Սիրելի՛ Սիմոն,
Գիտեմ, տեսնելով ձեռագիրս՝ պիտի խռովես հոգով: Նժդեհը կենդանի՞, հաւատա՞լ:
— Այո՛, ձայնս գալիս է ոչ թէ գերեզմանից, այլ՝ բանտից, ուր ինձ վիճակւած է ապրել կեանքն ու մահը իրար խառնած, անտրտունջ, քանզի սեփական ձեռքով ես հարթեցի իմ զնդանի ճամբան՝ հաստատելով Արեւելքի հին խօսքը, թէ ամեն մարդ ինքն է կառուցում իր բանտը:
Լսի՛ր, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս:
1944-ի աշնան, երբ Կարմիր բանակը գտնւում էր Ռումինիայում, եւ հազարաւորները իրենց քաղաքականապէս վտանգւած համարելով հեռանում էին՝ ես չհեռացայ Բուլղարիայից, թէեւ իդեալական կարելիութիւններ ունէի ուզածս վայրկեանին անցնելու ուզածս երկիրը: Ես մնացի, որովհետեւ պէտք էր մնալ:
Մնացի, որովհետեւ շատերի պէս ես էլ կկարծէի, թէ Կարմիր բանակը պիտի շարժւի Թուրքիոյ դէմ, որով իրականացած կլինէր մեր ազգային երազը: Կար ե՛ւ այն տանջող միտքը, թէ իմ հեռանալը կարող է պատճառ դառնալ շատերի ձերբակալման: Աւելացնեմ եւ այն, որ հաւատում էի, թէ իմ արած ասպետա-հայրենասիրական քայլը — իմ մնալը — բաւական կլինի խորհրդ. իշխանութեան մոռացնել տալու իմհակասովետական անցեալը: Ահա՛, մօտաւորապէս, այն դրդապատճառները, որոնք ստիպեցին ինձ մնալ, չհեռանալ: Դժբախտաբար խորհրդ. բանակը չշարժւեց Թուրքիոյ դէմ, եւ հենց դրանով էլ պայմանաւորւեց իմ ողբերգութիւնը: Մի օր, Կարմիր բանակի ժամանումից ամիս անց՝ ինձ հրաւիրեցին խորհրդ. լիգացիա, օդանաւով փոխադրեցին Մոսկուա եւ առաջնորդեցին… բանտ:
Գիտես, սիրելի՛ս, որ կեանքում իմ ուրախութիւնն ու վիշտը մի հատիկ անուն ունէին — Հայաստա՛ն: Երբ կեանքիս մայրամուտին ինձ չյաջողւեց, իբրեւ զօրական, կռւել ու մեռնել հայ հողի համար՝ վճռեցի մեռնել բանտում իբրեւ նահատակ: Այս ապրումներով, 1948-ի ամռան, փոխադրւեցի հեռաւոր հիւսիս: Ուժասպառ էի, բայց ոչ ոգեսպառ:
Ապրում էի նահատակի կրքոտութեամբ եւ ուրախութեամբ: Ճիգ էի անում, ինչպէս եւ այժմ, մնալ ոտքի վրայ եւ մեռնել գիրքը ձեռքիս: Այս վիճակում էի, երբ անսպասելիօրէն, որպէս Deus ex machina, յայտնւեց Յովհ. Դէվէջեանը — նրան էլ բերին նոյն բանտը եւ նոյն խուցը, որում գտնւում էի ես:
Գիտես, որ տարիներով մենք խորթացած էինք իրարից: Խոր տառապանքը ենթակային ամէն բանից առաջ երես երեսի է բերում ճշմարտութեան հետ: Բաւական եղաւ, որ իրար աչքերում ուրախութեան արցունք տեսնենք, որպէսզի անխօս հաշտւենք, եղբայրանանք:
Եւ, այնուհետեւ սկսւեցին մեր անանձնական մտմտուքները: Ի լուր խմորւող նոր համաշխարհային սպանդի — որ կարող է անդարմանելի անդրադարձում ունենալ մեր ժողովրդի ճակատագրի վրայ՝ մենք ե՛ւ խորհրդածում էինք, ե՛ւ տագնապում: Պատերազմ — անյայտութեան թագաւորութիւն է դա: Վաղը կարող են տեղի ունենալ այնպիսի քաղաքական անակնկալներ, որոնք մերօրեայ Մետերնիխների եւ Տալէյրանների մտքով իսկ չեն անցնում: Ի՞նչ կլինի վաղը — չգիտե՛նք:
Սակայն, հաշւի առնելով՝ մարդկութեան պատմութեան մէջ նախընթաց չունեցող թշնամատեցութեան պարոկսիզմի եւ նորահնար զէնքերի իրողութեան փաստը՝ չենք կարող հայօրէն չանհանգստանալ, թէ վաղը մահացուօրէն կարող է աղէտւել Հայաստանը:
Մեկնելով այն իրողութիւններից,
1) որ թրքութիւնը պատմականօրէն հաստատած է, թէ պատրաստ է ամենայն չարիք հասցնելու հայութեան.
2) որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին տեղի ունեցան հայկական կոտորածներ, եւ եղեռնագործ ազգը մնաց անպատիժ.
3) որ վերջին պատերազմին միլիոնաւոր հրեաների ջարդը արժանացաւ՝ մարդկութիւն եւ արդարութիւն ծաղրող դատական մի ֆարսի միայն.
4) որ ազգերի միութեան կողմից առնւած որոշումը «Գենոսիդ»ի մասին՝ թելադրւած է այն մտահոգութեամբ, թէ ամբողջ ժողովուրդների ոչնչացումը անհաւանական չէ ե՛ւ վաղւայ պատերազմի ժամանակ.
5) որ մեր երկիրը իր աշխարհագրութեան բերումով նախասահմանւած է վաղը դառնալու ռազմագիտական ակտիւ պլացդարմ կամ ինքնապաշտպանութեան բազա, որով — երկու դէպքում էլ — թշնամու առաջին հարւածը տրւելու է Հայաստանին, եւ որ հարւածողը լինելու է թուրքը՝ իբրեւ զինակից եւ հովանաւոր ունենալով մի շարք զօրաւոր պետութիւններ:
6) որ Թուրքիոյ վճռական մասնակցութիւնը գալիք պատերազմին, նրան վստահւած աւանգարդի դերը, եւ այն, որ նա երեւան է գալու ազգերի միութեան դրօշի տակ — այդ եւ այլ կարգի իրողութիւններ երկիւղի լուրջ հիմքեր են տալիս ենթադրելու, որ շատ հեշտութեամբ կարող է «գենոսիդ» տեղի ունենալ Հայաստանում — կարող է գլխովին ոչնչանալ մեր ժողովուրդը:
Թուրքը փորձեց՝ առաջին համաշխարհային պատերազմին, բայց չկարողացաւ սեփական ուժերով միանգամից թաղել հայութիւնը եւ իր դատը: Այժմ նա իր հայասպան ծրագիրը պիտի աշխատի իրագործել թէ իր եւ թէ այլոց ձեռքերով:
Ճիշտ է, մեծ են Հայաստանի պաշտպանողական միջոցները, եւ անսպառ՝ Խորհրդ. Միութեան պոտենցեալը: Այդ այդպէս լինելով հանդերձ՝ պանթուրանական երազներով ապրող Թուրքիոյ ներկայ վճռական կեցւածքը, նրա մահացու թշնամանքը դէպի հայութիւնը, ինչպէս եւ այն պարագան, որ պատմութեան մէջ առաջին անգամ լինելով համընկնում են, համերաշխում քրիստոնեայ Արեւմուտքի եւ Թուրքիոյ շահերը՝ լուրջ հիմք են տալիս խորապէս մտահոգւելու մեր ժողովրդի ճակատագրով:
Մի ափ երկիր, որի վրայ կենտրոնացած է հայութեան 2/3-ը — ահա՛ օրւայ Հայաստանը: Նման վիճակում, պատերազմի ժամանակ, գլխովին չոչնչանալու համար պէտք է կենդանի Արարատ լինել:
Նկատի ա՛ռ — թուրքերը հակախորհրդային օդային ուժերի համար պիտի կատարեն «սրբագրիչ»ի դեր՝ իրենց ուզած ուղղութիւնը եւ օբյեկտները տալով իրենց քրիստոնեայ զինակիցներին: Նրանք պրովոկատիւ հաշիւներով, հազար ու մի մեքենայու-թիւններով պիտի գրգռեն իրենց զինակիցներին Հայաստանի ու հայութեան դէմ: Օգտւելով առիթից՝ նրանք կաշւից դուրս պիտի գան՝ կործանելու Թուրանի ճամբան կտրող մեր երկիրը:
