Բացասական դերեր խաղացող դերասանները հազվադեպ են սիրված լինում: Հանդիսականը դերակատարին ու հերոսին նույնացնելու պարզունակ սովորույթ ունի ամենուր, նաև Հայաստանում: Այդուհանդերձ Ավետ Ավետիսյանին հայ թատերասերներն այնքան էին գնահատում, որքան ասենք Գուրգեն Ջանիբեկյանին կամ Վաղարշ Վաղարշյանին: Ըստ երևույթին դրա մոգությունը թաքնված էր դերասանի կատակերգական արտաքինի տակ:
Իր այդ համակրելի արտաքինով ու մեղրածոր ժպիտով նա կանգնել էր Բերդի մշակույթի տան բեմում ու ոչ մի կերպ չէր կարողանում հեռանալ, մարդիկ չէին թողնում: Բոլորին կախարդել էր այն իրողությունը, որ հռչակավոր դերասանն իր ոտքով է հյուր եկել ու մի ամբողջ թատերախումբ էլ հետը բերել է: Երբ ծափերն ու բացականչություններն ի վերջո նրան «թույլ տվեցին» շարժվել դեպի մոտակա հյուրանոց` ես հայրիկիս ձեռքն ամուր բռնեցի ու հասկացրի, որ ինձ տուն չուղարկի, ուզում եմ դերասանի հետ ծանոթանալ: 12 կամ 13 տարեկան էի, գլխիս մեջ գրականությունն ու թատրոնն անվախճան վեճի մեջ էին, բայց ըստ երևույթին` այդ պահին երկրորդի գերակշռությամբ:
Քանի որ հյուրախաղերի կազմակերպիչը հայրս էր ու անպայման հասցրած կլիներ հյուրերին իր թատերամոլ դստրիկի մասին պատմել` Ավետ Ավետիսյանը մի քննախույզ հայացքով հարցրեց.
— Սա՞ է մեր թատրոնի ապագա աչոնիկը:
Լավ է, որ անունն ինձ չկպավ, հավանաբար պատճառն այն էր, որ հնչեց կատակով, մի քիչ էլ զամբախովյան կերպարի հանգույն:
Նույն հարցն Ավետ Ավետիսյանը տվեց, երբ դպրոցն ավարտած ու թատերական ընդունվելու սևեռումը գլխիս մեջ` հայրիկիս հետ գնացի Սունդուկյանի անվան թատրոն, որպեսզի նրա խորհուրդները լսեմ:
— Մի քիչ մեծացել է, բայց որոշումը չի փոխել, հա՞ …
Հարցրեց այնպիսի մտահոգությամբ` կարծեցի հիմա կասի, որ թատերական ինստիտուտը փակվել է կամ թատրոնն է աշխարհի երեսից վերացել: Նման բան չասաց, բայց հենց որ նկատեց Գարուշ Խաժակյանին` հանձնարարեց աչոնիկիս թատրոնում մի քիչ «ման տալ»: Գարուշ Խաժակյանի հետ ևս արվեստի տասնօրյակի ժամանակ էի ծանոթացել, իմ կարծիքով նա ամենակրթ հայ դերասանն էր: Մինչ մենք զրուցելով ճեմասրահում զբոսնում էինք` Ավետ Ավետիսյանն իր գաղտնի բանակցություններն ավարտեց ու ինձ մոտ կանչեց: Գարուշ Խաժակյանի հետ մոտեցանք` դատավճիռս լսելու:
Ամենակիրթ հայ դերասանը մինչ այդ ինձ ասել էր, որ չնայած ոչ մեկը դա չի ընդունում` Ավետ Ավետիսյանը թատրոնի ներքին կյանքը շատ լավ է հասկանում:
Այդ էր, որ կար: Ասաց.
— Հորդ հետ տվինք առանք, որ ուսումով դերասան չեն դառնում: Ով ճակատին գիր ունի` կդառնա, ով չունի` թատերական-մատերական նրանից մենակ անգիր անող դուրս կբերի: Բա՞, աչոն ջան:
Հետագայում ինքս համոզվեցի, որ տաղանդավոր մարդուն կրթությունը մի լավ բան տալիս է, բայց անտաղանդին (օրինակ ինձ, որ թատրոնի համար չէի ծնվել) ոչինչ չի տալիս: Հենց լրագրության մեջ որքան շնորհալի անհատներ կան, ովքեր բանասիրականի կողքով չեն էլ անցել և որքան անցած-ավարտածներ կան, ովքեր պարզ համառոտ նախադասություն կազմել չգիտեն:
Ձիրքն ու ինքնակրթությունը գումարվելու և որակ դառնալու հրաշագործություն ունեն երեք ոլորտներում` թատրոն և կինո, գրականություն, լրագրություն: Ուսուցչապետիս դափնին պատկանում է մեծ դերասան և բացառիկ մարդ Ավետ Ավետիսյանին:
«Լրագրության աստիճանները» անտիպ գրքից
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
Աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ․AM