Չոպանյան Արշակ Հովհաննեսի (15.7.1872, Կ. Պոլիս-8.6.1954, Փարիզ), գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ։ Ծնվել է ակնցի ոսկերչի ընտանիքում։ Սովորել է Կ. Պոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների։ Ստեղծագործել է վաղ տարիներից՝ ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցելով «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895-ին խմբագրել է «Ծաղիկ» կիսամսյա թերթը։ Նույն տարում, խուսափելով թուրք. իշխանությունների հետապնդումներից, տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898-1911, նոր շրջան` 1929-49) գրական-գեղարվեստական հանդեսը, մասնակցել «Վերածնունդ» (1917-19), «Ապագա» (1921-24) թերթերի խմբագրմանը։
Չոպանյանը եղել է ռամկավար կուսակցության անդամ։ Ստեղծագործել է գրական բոլոր սեռերով։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891), «Թրթռումներ» (1892), «Քերթվածներ» (1908) գրքերում, որոնք բնորոշվում են ռոմանտիկական պոեզիայի միակողմանիությունը հաղթահարելու եւ իրականության կենդանի գծերն արտահայտելու ձգտումով։ Լույս են տեսել Չոպանյանի նաև «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893), «Հրաշքը» (1923) դրամաները և այլ երկեր։
Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Լինելով կուլտուր-պատմական դպրոցի սկզբունքների հետնորդ՝ նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Չոպանյանը հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902, «Հայրեններու բուրաստանը», 1940), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910), «Հայ էջեր» (1912) գրքերը։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ծավալուն ուսումնասիրություններ։
Չոպանյանը առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել իբրև գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։
Չոպանյան-քննադատի նախասիրած ձևը էսսե-դիմանկարի ժանրն է, որի սեղմ շրջանակներում նա տվել է գրողի ընդհանրացված, խոր և դիպուկ բնութագիրը, բացահայտել նրա ստեղծագործական մտածողության, մեթոդի և ոճի էական գծերը։ Այդպիսի հոդվածներ է նվիրել Խ. Աբովյանին, Ղ. Ալիշանին, Հ. Պարոնյանին, Գ. Սունդուկյանին, Րաֆֆուն, Պ. Պռոշյանին, Ա. Շիրվանզադեին, Համաստեղին և ուրիշների (զգալի մասն ամփոփված է «Դեմքեր», հ. 1-2, 1924-29, ժողովածուներ)։
Չոպանյանի գեղագիտական հայացքների հիմքը ռեալիստական արվեստի սկզբունքներն են, որոնց մեջ նա տեսել է կյանքին արձագանքելու և ժողովրդին ծառայելու լավագույն ուղին, թեև բարձր է գնահատել նաև ռոմանտիկական ուղղության պատմական նշանակությունը։ Չոպանյանը արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։ 1924-ին Ե. Չարենցին անվանել է «Հայ մեծագույն բանաստեղծներեն մին» և «Հայ հանճարի նոր հաստատումը» («Ապագա», 1924, N 16, 17)։
Չոպանյանը հոդվածներ է նվիրել նաև արևմտա-եվրոպական (Վ. Հյուգո, Բալզակ, Է. Զոլա, Հ. Իբսեն, Է. Վերհառն) եւ ռուս (Ա. Պուշկին, Ն. Գոգոլ, Ի. Տուրգենև, Լ. Տոլստոյ) գրողներին։ Ռուս գրականության մեջ բարձր է գնահատել «Վեհանձն գթության ոգին, մարդկային լայն եղբայրության մը բուռն ծարավը, բացարձակ արդարության բաղձանքը, կյանքի ուղղակի դիտողության և պարզ ու հավատարիմ արտահայտության ձգտումը, արվեստը առանց արվեստականության…» («Անահիտ», 1909, N 1-2, էջ 47)։
Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում պրոպագանդելու և հայ ժողովրդի դատը պաշտպանելու ուղղությամբ։ Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ։ Թարգմանել է և ֆրանսերենով հրատարակել հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ երկեր։ Այդ աշխատանքի պսակն է եղել «Վարդենիք Հայաստանի» ֆրանսերեն (հ. 1-3, 1918-1929) ժողովածուն։
1933-ին այցելել է հայրենիք, ողջունել նրանում կատարվող մեծ փոփոխությունները։
Չոպանյանի գրական-հասարակական գործունեությունը բարձր են գնահատել Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Ա. Ֆրանսը, է. Վերհառնը, Ռ. Ռոլանը, Վ. Բրյուսովը և ուրիշներ։
Երկ. Բանաստեղծություններ, Փարիզ. 1949։ Երկեր, Ե., 1966։ Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը, Ե., 1967։ Նամականի, Ե., 1980։
Գրկ. Թումանյան Հ., Նաղաշ Տովնաթանը և նրա Քուչակ Նահապետի ու Սայաթ–Նովայի սերը, Թ., 1916։ Ֆեներճյան Գ., Արշակ Չոպանյան, Կենսագրական և մատենագրական նոթեր, Փարիզ, 1938։
Է. Ջրբաշյան
Աղբյուր՝ Armenianhouse:
Տեսանյութը պատրաստվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր Մեծերը» ծրագրի շրջանակում։
Հեղինակ և վարող՝ Արփեն Մովսեսյան։