(Նախորդ հատվածը կարող եք կարդալ այստեղ)
Ապրիլի 17, 1981թ., ուրբաթ
Հորս բժշկի՝ դոկտոր Ջիբելյանի հետ խոսելուց հետո երեկ հետմիջօրեին ես հեռաձայնեցի Լոս Անջելես, Բեվըրլի Հիլս և Լյուսիին հայտնեցի հետևյալը. ես բժշկին խնդրել էի հայտնել հորս, որ իր թոռները՝ Սթրոուբերրին, Կրիմը և Արմենակը, ուզում են տեսնել իրեն, եթե, անշուշտ, ինքն էլ փոխադարձաբար ցանկանում է տեսնել նրանց: Մենք ուրախ կլինենք նրանց բերել Ֆրեզնո, որպեսզի նրանք կարճ ժամանակով այցելեն իրեն: Գուցե մի երրորդ անձ, այս դեպքում՝ դոկտոր Ջիբելյանը, ուղեկցի նրանց:
Այս առաջարկը մենք արեցինք դոկտոր Ջիբելյանի միջոցով, որպեսզի այսպես թե այնպես պահպանենք վերջին պաշտոնականությունը: Թեև բժիշկը ինքն էր ստիպել Լյուսիին գալ և տեսնել իր հորը և տեղյակ էր կատարվածին, որովհետև Լյուսին զանգահարել է նրան և հայտնել, թե ինչպես հայրը դուրս էր արել իրեն տնից: Այնպես որ, բժիշկը գիտեր, որ մենք միավորական ընտանիք չէինք:
Լյուսին ինձ ասաց, որ երբ նա առաջին անցամ հասել էր Ֆրեզնոյի Արևմտյան Գրիֆիդ փողոցի վրա գտնվող տունը, այնտեղ տեսել էր մի մարդու, որը պարտեզն էր մշակում: Եվ որովհետև առաջներում Լյուսին երբեք չէր եղել այդ տանը, նա այդ մարդուն հարցրել էր, թե արդյոք նա գիտի՞, թե ով է ապրում այնտեղ:
— Օ՜, անշո՛ւշտ, — պատասխանել էր նա, — պարոն Սարոյանը:
Այն ժամանակ Լյուսին հայտնել էր նրան, թե ով է ինքը, իսկ պարտիզպանը ներկայացել էր որպես Սարոյանի հեռավոր մի ազգականը՝ Ռուբեն Սարոյան: Նա ասել էր, որ շատ ուրախ է՝ հանդիպելու Լյուսիին, որովհետև հայրը հաճախ էր խոսել դստեր մասին և խոսել էր մեծ սիրով ու քնքշանքով:
Երբ Լյուսին թակել էր դուռը, հայրս ներսից գոռացել էր.
— Ո՞վ է:
Լյուսին պատասխանել էր.
— Ե՛ս եմ, հայրիկ:
Հայրս նորից էր գոռացել.
— Լյուսի, դու ի՞նչ ես անում այստեղ:
Հետո նա բացել էր դուռը: Լյուսին ասում է, որ հայրը, նույնիսկ այդպիսի հիվանդ վիճակում, լավ տեսք ուներ:
— Ես քեզ համար եմ եկել, հայրիկ, — ասել էր Լյուսին՝ նրան տեսնելով:
Հայրս բարձրախոս է: Փոքր ժամանակ նա հիվանդացել էր, ինչ-որ բարդություն ունեցել, և ականջներից մեկը խլացել էր: Ուստի նա միշտ գոռալով էր խոսում: Բայց այն րոպեից, ինչ Լյուսին ներս է մտել և մի րոպե նստել հանցստանալու, այնքան բարձր է գոռացել, որ պարտիզպանը գնացել-թաքնվել է բակի մի անկյունում: Իհարկե, Լյուսին նրա կատարած գոռոցների տակ խիստ ընկճվել էր, բայց զամբյուղը դրել էր ոտքերի մոտ ու նստել, որովհետև երկար ճանապարհ էր եկել և գիտեր, որ վերջին անգամն է տեսնում հորը:
Հայրը չարախնդում է դստեր վրա՝ ասելով, որ նա ձախողակ կին է, ոչ ամուսնացած է, ոչ նշանավոր անձ կամ հարուստ, պարզապես անապահով վիճակում է…
— Արամը գիտի՞ իմ հիվանդության մասին, — հարցրել էր նա:
— Այո՛, գիտի:
— Օ՜, հրաշալի՜ է, — գոռացել էր հայրս, — պարզապես հրաշալի՜ է…
Նա ասել էր , որ կսպաներ Արամ Գևորգյանին նրան հեռաձայնելու համար, այո, կսպաներ, եթե ֆիզիկապես ուժեղ լիներ:
Արամ Գևորգյանը սովորաբար ապրում է Փարիզում: Հայրս իր իրավաբանական գործերը նրան էր հանձնել, քանի որ ինքը ևս հարկաբաժին ունի Փարիզում: Ըստ երևույթին՝ որոշ անձնական գործերով նա Ֆրեզնո էր ժամանել: Մի օր էլ անց էր կացրել հորս հետ, որը նրան տարել էր իր ազգականների մոտ, ցույց էր տվել խաղողի այգիները: Նրան մակագրված իր գրքում այդ օրը անվանել է անմոռանալի: Հավանաբար հենց այդ օրն էլ հայրս այդ համակրելի, տանձաձև գլուխ ունեցող մարդուն հայտնել է, որ ինքը քաղցկեղ ունի: Նա, ըստ երևույթին, բժիշկ Ջիբելյանից հետո առաջին մարդն էր, որ իմացել էր հորս հիվանդության մասին: Փաստաբանը առաջարկել էր, որ ես ու Լյուսին տեղյակ պահվենք այդ մասին:
— Օ՜, ո՛չ, — ասել էր հայրս, — նրանք ատում են ինձ:
Բայց հետո փափկել էր և Գևորգյանին ասել, որ Լյուսին, եթե Ֆրեզնո գա, կարող է օրական մեկ-երկու ժամ անցկացնել իր հետ: Ես պատկերացնում եմ, թե այս լուրը լսելուց հետո Լյուսին ինչպիսի շտապողականությամբ է պատրաստում իր ճամնպրուկները: Վերջին հինգ տարիների ընթացքում նա պարբերաբար հորս գրում էր սիրալիր, հաշտվողական նամակներ, որոնց վերջինս երբեք չէր պատասխանում: Եվ ահա, հիմա հանկարծ նա հորիցս հրավերի նմանվող մի կանչ է ստանում՝ Ֆրեզնո գնալու և իր հետ լինելու:
Իմանալով հետագա կատարվածի մասին՝ ես իմացա նաև, որ հայրս գոռացել է Լյուսիի վրա.
— Արամը գրո՞ղ է: Ուզում եմ ասել, որ նա կարծում է, թե ինքը գրո՞ղ է:
— Այո՛, հայրիկ, նա գրող է, — ասել էր Լյուսին:
— Օ՜, դա հրաշալի՛ է,- սարկազմով ասել էր հայրս:
Եվ Լյուսին ավելացրել էր.
— Արամը նաև ընտանիքի սքանչելի հայր է:
Լյուսին, հորս ձայնը կապկելով, ինձ պատմում էր.
— Օ՜, դա միակ առավելությունն է, որ նա ունի իմ նկատմամբ:
Շարունակությունն այստեղ:
Աղբյուր՝ Vnews.am