Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 — Հունիս 17, 1971)
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար: 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը: 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում: Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում: Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։