Եվգենիոս, Վաղերիոս, Կանդիտոս ու Ակյուղաս
Այս նահատակակից մարտիրոսները Տրապիզոնից են, որոնք Դիոկղետիանոսի և Մաքսիմինոսի հալածանքների ժամանակ ապաստանել էին քաղաքի մոտակա լեռներում: Ի վերջո ձերբակալվեցին և ատյան տարվեցին: Երբ իրենց կրոնը չուրացան, նախ բանտարկվեցին, սովի ու ծարավի տառապանքներին ենթարկվեցին, ապա գանահարության և այլ բազմաթիվ չարչարանքների, որոնց, Աստծո այս ծառաները, սիրով և համբերությամբ տոկացին: Չորսն էլ միասին, նախ կրակի փորձությամբ փորձվեցին, հետո գլխատվելով ընդունեցին նահատակության անթառամ պսակը:
Մակարիոս և Եվգինեոս քահանաներ
Այս անուններով երկու քահանաներ են հիշատակվում Թորգոմ Պատրիարքի «Սուրբք և Տոնք» գրքում, որոնք կարծես հիշատակվում են դեկտեմբերի 24-ին և հոկտեմբերի 19-ին: Նմանատիպ միացյալ որևէ հիշատակություն չկարողացանք գտնել մեր տոնացույցում, որտեղ որպես ճգնավոր հայտնի Մակարից, կա մեկ ուրիշ Մակար ևս, որը հիշատակվում է վերոհիշյալ Թեոդիտոնի հետ, սակայն առանց նշելու, որ նա քահանա է: Նաև մեկ այլ Եվգինեոս ունենք, որը հիշատակվում է Հիսնակիին հաջորդող երրորդ հինգշաբթի օրը, սակայն նրա քահանա լինելը նույնպես չի նշվում: Սրանով հանդերձ մեզ համար գրեթե անլուծելի է, թե վերոհիշյալ Մակարիոսն ու Եվգինեոսը ովքեր են, մանավանդ, որ հույներն ու լատինները բազում Մակարիոսներ և Եվգինեոսներ ունեն իրենց տոնացույցներում: Մակարներից մեկը, ըստ հույն տոնացույցի, հիշատակվում է Եվդոքսիոսի հետ սեպտեմբերի 6-ին: Մեր Մակարի հետ էլ է հիշատակվում այս սուրբն՝ իր մյուս ընկերների հետ, որոնք սակայն, չկան հույների կամ լատինների մոտ: Մեկ այլ Մակարիոս է հիշատակվում հույների մոտ ապրիլի 10-ին, Զենոնի հետ, որը նույնպես հիշատակվում է մեր Մակարիոսի հետ: Ուստի դժվարանում ենք հստակեցնել, թե որ Մակարիոսի մասին է խոսքը:
Հույն և լատին տոնացույցները, արդարև, ունեն Մակարիոս և Եվգինեոս քահանաներ, որոնք միշտ միասնաբար են տոնվում; Թորգոմ Պատրիարքը սրանց է, որ նույնացնում է մեզ մոտ իրարից առանձին հիշատակվող Մակարիոսի և Եվգինեոսի հետ, որոնց քահանա լինելու հանգամանքը, ինչպես ասացինք, մեզ մոտ չի նշվում; Մեր Հայսմավուրքներում էլ, սրանք միասնաբար են հիշատակվում, Փեշտիմալջյանի հրատարակածի մեջ դեկտեմբերի 19-ին, իսկ Մարզվանցու հրատարակածի մեջ դեկտեմբերի 24-ին:
Ըստ լատին վկայաբանությունների, սրանք երկու քահանաներ են, որոնք ապրում էին Հուլիանոս ուրացող Կայսեր օրերին և որին հանդիմանած լինելու համար ծանր չարչարանքների են ենթարկվել և ապա աքսորվել են Արաբիայի կողմերը, ինչը որ ավելի հավանական է թվում, եթե նրանց կենտրոնը Անտիոքը համարենք, քան թե Մավրիտանիա աքսորված լինելը, ինչը որ հաստատում են մեր Հայսմավուրքները, ըստ սրանց, այնտեղ էլ են շարունակում իրենց քարոզչությունը և մահանում են խաղաղ մահվամբ, իսկ ըստ լատին վկայաբանության՝ 362 թ.-ին գլխատմամբ ստանում են իրենց մարտիրոսության պսակը:
«Համաքրիստոնեական Սուրբեր»,Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997