Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։
Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։
Վավերագրական այս ֆիլմը յուրօրինակ մոտեցում է Մուշեղ Գալշոյան գրող-արձակագրին:Գրողն այս ֆիլմում ներկայանում է հիմնականում իր իսկ գրած ակնարկների միջոցով, ակնարկներ, որոնք մինչև օրս էլ խիստ արդիական են: Դրանք գրողական մտքի մտահգության, հային հայեցի պահպանելու ուրույն գրողական դրսևորումներ են, լի վաղվա օրվա նկատմամբ մեծագույն պատասխանատվությամբ:
Վավերագական ֆիլմի սցենարիստներն են՝ արձակագրի դուստրը՝ Սիրանույշ Գալշոյանն ու Տարոն Ղափլանյանը, ով նաև սույն ֆիլմի ռեժիսորն է: