Սեպտեմբերյան այդ օրը ինձ համար «թաքուն աղերսներով» էր լեցուն՝ գլխացավ պատճառելու պես. 1996 թվականն էր։ Ղարաբաղյան պատերազմի զինադադարը մեր մեջ չէր դադարել՝ հրաշք տղաների կորուստների արձագանքները մեզնից խլում էին մեր «հոգեպահուստ» նյարդերի վերջին բեկորները…
Չէի հիշում վերջին անգամ ե՞րբ էի հանդիպել մարդու՝ գրողի, հրապարակագրի, գրական-հրատարակչական բովում թրծված կազմակերպիչ նվիրյալի՝ Դոնի Ռոստովում ծնված Գևորգ Դևրիկյանին։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում, համարյա օրումեջ պետք է հանդիպեի նրան «Արևիկ» հրատարակչության իր աշխատասենյակում, ու հազիվ ինձ զսպեի, որ իր «հուզումների լեզուն» (Ե. Չարենց) ինձնից չխլեր ներքին տվայտանքներս, հատկապես երբ խոսում էր, ներքին տագնապները ի ցույց չդնելով, պատերազմի առաջնագծերում գտնվող որդու՝ Վարդանի մասին։
Ես նույնիսկ չէի ուզում հարցնել, ինքն էլ անխոս էր, որովհետև որդու լրատվական հոդվածները տպագրվում էին հենց կրակագծից՝ «Երկիր» թերթում…
Սեպտեմբերյան այդ օրը. և… Գևորգ Դևրիկյանի մահվան բոթը շփոթեցնելու պես անհավատալի, ինձ հավասարակշռությունից հանող։ «Մոսկվա» կինոթատրոնից հրապարակ տանող ճանապարհին էի. երկու անձանց բարձր խոսակցությունից լսեցի։ Ինչու՞ էին այդքան բարձր խոսում, գուցե նախախնամության պատճառով՝ ինձ լսելի լինելու համա՞ր, գուցե այդ պահին ու այդ իրավիճակում պետք է այլայլվեի՞ ինձ համար այդ թանկ կորստի համար։
Ով ճանաչել է Գևորգ Դևրիկյանին մտերմության որոշակի «կարգավիճակով»՝ կհավատա, մանավանդ, տարիներ անց ինձնից այդպես էլ «չվտարվող» ապրումներիս համոզչությանը։ Բայց… Գևորգ Խաչատուրովիչը մահացե՞լ է. սա այնքան անհավատալի էր, որ ուզում էի շրջվել ու անծանոթներին ասել. «Գուցե սխալվու՞մ եք»։
Ես հասկանում էի նրան լռելայն, իր անսովոր հումորի տողատակերից դուրս խուժող իրողություններին ծանոթ էի, ու նրա մահն ավելի քան անհավատալի էր։
Պատմական Հայաստանի (Փոքր Հայք) Տիվրիկ բերդաքաղաքից տեղահանված սերունդների զարմից էր Գևորգ Դևրիկյանը և գիտակցական, հանրային կյանքում սևեռումի հասնող սիրով անցյալի պատմականությունը ամփոփագրել էր այնպիսի հայաշունչ կոլորիտով, որ հայ դասական պատմավեպին արդիականություն էր հաղորդել և ապրում էր հայոց բարեփոխյալ մայրաքաղաքում՝ «վիրավոր կռունկից» այլևս խապրիկներ չսպասելով, և եթե սպասում էր «ծառայ ձայնին», ապա անզինաթափ, հոգևին և անկոտրում։ «Վիրավոր կռունկ», «Տրդատ ճարտարապետ» և «Գոյամարտ» էր վիպասանում՝ պատմության ողջ հերոսականությունը անվերադարձ կորած չհամարելով։
Մեր միջև հումորի «մրցավազքը» երրորդ անձի համար տարօրինակ ու անհասկանալի կթվար, եթե հանկարծ իր աշխատասենյակում կամ փողոցում շրջելիս լսեր մեր «հակամարտ» զրույցը, և եթե ասում էի (հոգնեցնելու չափ ասել եմ) «Գևորգ Խաչատուրովիչ, բայց երկրագունդը այնուամենայնիվ կլոր չէ» (իր «Երկրագունդը կլոր է» վիպակի վերնագիրն էի «խաղարկում»), նրա պատասխանը միշտ նույնն էր. «Բայց մեր շնորհիվ կլորվում է»։
Ազգային արժեքների, ավանդույթների հավատարմատար-ժառանգորդի ավյունով էր ապրում՝ այդ ամենը հրապարակայնացնելու, հանուրի ուշադրության մեջ ամրակայելու մտադրությամբ՝ թե հեռուստաներկայացումներում, և թե պատմվածքներում ու հրապարակագրության մեջ։ Հատկապես վերջիններում՝ անսքող ճշմարտացիությամբ կամրջելով անցյալն ու մեր օրերի հայ մարդու, հայ ոգու իրար անջրպետող կամ իրարից անհուսալիորեն հեռացած այն «կապուղիները», որոնք պարտադիր էր համարում մեր լինելության ճանապարհն ավելի հուսալի դարձնելու համար։
Չի եղել մի դեպք, միջանկյալ հիշվող՝ տպավորություն «ակոսող» հուշարժան մի միջադեպ, որին իր հատու հումորով չանդրադառնար։ Մի օր, երբ աշխատասենյակի կիսաբաց դռնից ուզում էի ներս մտնել, զվարթ բարձրաձայնեց. «Ի՜նչ լավ կլիներ քո փոխարեն մի … խաչապուրի ներս մտներ»։ Ինքը գիտեր, որ ես ցանկացած պահի, ցանկացած միջավայրում միշտ «անհողդողդ» եմ և միանգամից ասացի. «Գևորգ Խաչապուրիչ» և զվարթ, սպասելի ծիծաղը տարածվեց ոչ միայն սենյակում, այլև հարակից սենյակներում և միջանցքում։ Այս միջադեպը պատմում էր մտերիմներին և շարունակ ծիծաղում։ Հանրածանոթ էր հատկապես համեղ կերակուրների, խորտիկների նկատմամբ իր ունեցած սերը. այստեղ նույնպես նվիրյալ էր, շահախնդրությամբ անմրցունակ էր։
Մանկության հիշողությունների անվերջանալի շարանը միշտ «զորաբանակի» պես իր առջևում էր։ Զգաստ և զգոն հրամանատարը այդպես էլ նրանց չզորացրեց, որովհետև ինքն արթուն ու ծնրադիր էր նրանց առաջ, պահապան հրեշտակն էր, համբառնելի թևեր էր նրանց ընդելուզել, որ այս աշխարհից, հայոց հինավուրց աշխարհից նրանց գոյությանը, ձայնին կարոտ չմնան, և «կարոտ եմ ձայնիդ» եղերերգությունը չհնչի իր նախկին հնչողությամբ…
Սեպտեմբերյան այդ օրը… եթե չեմ սխալվում ամսեսկիզբ էր, սկիզբը նոր հեռավոր ճամփորդության՝ մի մարդու, ով իր ներկայությամբ, արդար նվիրումով լիացրեց մեր կյանքը՝ «գիրը մնայ յիշատակողի» առաքելությամբ և միանգամայն անվրդով…
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am