«Ես Վիլյամ Սարոյանն եմ՝ Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը…
Ես ծնվել եմ Ֆրեզնոյում — Կալիֆոռնիայի նահանգ — բայց ծնողներս բիթլիսցի են…
Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը, պատմում Բիթլիսի պատմությունները…»
Ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանին հանդիպեցի մեկ անգամ: Այն տեղի ունեցավ 1978 թ. հոկտեմբերի 14-ին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 150-ամյա հոբելյանական նիստի ժամանակ:
Ի տարբերություն ուրիշ միջոցառումների, այս նիստը տեղի ունեցավ շաբաթ օրը, սկիզբը՝ առավոտյան ժամը 10-ին, թե՛ ելույթներն էին շատ, թե՛ գեղարվեստական մասն էր ընդարձակ: Երբ Արագածի շրջանի պատվիրակությունը տեղ հասավ, «Ռոսիա» կինոթատրոնի 1600 տեղանոց մեծ սրահի գրեթե բոլոր տեղերը զբաղեցված էին:
Երջանիկ պատահականությամբ Արագածի պատվիրակությունը նստած էր Վիլյամ Սարոյանի և Վահագն Դավթյանի զբաղեցրած շարքի առջևում, ես նստած էի Սարոյանի դիմացի նստարանին: Մեծ հուզում էր պատել ինձ, եթե շրջվեմ, Սարոյանին կտեսնեմ:
Ինձ այլևս նիստը չհետաքրքրեց, թեև այնտեղ էլ շատ նշանավոր անձինք խոսք ասացին, ես՝ վերացած այդ ամենից, Սարոյանի մասին էի մտածում, Մաք-Գրեգորի և Ջոնիի երկխոսություն էր պտտվում ուղեղումս, մտածում էի. տեսնե՞ս այս պահին որ լեռներում է սավառնում Սարոյանի սիրտը:
Նախ, զարմացած էի, ինչու՞ նա նախագահությունում չի, բայց ներքուստ էլ ուրախ էի, որ ինձ չքնաղ հնարավորություն ընձեռվեց մոտիկից տեսնելու մեծանուն Սարոյանին, զրուցել հետը:
Մինչև միջոցառման սկսվելը, մոտեցա, բարևեցի, հիացմունքս, ուրախությունս արտահայտեցի՝ աչքերս, դեմքս շողշողում էին երջանկությունից, այտերս վառվում էին:
— Դուն հա՞յ ես,- հարցրեց: Ժպտալով պատասխանեցի,- այո: Կարծեմ մազերիս շեկությունն է մեղավոր: — Քու անունն ի՞նչ է: — Լիզա, — ասացի: — Ի՞նչ, — գրեթե գոռալով կրկնեց հարցը: Ես՝ շիկնելով պատասխանեցի: — Ուսկի՞ց կուգաս:
— Լեռնային մի շրջանից, Արագածից եմ, և ձեռքով նշան արեցի մեր պատվիրակության կողմը, — նրանց հետ եմ: Կրկին՝ գոռալով հարցրեց. — Ո՞ր շրջանեն: Ես ավելի շիկնեցի, մտածեցի, գուցե՞ դահլիճի ժխորը և իմ արևելահայերենն են մեղավոր, որ խոսքս չի հասկացվում: Վահագն Դավթյանը, ով՝ վստահ գիտեր նրա բարձրախոսության «գաղտնիք»-ի մաին, բարձր տոնով միջամտեց մեր զրուցին, թե վերջինն տարիներին է կազմավորվել այդ շրջանը: — Հայաստանի ո՞ր կողմն է ադ շրջանը: — Երևանից 70 կմ հյուսիս-արևմուտք, Արագած լեռան լանջերին, լեռան հայացքի առաջ: — Հոն կաշխատի՞ս: — Այո՛, — պատասխանեցի, — շրջանային թերթի խմբագիրն եմ: — Աղեկ է, աղեկ է: — Լ՞ավ է աս բարեկամությունը: — Անշուշտ: Ինքը շարունակեց բարեկամության մասին խոսել:
Նիստի ընթացքում ևս մի քանի անգամ բաներ հարցրեց ինձնից: Ես՝ շրջվում էի նրա կողմը՝ լսելի տոնով պատասխանում, թեև մոտակա նստարանների հանդիսատեսները՝ սաստող հայացքներով փորձում էին լռեցնել մեզ: Հիշում եմ, նիստի ընթացքում նա մի քանի անգամ դուրսուներս արեց:
Այսօր, եթե մտնեմ այդ շենքը, դյուրությամբ կգտնեմ մեր շարքերը:
Ընդմիջումներից մեկի ժամանակ, խնդրեցի ընծայագրի նոթատետրումս: Բացի ընծայագրից, նաև՝ շռայլորեն, բազմաթիվ ստորագրություններ թողեց նոթատետրումս և հրավիրատոմսի վրա:
Այդ օրվա զեկուցումից և ելույթներից շատ բան չեմ հիշում, որովհետև տարված էի Սարոյանով՝ շունչն այրում էր թիկունքս:
Այսօր, երբ այդ նոթատետրը, հրավիրատոմսը ձեռքս եմ վերցնում՝ որտեղ մեծն Սարոյանի ընծայագիրն է և ստորագրությունները, սարսուռով է պատում մաշկս, անանց կարոտ ու թախիծ է պատում հոգիս՝ Սարոյանի ձեռքն է կպել, Սարոյանի գիրն է և ստորագրությունը: Հիմա զգում եմ տաք շունչը՝ լույս ու պայծառություն էր կաթում դեմքից:
Օրեր շարունակ չէի կտրվում՝ երջանիկ հանդիպման տպավորություններից:
Տարիներ հետո, որդու՝ Արամ Սարոյանի հուշերը ընթերցելիս, բացահայտեցի Սարոյանի բարձրախոսության գաղտնիքը՝ փոքր տարիքում հիվանդություն է տարել, որի բարդությունից ականջներից մեկը խլացել էր: Ահա ինչու էր նա միշտ գոռալով խոսում…
Հեղինակ` Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ․am