Թե ինչպես Գողթնի մտավորականները նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը
Նախիջեւանի պատմության եւ մշակույթի վերաբերյալ նախիջեւանահայերից (եւ ոչ միայն) զանազան առիթներով նյութեր ձեռք բերելու՝ տասնամյակներ առաջ սկսված եւ մինչեւ այժմ էլ շարունակվող իմ պրպտումների ընթացքում ի հայտ են բերվել 19-20-րդ դարերին վերաբերող մի շարք տարաբնույթ գրավոր փաստաթղթեր, որոնք ժամանակ առ ժամանակ մամուլի միջոցով ներկայացրել եմ ընթերցող լայն շրջանակներին։
Այժմ էլ ընթերցողին առաջին անգամ ներկայացվող ներքո երեք նյութերը վերաբերում են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակին, որոնք կամբողջացնեն բանաստեղծի կենսագրության այս դրվագը։
Մինչ այդ փաստենք, որ հայ բանասիրության եւ մասնավորապես թումանյանագիտության պատմության մեջ հանրահայտ են Թումանյանի եւ 19-րդ դարի կեսերից Նախիջեւանի պատմական գավառներից Թիֆլիսում ապաստանած նախիջեւանահայ գողթնեցիների բարեկամական կապերը, ովքեր առհասարակ թիֆլիսահայության լուսավոր դեմքերից էին։ Բազմաթիվ ու բազմազան փաստերով (գրական, հասարակական գործունեություն, գործնական հանդիպումներ, նամակագրություններ եւ այլն) թումանյանագետներին հայտնի են բանաստեղծի սերտ ու ջերմ, գործնական ու ընտանեկան, մտերմիկ կապերն առանձնապես գրահրատարակիչ, մշակութային գործիչ Փիլիպոս (Ֆիլիպ) Վարդազարյանի, բժիշկ, բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ Արիստակես Զարգարյանի (Ռուստեմ), մանկավարժ, բանաստեղծ ու դրամատուրգ Պետրոս Պետրոսյանի (հանրահայտ դաշնակահար Ռաֆֆի Պետրոսյանի պապը), հաշվապահ Հակոբ Անագչյանի, գրող, բանաստեղծ, թատերագիր Հարություն Թումանյանի եւ այլոց հետ։
Օրինակ, Փ. Վարդազարյանն ու Ա. Զարգարյանն էին, ովքեր մեկենասություններ կատարելով հրատարակել են Թումանյանի մի շարք ստեղծագործությունները։ Ինչպես իշխանուհի Մարիամ Թումանյանը, այնպես էլ Փ. Վարդազարյանն ու Ա. Զարգարյանը Թումանյանի տաղանդի գնհատողներից էին, որոնցից Փ. Վարդազարյանը 1905 թ. հրատարակել է նաեւ «Վշտի ու թախիծի երգիչ Թումանյան (քննադատական փորձ)» գրքույկը, իսկ Ա. Զարգարյանը շարադրել է «Թումանյանը եւ ժամանակը» հոդվածը, որը հետագայում տպագրվել է «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքում (Եր., 1969, էջ 386-388 )։
Նրանք միաժամանակ Թումանյանին ու նրա ընտանիքին պարբերաբար նյութական օգնություններ ու աջակցություններ ցուցաբերող, եկամուտների աղբյուրներ փնտրելու առաջամարտիկներից էին։ Եվ այս եռյակի մտերմիկ ու անշահախնդիր կապը, մարդկային այլեւայլ արտահայտություններից զատ, տեղ է գտել նաեւ Թումանյանի գրական-ստեղծագործական ժառանգությունում։ Այսպես, Փ. Վարդազարյանին են նվիրված 1890-ական թթ. գրած Թումանյանի «Սիրելի ընկեր, որ պատահեցիր» (24 տող), 1902 թ. «Ընկերս» (12 տող) բանաստեղծությունները։ Այս վերջին բանաստեղծության 1-ին քառատողում բանաստեղծը գրել է.
Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր։
(Հ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1, Եր., 1988, էջ 198։ Հղումը այսուհետ՝ ԹԵԺ)։
Ա. Զարգարյանին է նվիրված նաեւ Թումանյանի «Ռուստեմին» (20 տող) բանաստեղծությունը (1901 թ.), ով բուժում էր նաեւ Թումանյանին։ Այդ բանաստեղծության 1-ին քառատողում Թումանյանը գրել է.
«Սիրտդ է հիվանդ, պետք է բուժել,
Խաղաղ ծոցում բնության…»
Գըտար, ընկեր, ու ճիշտ այդպես
Հիվանդ է նա անպայման։
(ԹԵԺ, հատոր 1, Եր., 1988, էջ 191)։
Իշխանուհի Մարիամ Թումանյանը, ով մտերմացել էր նաեւ Փ. Վարդազարյանի ու Ա. Զարգարյանի հետ, իր «Հովհաննես Թումանյան» հուշագրության մեջ իրավացիորեն արձանագրել է, որ 1890-ական թթ. վերջերից իր տանը՝ հինգշաբթի օրերին կազմակերպվող գրական հավաքույթների կազմակերպիչներն ու մասնակիցները «…5 հոգի էինք՝ Հ. Թումանյան, Լ. Շանթ, Փ. Վարդազարյան, բժ. Զարգարյանը եւ ես, բայց իբրեւ հյուր երբեմն գալիս էին Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Շիրվանզադեն եւ ուրիշները» (Հովհաննես Թումանյան եւ իշխանուհի Մարիամ, Եր., 2010, էջ 105)։
Մինչ այդ՝ Ա. Զարգարյանն ու Փ. Վարդազարյանը մասնակցություն են ունեցել նաեւ Թումանյանի կազմակերպած «Վերնատան» հավաքույթներին։
Ստորեւ հրատարակվող երեք նյութերից երկուսը բանաստեղծություններ են, որոնց հեղինակը վերոնշյալ Պ. Պետրոսյանն է։ Առաջին բանաստեղծությունը՝ «Մեծ վարժապետը», հեղինակի դուստր, դերասանուհի, երաժիշտ Էմմա Պետրոսյանը կարդացել է Թիֆլիսում 1918 թ. կազմավորված «Գողթնի հայրենակցական միության» եւ 1911-ից գործած «Զոկական թատրոնի» ու Թիֆլիսի գողթնահայ մտավորականների նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակին նվիրված մեծարման երեկոյին, որը տեղի է ունեցել Թիֆլիսում 1919 թ. ապրիլի 3-ին։
Պ. Պետրոսյանի երկրորդ բանաստեղծությունը դարձյալ նվիրված է Թումանյանին եւ գրվել է 1919 թ.՝ հավանաբար նրա ծննդյան հոբելյանի նշումից մի քանի ամիս հետո։ Այս երկու բանաստեղծություններն էլ, հեղինակի ուղղագրության պահպանմամբ, վերցված են իմ անձնական դիվանում պահպանվող Պ. Պետրոսյանի՝ Թիֆլիսում 1926 թ. սեպտեմբերին իր իսկ ձեռքով գրած ու կազմած «Ժողովածու. արձակ եւ բանաստեղծական գրուածներ անտիպ» գրքից։
Հրապարակման ներկայացվող հաջորդ նյութը Ա. Զարգարյանի տիկնոջ՝ լեհուհի Ժոզեֆինա[Յուզիա՝ Ուիոսիֆովնա[Իոսիֆովնա՝ Զարգարյանի հակիրճ խոսքն է բանաստեղծի 50-ամյակի հանդիսության ժամանակ։ Վերջինս գրված է ռուսերեն։ Այս նյութի բնագիրը եւս գտնվում է իմ անձնական դիվանում։
Ա․ ՄԵԾ ՎԱՐԺԱՊԵՏ
(Յովաննէս Թումանեանցին)
Կարդաց Էմման՝ Թումանեանցի 50-ամեա յոբելեանի հանդիսին, որը կազմակերպել էին թիֆլիսաբնակ զօկերը բժ[իշկ՝ Արիստակես Զարգարյանի նախաձեռնութեամբ զօկական երեկոյթին ու ներկայացմանը — 3 ապրիլի 1919 թ.։
Լսել կուզէ՞ք թոթովանքը մեր լեզւի,
Կամ ջերմ սիրով բաբախումը մեր սրտի,-
Ահա եկել, բոլորել ենք Ձեր շուրջը,
Նուէր բերել թարմ ծաղիկի այս փունջը։
***
Ձեր տաղերից նիւթ է քաղել մեր լեզուն.
