…Ձմեռը չեմ սիրում: Եթե ձյուն չկա, արդեն թերություն է: Կար ժամանակ՝ դարպասը բացում էին թիերով: Լենինականում բոլորս սահնակներ ունեինք: Զարմանալի բան է, ձյունն էլ պակասեց: Աշխարհը կարծես ամաչկոտ է դարձել և առաջվա պես է՛լ չի ճերմակում: Մենք սահնակին շուն էինք կապում: Մի անգամ շունը կատու տեսավ և ընկավ նրա ետևից: Ինձ պատկերացրեք այդ սահնակի վրա: Ես ձմեռ էլ էի սիրում, բայց իմ հարաբերությունները նրա հետ գնալով վատացան: Մարդ տարիների հետ ջերմության կարիք է զգում և կամաց-կամաց վերադառնում է դեպի իր անցյալը: Ապագայից նա ոչ մի սպասելիք չունի: Ընդամենը վախենում է: Մանկության զվարթունները հետո գնալով դառնում են մահվան ուղեկիցներ: Նրանք նման են լուցկու տուփի: Վառվեց, ու վերջ: Ծերանում ես, երբ փոխվում է մեր որակը: Դու կորցնում ես պորտալարով կապված ծնողներիդ: Ինձ թվում է, որ հիմա էլ մայրս անվերջ լվացք է անում: Նա ոտնաձայներից հասկանում էր ինձ…
…Երբ հասունանում ես, հատում ես հիսունի սահմանագիծը, մայրն ու կինը գրեթե նույնանում են: Մեկի ավարտած առաքելությունը շարունակում է մյուսը: Երջանկություն է, երբ հանդիպում ես քո կեսին: Այն վիճակախաղի պես մի բան է: Կամ շահում ես, կամ` չէ: Հիմա ընտանիք կառույցը խլածաղկի պես բան է: Կպար` թերթաթափ կլինի, կմնա ցողունը: Երբ Վաշինգտոնում իմացան, որ ես 28 տարի ապրում եմ մի կնոջ հետ, «հավատարմության» վկայական տվեցին, ինձ փողկապ նվիրեցին, կնոջս էլ` օղեր: Նվիրյալ կինը լավ բան է: Կորցրեցիր` հողը կսահի ոտքերիդ տակից: Կարելի է միասին ծերանալ, բայց ծեր չլինել: Մեր տարիները հանվում են, երիտասարդներինը` գումարվում: Տեսնես` ո՞ւր են շտապում:
…Բանաստեղծը միշտ ստեղծում է իր երկրորդ աշխարհը, որը անցյալի պրոդուկցիան է: Դատարկության մեջ ոչինչ չի հորինվում: Նրա համար հրեշտակները ռեալ, հողին ապրող կերպարներ են: Օրվա մեծ մասը անցնում է նրանց հետ: Պոետն է ընտրում իր ճակատագիրը և փորձում է տնօրինել յուրովի, իր պես… Երբեմն հրեշտակներն էլ են շփոթվում, և դու էլ՝ նրանց հետ: Այդ գլխապտույտը գինովության պես մի բան է: Սթափվեցիր` կհիշես, որ կա վերին Ուժը, Հսկումը կա, հայացքի սրությունը Տիրոջ, և ակամա ուզում ես շփոթմունքդ մեղքանման հավանել և քայլում ես քո իսկ ստվերը ոտքերիդ տակ գցած… Հետո սպասում ես, սպասում, արդեն երևակայական մի անկշիռ, անկոչ հրեշտակի, որին երբևէ չես տեսել, չես նայել աչքերի մեջ: Նա կգա ու կասի.
— Գնա՛նք…
Դու ձեռքդ ակամա կմեկնես նրան նորապսակի նման, չես հասցնի հրաժեշտի խոսքեր ասել յուրայիններին:
…Բայց չէ, վերադառնանք մեր զրույցին: Միշտ ուզում եմ բարձրաձայնել.
— Մանկություն չեք ապրում, երեխե՛ք:
Հետո կգա կյանքի պրոզան: Գրեք կարևորի մասին: Հոգեբուժարանում երբեմն կարող ես հանդիպել խենթերի, ովքեր շատ խելոք բաներ են խոսում, բայց՝ անվերջանալի: Նրանց մեջ գրողներ էլ կան: Ջուր մի՛ խառնեք եղածին: Ձեզ շաքար են տալիս, այն մի բաժակի մեջ երևում է, իսկ դույլի մեջ՝ կորչում: Մտքերը սեղմեք, թող չկորչեն շաքարի պես: Մատաղ ծառին կարելի է ուղղություն տալ: Թե բունը հաստանա, ոչինչ արդեն չի փոխվի: Նկատե՞լ եք` թաղման ժամանակ հարազատները ամենաքիչն են խոսում, օտարներն են, որ չաչանակություն են անում: Նույնն է նաև գրականության մեջ: Անկեղծ զգացողություն ունեցող մարդը ժլատ է և քչախոս: Նա մտածում է:
Հ.Գ. Հովհաննես Գրիգորյանը մի կում սառը սուրճ խմեց և ասաց.
— Հոգնեցի, Հռիփսիմէ, արի զրույցը շարունակենք մի ուրիշ օր…
Զրուցել է ՀՌԻՓՍԻՄԷՆ
Տպագրվել առանց հարցերի
Աղբյուր՝ Grakantert.am