1970 թվականի հունիսին «Ջերմուկ» գրական ստուդիայի հրավերով Ջերմուկ եկան Պարույր Սևակը և Ստեփան Ալաջաջյանը: Ստուդիայի ղեկավար արձակագիր Վլադիմիր Հարությունյանի ջանքերով կազմակերպված գրական փնջային հավաքների նպատակն էր Սյունիքի ու Վայոց ձորի ստեղծագործողների հետ ծանոթանալը, վերջիններիս գործերը ընթերցելը, գնահատելը, քննարկելը և խորհրդատվությունը: Ներկա էին մոտ քառասուն հեղինակներ: Պ. Սևակը ընթերցեց ներկայացված չափածո գործերը և խիստ դժգոհ մնաց, քննադատեց ու դատապարտեց գրեթե բոլորին: Սրահում մթնոլորտը լարված էր ու պոռթկումը չուշացավ.
— Ընկեր Սևակ, դուք ուզում եք, որ մենք գրենք այնպես, ինչպես դուք եք գրու՞մ…Ձեր չափանիշներո՞վ եք մեզ դատում…
— Ո՛չ, ես ուզում եմ, որ դուք ինձանից ավելի լավ գրեք: Այլապես ընթերցողները կշարունակեն ընթերցել ինձ: Եթե կարող եք ավելի լավ գրել, քան՝ ես, ուրեմն ընթերցող կունենաք, ինձ կողք կդնեն ու ձեզ կկարդան, ուրեմն դուք կճանաչվեք որպես բանաստեղծ, իսկ ձեր գրածը՝ բանաստեղծություն:
Արձակ ժանրի «դատավոր» Ստեփան Ալաջաջյանին ներկայացվել էին հինգ պատմվածքներ: Նա ևս որոշակի դիտողություններ ուներ, օգտակար խորհուրդներ տվեց և այլն:
Նկարում. ձախից՝ Վլադիմիր Հարությունյան, Պարույր Սևակ, Ստեփան Ալաջաջյան
Նկարը՝ իմ անձնական ալբոմից
Զեմֆիրա Սարգսյան
Աղբյուր՝ Magaghat.am