Գիտենք՝ ո՛վ էր Դաւիթ Մըհեր դիւցազուն.
Մենք երգել ենք Սարօյի հետ Անուշին,
Շատ ենք պարել Թմկաբերդի առումին։
***
Բայց երբ այստեղ մեծարում են Ձեր տօնը,
Ընդունեցէք մեր համբոյրն էլ՝ մեր ձօնը.
Բարեւ տարէք Ձեր Արփիկին, Սեդային-
Երնե՜կ նրանց, որ Ձեզի պէս Հայր ունին։
1919
Բ․ ԳԻՒՂԻ ՄԱՐԴԸ
Այն ո՞վ էր որ՝ այնպէս վսէմ,
Հեզահամբոյր ու ժպտադէմ,
Լայն ճակատով, պարզ երեսով
Խօսք էր խօսում համով-հոտով,-
Որի սիրտը սիրով լեցուն,
Բաշխ էր անում ամենեցուն։
***
Մեզ ասացին, շատ պատմեցին,
Թե եկավ մեզ մօտ էն գիւղացին,
Բնութեան ծոցից՝ Լոռուայ ձորից,
Գեղածիծաղ Դսեղ գիւղից,-
Առանց մուրճի, առանց զնդան,
Առանց մանգաղ, առանց պարան։
***
Սեղմ մատներին մի սուր գրիչ,
Ինքն էլ ասող՝ աշուղ-երգիչ,
Դիւթեց, կանչեց,- էլ ինչ ասես.
Հարս հոպոպը, պոչատ աղուէս,
Հաւեր, ձագեր, Շունն ու կատուն,
Թիթեռ, բզէզ, Անմիտ կկուն։
***
Մէկ էլ տեսար՝ թմբուկ զարկեց,
Նադիր շահին բերդը խրկեց,
Առիւծ Մըհեր-զարմ դիւցազուն
Գահի նստեց իշխեց Սասուն.-
Կամ մի կաթիլ մեղրի համար
Արար-աշխարհ խառնեց իրար։
***
Կուզէք նայէք էն սարերին-
Կանաչազարդ ծիլ ու ծաղկին.
Աղբիւրի մօտ ուսած կժին
Հարս ու աղջիկ-սիրոյ գժեր.
Նրանց մօտ է մեր Անուշը,
Սարոն սարին՝ տարուած յուշը։
***
Էս Մեծ մարդը եկաւ էսպէս,
Ապրեց մեզ հետ վառ լույսի պէս,
Մէկ էլ յանկարծ խավարի մէջ
Գնաց բերի Հուրն անշէջ…
Բայց էլ չի գալ հոգին անմահ-
Թիթեռնիկը՝ Զոհ Փարւանայ։
***
Իսկ նորա երգ, սահուն տաղեր,
Միշտ կփայլին ինչպէս աստղեր,
Մենք էլ սիրով յուշ կբերենք,
Մեծ տօներին հանդէս կազմենք,
Սերունդ սերունդ կասենք միմեանց,
Թէ ո՞վ էր նա՝ Յովհաննէս՝ Թումանեանց։
1919, Թիֆլիս
Գ․ Տիկին Ժոզեֆինա՝ Ու. Զարգարյանի խոսքը
Կիպարիսի փոքրիկ ճյուղով, թանկագին Հովհաննես, ես ողջունում եմ քեզ։ Ինչպես այս ճյուղն է պոկված մեծ սլացիկ ծառից, այնպես էլ լեհական գաղութը Թիֆլիսում, որն ինձ խնդրել է քեզ ողջունել, պոկված է իր մեծ եւ գեղասքանչ հայրենիքից։ Ես կիպարիսն ընտրեցի, քանզի դա եղել է մեր մեծ բանաստեղծի՝ Ադամ Միցկեւիչի՝ քո գրչեղբոր սիրելի ծառը։ Դուք երկուսդ էլ միանման սիրել եք ձեր ժողովրդին, տառապել նրա համար եւ երկուսդ էլ հրաշալի գովերգել նրան։ Եվ արձագանքը հեռավոր Գրոդնոյի նահանգի, որտեղ ծնվել է Միցկեւիչը, ճիշտ այնպես եւ Լոռու ձորերի արձագանքը երկուսն էլ կրկնել են տառապյալ ժողովուրդների հառաչանքներն ու նրանց սիրելի բանաստեղծների հրաշալի երգերը։ Այժմ երկու ժողովուրդներն էլ ազատ են։ Դու երջանիկ ես, Հովհաննես, որ հասցրիր տեսնել քո հայրենիքի ազատությունը, իսկ ժողովուրդը քո երջանիկ է, որ ունի այդպիսի Հովհաննես Թումանյան։ Ապրի՜ր դեռ երկար մեզ բոլորիս համար։
Թիֆլիս, 3 ապրիլի, 1919 թ.
