«Երևի մեր ազգային խառնվածքի բերումով մենք ժլատ ենք մեր կողքին կանգնած արվեստագետներին գնահատելիս և չափազանց շռայլ, երբ խնդիրը վերաբերում է օտար անուններին, որոնց մինչև իսկ մենք չենք էլ տեսել բեմում։ Մի ինչ-որ տարօրինակ նախապաշարում խանգարում է մեզ տեսնելու մերը»։
Գևորգ ԱԲԱՋՅԱՆ
Սունդուկյանցիների վերջին մոհիկաններից էր հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանը։ Մոտ 60 տարի ծառայեց թատրոնին, բայց այդպես էլ չարժանացավ ժողովրդականի կոչմանը։
Գևորգ Չեփչյանի ծնողները գաղթել էին Վանից և բնակություն հաստատել Դոնի Ռոստովում, որտեղ էլ ծնվել է ապագա դերասանը։
Հայրը` Ավետիսը, Երևանի ծխախոտի գործարանի հիմնադիրներից էր, մայրը` Անուշը, տնային տնտեսուհի։
Բանաստեղծական նուրբ հոգի ուներ տիկին Անուշը, և որդին միշտ ասում էր, որ շատ բանով է պարտական մորը։
Ամեն առավոտ նախաճաշից առաջ տիկին Անուշի երեք զավակները պետք է ներկայանային ասմունքով։ Մի պայման էլ էր դրել մայրը որդիների առաջ. բանաստեղծությունների ծրագիրը երկու շաբաթը մեկ պետք է թարմացվեր։ Գևորգը հաճույքով էր կատարում մոր հանձնարարությունը։ Ընտանեկան թատրոնը պատանու հոգում սեր արթնացրեց արվեստի նկատմամբ։
Դպրոցն ավարտելուց հետո Գևորգն ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը։ Վարդան Աճեմյանը սիրում էր իր սանին։ Երբ Գևորգն ավարտեց ինստիտուտը, վարպետը սկսնակ դերասանին հրավիրեց աշխատանքի Երաժշտական կոմեդիայի թատրոն, ուր այդ տարիներին նա գլխավոր ռեժիսորն էր։ Այս թատրոնում Գևորգ Չեփչյանը խաղաց գլխավոր դերեր Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», Ն. Զարյանի «Աղբյուրի մոտ», Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Ի. Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Յ. Շտրաուսի «Գնչուական բարոն» ներկայացումներում։
Երբ Վարդան Աճեմյանին նշանակեցին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, նա Գևորգին իր հետ տարավ մայր թատրոն։ Դերասանը մասնակցել է թատրոնի լավագույն ներկայացումներին, եղել է հայ բեմի մեծերի խաղընկերը։ Դերասանը հաճախ էր հիշում 1956 թվականը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ հայ գրականության ու արվեստի երկրորդ տասնօրյակը։ «Աճեմյանական հանրահայտ «Նամուս»-ում ես Սեյրան էի խաղում։ Իմ Սուսանը Մարգո Մուրադյանն էր։ Խաղում էինք մեծ ոգևորությամբ։ Ներկայացումն ավարտվելուց հետո բուռն ծափահարություններ հնչեցին, վարագույրը բացվեց ու փակվեց տասնմեկ անգամ։ Մենք կանգնած էինք հուզված ու հպարտ։ Դա ոչ միայն մեր հաղթանակն էր, դա մեծ սիրո հաղթանակն էր, որ նկարագրել էր Ալեքսանդր Շիրվանզադեն և մեկնաբանել էր մեծ ռեժիսոր Վարդան Աճեմյանը»։ Սեյրանի դերը մեծ ճանաչում բերեց Գևորգ Չեփչյանին։
Բազում դերեր է խաղացել դերասանը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում` հայ, ռուս, եվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում, արժանացել է հանդիսատեսի սիրուն ու համակրանքին։ Դերերն էլ տարբեր են եղել. Միքայել` Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ում, Արշակ` Ա. Շիրվանզադեի «Քաոս»-ում, Մետ` Ա. Կրոնինի «Բրոուդիի ամրոց»-ում, Երկաթ` Հ. Պարոնյանի «Պաղտասար ախպար»-ում։
Անմոռանալի է նրա Իվոլգինը Ֆ. Դոստոևսկու «Ապուշ»-ում։ Այդ դերակատարումը բարձր գնահատեց ռուսական մամուլը։ Անվանի արվեստաբան, դոկտոր, պրոֆեսոր Ա. Բորտաշևիչը գրեց. «Գանյա Իվոլգինի դերակատար Գևորգ Չեփչյանի անունը մեզ համար հայտնություն էր, նրա կերպարը զգալու մեծ հատկությունը, արտահայտիչ պաուզաները, ժպիտի տակ քողարկված արցունքը, չինովնիկի տրորված արժանապատվության կսկիծը արտիստը հաղորդում է խոր հուզականությամբ։ Վառարանին մոտենալու, հարյուր հազարները փրկելու տեսարանը պարզապես ցնցող էր։ Արտիստի քայլվածքը, հոգեկան շփոթից բորբոքված հայացքը, վառարանի քուրայում վառվող փողերը տեսնելուց նրա հոգեկան ցնցումն ու գետնին տապալվելը արտիստի ստեղծած կերպարի զենիթն էր, բարձրակետը»։
Վարդան Աճեմյանը Չեփչյանի լուրջ հաջողություններից էր համարում Վարժապետի դերը Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը»-ում։ Ընդամենը մեկ տեսարանում էր զբաղված դերասանը, բայց ասելիքը մեծ էր։ Մեր առջև էր իսկական հայրենասերը, մտավորական հայրենասերը, որի համար ամենակարևորը երկրի ապագան է` հայ երեխաները, նրանց ճակատագիրը։ Դերասանը մեծ վերելքով ու ոգևորությամբ էր անցկացնում այդ տեսարանը։
Չեփչյանը բազմապլան դերասան էր, նրա համար ամպլուա հասկացություն գոյություն չուներ։ Քնարական, բարդ հոգեբանական դերերի կողքին նա ստեղծել է հումորով լի կերպարներ, արել է այդ նրբորեն, չափի զգացումը պահպանելով։ Դրա ամենավառ օրինակն է Երվանդը՝ Ժ. Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» կոմեդիայում։
Բազմաթիվ ու բազմաբնույթ կերպարներ է ստեղծել դերասանը հեռուստա և ռադիոբեմադրություններում։ Ավագ սերնդի հեռուստադիտողները մինչ օրս հիշում են Գ. Չեփչյանի Լևոնի դերակատարումը Ա. Շիրվանզադեի «Արտիստը» պատումում։ Նա խաղացել է հեռուստատեսության լավագույն ռեժիսորների ներկայացումներում` Օլգա Մելիք-Վրթանեսյան, Կիմ Արզումանյան, Գրիգոր Արզումանյան, Կառլեն Վարժապետյան, Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյան։
Ակնառու են Չեփչյանի հաջողությունները կինոարվեստում։ Նա նկարահանվել է «Հայֆիլմում»՝ «Նվագախմբի տղաները», «01-99», «Ոսկե ցլիկ», «Արշակ», իսկ ավելի հաճախ խաղացել է Ռուսաստանի կինոստուդիաներում նկարահանված ֆիլմերում։ «Մոսֆիլմի» կինոռեժիսոր, մեր հայրենակից Ալբերտ Մկրտչյանը գրել է. «Գևորգը մարմնավորել է տարբեր ազգերի մարդկանց կերպարներ։ Նրան հաջողվել է պարզ ու համոզիչ գույներով ստեղծել Ռամազանովի հոգու ներքին հատկությունները «Դեղ վախի դեմ» կինոնկարում Սվերդլովսկի կինոստուդիա, իսպանացու էպիզոդիկ դերը «Այդ քաղցր բառը` ազատություն»՝ «Մոսֆիլմ», Դուկարի դերը «Սաննիկովի երկիրը» «Մոսֆիլմ», Մելիքսեթյանի հետաքրքիր կերպարը «Ոսկե ական» երկսերիանոց գեղարվեստական կինոնկարում «Լենֆիլմ» և այլ դերեր։
Չեփչյանի հետ մեր առաջին համատեղ ստեղծագործական աշխատանքը կինոյում կայացավ 1971-ին, երբ ես նրան հրավիրեցի «Մոսֆիլմ» «Սաննիկովի երկիրը» գեղարվեստական կինոնկարում Դուկարի դերակատարման համար։ Այս ֆիլմում լինելով Խորհրդային Միության նշանավոր դերասաններ Գրիցենկոյի, Վիցինի, Դվորժեցկու, Օլեգ Դալի խաղընկերը, Չեփչյանն իր ստեղծած գունեղ ու հետաքրքրական կերպարով ոչ միայն չզիջեց նրանց, այլև վստահորեն կանգնեց նրանց կողքին»։
Գևորգ Չեփչյանը նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ էր։ Նա իր խոր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցում էր երիտասարդներին։
Արվեստագետ Գևորգ Աբաջյանը գրել է. «Շատերին թվում է, թե Չեփչյանը երիտասարդ դերասան է։ Որտեղի՞ց է գալիս այս պատրանքը։ Ամենայն հավանականությամբ՝ իր մարդկային խառնվածքից։ Կենսախինդ է, կատակասեր, տարիների բեռը չի կորացրել նրա ուսերը, չի նվազեցրել երիտասարդական ավյունը։
Այո, նա կենսախինդ էր, միշտ ժպտադեմ։ Բայց նրա ժպիտի մեջ կար մեծ թախիծ, սրտի վրա` մեծ վերք։ Նա կորցրել էր որդուն, կնոջը։ Այդ մեծ վիշտը նա տարավ իր հետ»։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