Նշեմ ե՛ւ այն, որ վաղւայ պատերազմը, լոկ իր գոյութեան փաստով, եւ անկախ պատերազմող կողմերի կշռից ու պատերազմի այս կամ այն ելքից, կարող է անդարմանելիօրէն աղետել մեր ժողովուրդը:
Չպիտի մոռանալ, որ աւելի քան հաւանական է ազգերի միութեան եւ որոշ քրիստոնեայ պետութիւնների անւան չարաշահումը թուրքերի կողմից՝ Հայաստանը կործանելու նպատակով:
1952-ի ամռան, Վանի մէջ տեղի է ունեցել մի հակահայ ցոյց՝ իբրեւ արձագանք Անգարայում եւ Պոլսում կատարւած հայադաւ գրգռութեանց: Այդ առթիւ «Վան Սեսի» թերթը կոչ է ուղղել թրքութեան՝ «ոչնչացնել հայերին մինչեւ վերջին մարդը»: Ըստ այդ թերթի՝ «թուրքերի պանթուրանական երազը կարող է իրականանալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիոյ բոլոր անկիւնները կմաքրւեն հայ ազգաբնակութիւնից»: Ինչպէս տեսնում ես՝ հայերի նոր ջարդի խնդիրը թուրքերը ծեծում են հրապարակաւ — հոգեբանօրէն եւ քաղաքականապէս նախապատրաստում 1915-ի արիւնոտ ռեցիդիվը: Գիտցիր եւ այն, որ թուրքերի սպառնալիքն ուղղւած է ոչ միայն Թուրքիոյ մէջ ապրող հայերի, այլեւ՝ Խ. Հայաստանի դէմ: Վերոյիշեալ թերթը՝ թուրքերին համարելով ուրարտացի, իսկ Խ. Հայաստանի տարածքը՝ բաղկացուցիչ մասը հին Ուրարտական թագաւորութեան՝ ժխտում է հայերիս պատմական իրաւունքը մեր հայրենիքի եւ նախահայրենիքի վրայ: Սխալ կլինէր Վանի թուրքերի հակահայ ելոյթը համարել իբրեւ սպորադիկ (եզակի, պատահական- խմբ.) ելոյթ — դա մատնում է թուրք կառավարութեան եւ զանգւածների ընդհանուր մտայնութիւնը:
Ահա՛ թէ ինչու օր առաջ միջազգային հրապարակ պիտի դրւի մեր ժողովրդի բացառիկ վիճակի խնդիրը: Միայն այսպիսով կարելի է կանխել աղետը՝ նախապատրաստւող: Արտաքնապէս հակաթուրք Եւրոպա կար, բայց եւ այնպէս տեղի ունեցան հայկական ջարդերը: Այսօր, երբ այնքան թրքապաշտպան ուժեր կան, ի՞նչ երաշխիք, որ թուրքն իբրեւ պատմութեան ծանօթ ռեցիդիվիստ՝ չի՛ կրկնի իր եղեռնագործութիւնը: Ապա ուրեմն՝ ի՞նչ անել, որ պատերազմի դէպքում նկատի առնւի մեր ժողովրդի անօրինակ աղետւածութեան փաստը (առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) եւ օրւայ իր բացառիկ վիճակը ու հիւլէականով չռմբակոծւի Հայաստանը…
12 մարտ 1953 թ., Երեւանի բանտ