(թարգմանությունը՝ Գարեգին Ղազարյանի)։
Ի լրումն վերոգրյալների եւ հաշվի առնելով, որ այս տարի նաեւ Թումանյանի ծննդյան 145-ամյակն է, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում նաեւ այն, որ գողթնեցիները Թումանյանի 50-ամյա հոբելյանի նշմանը պատրաստվել են ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։ Այսպես, մինչ 1919 թ. ապրիլի 3-ի երեկույթի կազմակերպումը, բանաստեղծ Հարություն Թումանյանը Թիֆլիսում տպագրվող «Ժողովրդի ձայն» պարբերականի 1919 թ. մարտի 23-ի համարում հրատարակում է ստորեւ ներկայացվող բանաստեղծությունը.
Նվեր Հովհ. Թումանյանին նրա ծննդյան 50-ամյակի առիթով
Թեպետ չենք ծնվել մի հորից-մորից,
Բայց մենք եղբայր ենք մեր ծնված օրից.
Երկուսս էլ միասին զարկել ենք լարին,
Հայրենի երգեր տըվել աշխարհին։
***
Աղետի, վշտի օրերին դաժան
Տանջվել ենք միասին, եղել անբաժան,
Անհույս ու անլույս մեր խավար երկրին,
Երբ ոսկե շողով բացվել է կրկին,
Երկուսս էլ միասին մենք ուրախ տոնել,
Նոր արշալույսին գովեստ ենք ձոնել։
***
Այսօր՝ հիսնամյա հանդեսիդ պահին,
Քեզ մոտ եմ գալիս ես սիրով անհուն.
Քնարը ձեռիս՝ Քեզ մոտ եմ գալիս,
Ջերմագին համբույր եւ օրհնանք տալիս։
Չունեմ ո՛չ վոսկի, ո՛չ անգին գոհար,
Որ նվեր բերեմ քո տոնի համար.
Թող երգըս համեստ, եթե հավանես
Քեզ նվեր լինի, եղբայր Հովհաննես։
Հարություն Թումանյան
Այնուհետեւ, Ա. Զարգարյանի ու Հարություն Թումանյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ, հենց 1919 թ. ապրիլի 3-ին Ագուլիսի բարբառով առաջին անգամ լույս տեսած «Զօկի ճրօյգը» թերթի առաջին համարում խմբագրակազմը հրապարակել է (լուսանկարով) Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված Ցղնեցի Օվանիսաց Հայկաի ճանաչողական «Թումանաց Օվանիս» հոդվածը, Հարություն Թումանյանի հեղինակությամբ «Շունն ու կատուն»՝ Ագուլիսի բարբառով (տե՛ս նաեւ Ա. Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ, Եր., 2011, էջ 273-274, 520-521)։
Բացի այդ, Թումանյանի հոբելյանական երեկույթ-կաբարեին նախապատրաստվելիս կազմակերպիչները տպագրել ու տարածել են նաեւ միջոցառման հայտագիր։ Թիֆլիսի Արտիստական թատրոնում եւ նրա դահլիճում կազմակերպված ձեռնարկին ավելի ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ հաղորդելու համար հոբելյանական շնորհավորանքներից առաջ կազմակերպել են նաեւ թատերական մի քանի ներկայացումներ ու գեղարվեստական կատարումներ։ Այսպես, Հար. Թումանյանի «Հայկական հիմն» նվագախմբային կատարումից հետո ներկայացվել է Մ. Մանվելյանի «Հեքիաթ» (մեկ գործողությամբ) դրաման, Ա. Զարգարյանի «Ասւած թակի զօկի խասեաթը» (մեկ գործողությամբ) պիեսը, ապա շնորհավորության հանդեսում Հար. Թումանյանը եւ Ա. Զարգարյանը Ագուլիսի բարբառով՝ բեմականացրած տարբերակով, առաջին անգամ ներկայացրել են «Շունն ու կատուն»։
Այս ամենից հետո, գողթնուհիների ջանադիր ջանքերով կազմակերպվել է նաեւ Գողթն գավառին յուրահատուկ ազգային համադամ խորտիկների ու եվրոպական խմիչքների ճոխ հյուրասիրություն, ապա, հայտագրով հայտարարված կաբարեի ժամանակ, ներկայացվել են երկու տասնյակից ավելի հայկական ու եվրոպական երգեր ու պարեր, ռոմանսներ, երգիծական պատմվածքներ եւ այլ երաժշտական համարներ։
Բարձր կազմակերպվածությամբ ու մակարդակով անցկացված այս միջոցառմանը անդրադարձած թիֆլիսյան մամուլի արձագանքներից ներկայացնեմ միայն մի հրապարակում՝ «Кавказское слово»-ի 1919 թ. ապրիլի 9-ի համարում տպագրված «Զոկային երեկո» հաղորդագրությունը.
«Հովհ. Թումանյանի պատվին Արտիստական ընկերության դահլիճում կայացած զոկային երեկոն անցավ մեծ գեղարվեստական եւ նյութական հաջողությամբ։ Լավ բեմադրվեցին Մանվելյանի ուժեղ, դրամատիկական էտյուդը եւ դ[ոկտո՝ր Զարգարյանի հոյակապ, անմիջական հումորով լի պիեսը՝ զոկերի կյանքից։
Կաբարեն նույնպես կրում էր գեղարվեստաազգագրական բնույթ, եւ երեկոյին ներկա ամերիկացիները կարող էին ծանոթանալ Հայաստանի ամենամշակութային անկյուններից մեկի երգերին ու պարերին։
Հով. Թումանյանի մեծարումը կրում էր խոր-հուզիչ բնույթ։ Բանաստեղծին պսակեցին դափնեպսակով, մանուկները նրան բանաստեղծություններ կարդացին, լեհական համայնքի ներկայացուցիչ տիկին Զարգարյանը իր հետաքրքրական խոսքում նրան համեմատեց Միցկեւիչի հետ։ Երկու զոկ բանաստեղծները մրցեցին «Շունն ու կատուի» զոկական խոսվածքով թարգմանությամբ։ Երգեցողությունն ու պարերը ձգվեցին մինչեւ լուսաբաց» (թարգմանությունը՝ Գարեգին Ղազարյանի)։
Այստեղ արձանագրենք, որ Թումանյանն առհասարակ բարձր է գնահատել Թիֆլիսում 1911 թվականից գործած «Զոկական» թատրոնի ելույթները, փափագել է, որ Հայոց աշխարհի մյուս պատմական տարածքների մշակույթը եւս ներկայացվի հանրությանը։ Այս տեսակետից Թումանյանը գողթնեցիների 1911 թ. կազմակերպած առաջին երեկոյի մասին իր «Գավառական երեկույթներ» հոդվածում («Հորիզոն», Թիֆլիս, 1911, 4 փետրվար) գրել է.
«Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Ա. Զարգարյանը կազմել է զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին զոկերեն գրած պիես՝ «Ադաթ չի», երգելու էին զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերեն ժողովրդական ոտանավորներ եւ պ. Հար. Թումանյանի զոկերեն կուպլետները, պարելու էին զոկական պարեր։
Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես եկավ հայ ժողովրդի թերեւս ամենակուլտուրական այս հատվածը, այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով հոտով եւ այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը։
…Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվարի 2-ի գիշերը Թիֆլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին» (ԹԵԺ, հատոր 6, Եր., 1994, էջ 302)։
Ըստ հայտագրի՝ այն կազմված է եղել 3 բաժիններից եւ ունեցել է «Զօկի պըրիկինդան» ընդհանուր վերտառությունը։
1-ին բաժնում ներկայացվել է Ա. Զարգարյանի «Ադաթ չի» 2 գործողությամբ պիեսը։
2-րդ բաժնում, «Դամը Դում»-ի տակ ներկայացվել են.
ա․ Չարդահ (թառի վրա),
բ․ Հար. Թումանյանի «Զօկի նազանի»-ն,
գ․ Հար. Թումանյանի «Հը՜մբա Բալամ, Հը՜մբա»-ն,
դ․ Զօկերեն հեքիաթներ, ոտանավորներ,
ե․ Զօկերեն եայլի։
Այնուհետեւ 3-րդ բաժնում կատարվել են բարեկենդանի պարեր եւ ուրախություն։
Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակությունում (ԹԵԺ, հատոր 6, Եր., 1994, էջ 619) վերոնշյալ հոդվածի ծանոթագրությունում առկա որոշ անճշտությունները սրբագրելով նշենք, որ այդ երեկոյի 2-րդ բաժինը ներկայացվել է ոչ թե Հար. Թումանյանի «Զոկի դարդըդիլ»-ի, ինչպես այն ծանոթագրվել է, այլ՝ «Դամը Դում»-ի տակ։ Ընդ որում՝«Զօկի դարդըդիլն» առանձին ստեղծագործություն է եւ երեկույթի հայտագրում էլ բացակայում է, եւ նրա փոխարեն կատարվել է Հար. Թումանյանի «Հը՜մբա Բալամ, Հը՜մբա»-ն։
Փաստենք նաեւ այն, որ բանաստեղծն այդ ժամանակ առհասարակ դեմ է եղել իր ծննդյան 50-ամյակը նշելուն։ Քանզի նրա ծննդյան օրվանից (նոր տոմարով՝ փետրվարի 19-ին) ընդամենը երկու ամիս առաջ (1918 թ. դեկտեմբերի 3-ին) Արեւմտյան ռազմաճակատում սպանվել էր նրա որդին՝ Արտավազդը (Արտիկը)։
Այնուամենայնիվ, Թումանյանի համար այս անփարատելի կորստից հետո՝ 1919 թ. մարտ-մայիս ամիսներին, Թիֆլիսում տարերայնորեն՝ ընտանեկան, ընկերային, ուսումնական եւ այլ շրջանակներում նշել են նրա 50-ամյա հոբելյանը։ Այս առումով Թումանյանը 1919 թ. մայիսի 4-ին Թիֆլիսից դստեր՝ Աշխեն Թումանյանին գրած նամակում իր 50-ամյակի առթիվ կատարումների մասին գրել է.
«Ամեն ճաշին ու իրիկունը մեր տունը լիքն է, շատ ընտիր ու գեղեցիկ հասարակություն է բոլորում շարունակ մեր սեղանի շուրջը ու շարունակ ինձ տխրեցնում։
Անցյալ օրն էլ հրավիրվածները շատ ծաղիկ բերին, տունը կորել էր ամեն տեսակի ծաղկի մեջ։
…Երեկ չէ առաջին գիշերը հրավիրված էի վրացիների մոտ…
…Երեկ իրիկուն տիկին Բուլմերինգի մոտ (գեներալ Ակիմովի տանը) մի անակնկալի ենթարկվեցի։
…Գնամ տեսնեմ մի 70-80 հոգի հայ եւ գերմանացի ընտիր հասարակություն եւ դարձյալ իմ 50-ամյակի պատմությունը։
…Ապա թե մի ծարկազարդ կողովի մեջ լիքը ցորեն տվին, վրեն մի կարտ Народному певцу Армении — привет от мыслящей Германии» (ԹԵԺ, հատոր 10, Եր., 1999, էջ 317-318)։
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
19-02-2014
Աղբյուր՝ HHpress.am