Եսայի 58.13-59.7
58.13 Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը: 14 Նա քեզ կառաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կտայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս:
59.1 Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. 2 ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծոյ միջեւ, ձեր անօրինութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ: 3 Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրինութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն: 4 Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրինութիւն: 5 Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կգտնի ջուր եւ քարբ օձ: 6 Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրինութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան: 7 Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն:
Ա Տիմոթեոս 4.12-5.10
4.12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ: 13 Մինչեւ իմ գալը հետամտի՛ր Աստծոյ խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին: 14 Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ՝ երէցների ձեռնադրումով: 15 Այդ մասին մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին: 16 Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում: Եթէ այդ բանն անես, կփրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ:
5.1 Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանիր, այլ յորդորիր որպէս քո հօրը. երիտասարդներին յորդորիր որպէս եղբայրների, 2 պառաւներին՝ որպէս մայրերի, դեռատի կանանց՝ որպէս քոյրերի, կատարեալ մաքրութեամբ: 3 Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են: 4 Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ այն է բարին եւ ընդունելին Աստծոյ առաջ: 5 Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծոյ վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր: 6 Իսկ մեղկասէր այրին կենդանի մեռեալ է: 7 Այս բանը պատուիրի՛ր, որ անարատ լինեն: 8 Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը: 9 Այրիների թւում կհամարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէկ մարդու կին է եղել 10 ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել:
Ավ. ըստ Հովհաննեսի 3.13-21
13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ՝ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: 14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15 որպէսզի ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16 քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17 որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: 18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծոյ միածին Որդու անուանը չհաւատաց: 19 Եւ դատաստանը այսպէս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. 20 որովհետեւ ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի չդառնան: 21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստծով կատարուեցին»: