն
Ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ։
Բնանկար
Դիմանկար
Մինասը հայտնի է նաև իր բազմաթիվ դիմանկարներով (ինքնանկարները, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի, Կոստան Զարյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց դիմանկարները)
Նատյուրմորտ
Որմնանկարչություն
Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի։ 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանարները։
Երկրաշարժից անմիջապես հետո կործանումցի փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի ճաշարանում արված «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Ազատան գյուղի մշակույթի տան «Լեռներում» որմնանկարը ներկայումս լավ ձևով պահպանված է։
«Հայաստան» որմնանկարը գտնվում է Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան առաջին հարկում։ Շենքից պահպանվել է միայն այն պատը, որտեղ գտնվում է որմնանկարը։
«Էլեկտրասարք» գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները («Թորոս Ռոսլինի ծնունդը», «Երկանք», «Գորգ են գործում», «Խաչքարի մոտ»): Գործարանի շենքը տուժել է երկրաշարժից։
Գյումրու նախկին Գալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնում են Մինասի ևս 3 որմնանկերներ, այդ թվում «Հայաստանի լեռներում» որմնանկարը։
Գյումրու նախկին «Ստրոմմաշինա» (ներկայիս «Քարհատմեքենա») գործարանի ճաշարանի շենքում են գտնվում երկու որմնանկարներ:
Բացառությամբ «Աղբյուրի մոտ» և «Լեռներում» որմնանկարների, մնացած որմնանկարները գտնվում են աղետալի վիճակում և ոչնչացման եզրին են։ 2009-ին «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը իտալացի մասնագետների կողմից հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանլ: 2010թ. հունիսից կրկին իտալացի մասնագետների օգնությամբ սկսվում են «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների տեղափոխումը և Ռեստավրացիան Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից։ Նոյեմբերին այդ որմնանկարները տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։
Գրաֆիկա
Գծանկարչությանը անդրադարձել կյանքի վերջին տարիներին։ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», «Նարեկացու ընթերցում»։
Բեմանկարչություն
1962-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետ-նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս»։
1971-ին ձևավորել է Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը
1974-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։
1963 Առաջին աշխատանքը բեմանկարչութան ասպարեզում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի համար ձևավորում է «Երեք բալետ-նովելը»։
Կինո
Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կարմիր, կապույտ աշխարհը» ֆիլմի նկարիչ։
Մեջբերումներ Մինասի մասին
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»։
Մարտիրոս Սարյան
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»
Արամ Խաչատրյան
«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։
Հակոբ Հակոբյան
Ֆիլմոգրաֆիա
1975 Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան թողարկում է «Մինաս Ավետիսյան» վավերագրական կինոնկարը (ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան)։
Տեքստի աղբյուր՝ blognews.am։
Տեսանյաութը՝ «Վերնատուն» հաղորդաշարի