Արմենակ Շահմուրադյան։
Կոմիտաս ֆիլմը վաղուց սպասված էր․․․
Թեման լուրջ՝ գրեթե էպոսային․․․
Կոմիտաս՝ հայկական երաժշտության Մաշտոց․․․
Պատասխանատու գործ, որին անկասկած ձեռնամուխ պետք է լիներ տաղանդավոր բեմադրիչ։ Բեմադրիչը կար՝ Հենրիկ Մալյան։ Որևէ մեկը կասկած չուներ, որ Կոմիտասը հենց նա պիտի նկարահանի։
Երբ վարպետս հայտնեց, որ մարմնավորելու եմ ֆրանսիական օպերայի հայտնի երգչի կերպարը, ուրախությանս չափ չկար։ Վառ անհատականություն, բարդ կյանք ու ճակատագիր՝ Արմենակ Շահմուրադյան։
Փորձնական նկարահանումներն ընթանում էին Աշտարակի խճուղու վրա գտնվող Հայֆիլմի տաղավարներից մեկում։ Նախապատրաստական աշխատանքները մտնում էին վերջնական փուլ։ Ստուդիայում սովորականից ավելի աշխույժ մթնոլորտ էր։ Սցենարի պատրաստման ու հաստատման փուլը վերջապես կարելի էր ավարտված համարել․․․
Ստուդիա հասնելուն պես, միանգամից գնացի հանդերձարան։ Քիչ անց գրիմանոցում էի, եւ Արմենակովիչն ու Վլադիմիրր Մոյիսեեւիչը անցան գործի եւ դարձրին ինձ Արմենակ Շահմուրադյան։ Շտապով գնացի տաղավար։
Տաղավարում տեղադրված խցիկի մոտ Մալյանն ու ստեղծագործական խմբի մյուս անդամներն էին։ Տեղավորվեցի մի անկյունում, այնպես, որ չխանգարեմ եւ տեսնեմ նկարահանումների ընթացքը։
Մալյանը նկատեց ինձ, մոտ կանչեց, ձեռքերը դրեց ուսերիս եւ ուշադիր զննեց Արմենակ Շահմուրադյանիս։ Ինձ թվաց, որ այնքան էլ գոհ չէր։ Ինչ-որ բան այն չէ, — մտածեցի։ Ապա Մալյանը մոտեցավ դիմահարդարման վարպետներին ու խոսեցին ոչ շատ երկար։
Զրույցն ավարտվեց եւ Մալյանը դիմեց ինձ, — Ադամ գնա․․․
— Ադամ, արի, — կանչեցին Պողոս Արմենակիչն ու Վլադիմիր Մոյիսեեւիչը։
Գնացի։ Գնացինք։
Հասանք գրիմանոց։ Նստեցրին հայելու առաջ։ Քիչ անց, Արմենակ Շահմուրադյանիս հետքն էլ չմնաց։ Ես սկսեցի հարցուփորձ անել, բայց գրիմյորները չէին պատասխանում, միայն ուշադիր զննում էին ինձ։ Հետո կիսաձայն քչփչում էին։ Երեւի բանս բուրդ է, — մտածեցի ես։ Դե, լինում է՝ չանցա։ Վեր կացա, որ հեռանամ։
— Էդ ո՞ւր․․․ նստիր, — ասացին նրանք։
— Փոխելու բան կա՞, — հարցրի։
— Կա, — ասացին ու հանեցին Արմենակ Շահմուրադյանի հպարտորեն դեպի վեր ցցված բեղերը։
Գրիմանոցի հայելու մեջ անհասկանալի բաներ էին կատարվում․․․
Սկզբից բրիոլինեցին մազերս ու սվաղեցին գլխիս՝ գլխի ընկա, որ,- ցտեսություն Արմենակ Շահմուրադյան, ֆրանսիական օպերայի հռչակավոր մեներգիչ․․․
Գնալով աչքիս առաջ, հետզհետե մազերս անհետացան ու հայտնվեց շողշողացող ճաղատը․․․
Կասկածը սղոսկեց ուղեղիս մեջ, բայց ներքին ձայնս ասում էր՝ խելքդ գլուխդ հավաքիր։ Հավաքում էի, բայց հետզհետե ավելի ու ավելի էր ուրվագծվում ինձ համար սրբության սրբոց անձնավորությանը նմանվող, ավելի ճիշտ, հեռու հիշեցնող մի դեմք։ Վերջին վրձնահարվածը մորուքն էր՝ Կոմիտաս։
Սարսափը պատեց ինձ։ Իսկ երբ Արմենակ Շահմուրադյանի զգեստների վրայից հագցրին սքեմը, որը բերել էին գրիմանոց, ես ինձ լրիվ կորցրի: Միակ սփոփանքը Պողոս Արմենակիչի ու Վլադիմիր Մոյիսեեւիչի խորամանկ ժպիտներն էին՝ ըստ երեւույթին գոհ էին իրենց արածով։
Դատապարտվածի նման, գրիմյորների, ֆիլմի ու զգեստների նկարիչների ուղեկցությամբ, շարժվեցի դեպի տաղավարը։
Երկտակ դռները բացվեցին․․․ լսվեցին տեսարանի նախապատրաստման վրա աշխատող մարդկանց ձայները, երեւացին նկարահանման խցիկի մոտ կանգնած լուրջ մարդիկ՝ սիրտս ընկավ ոտքերիս մեջ։ Ես ոչ թե գնացի, այլ ինձ տարան դեպի Հենրիկ Մալյանը։ Տաղավարն ընկղմվեց լռության մեջ։
Երբ Մալյանը մոտեցավ, առաջին հարցս էր՝ Կոմիտասը Սոսն է, չէ՞
— Սոսն էլ է, — պատասխանեց Մալյանը։
Ազդարարվեց ֆիլմի նկարահանման սկիզբը։ Նկարահանումներից առաջ տեղի ունեցավ մեծ հանդիպում, որը կայացավ, նախկին Կոմերիտմիության կենտկոմի դահլիճում։ Մի խոսքով՝ զապուսկ։
Նկարահանումները սկսվեցին ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում։
Չորս օր հետո Մալյանը կանգնեցրեց նկարահանումները։
Դա մի առանձին պատմություն է, մեկ ուրիշ ֆիլմի թեմա, որը լի է խարդավանքներով ու չկամությամբ, իսկ այդ ամենի դիրիժորը՝ հայաստանցի չէր, նստած էր հյուսիսներում եւ այնպես արեց, որ ի վերջո տպավորություն ստեղծվեց, թե հայերը իրենք չցանկացան նկարահանել Մեծն Կոմիտասին նվիրված ֆիլմը։
Աշոտ Ադամյան
Աղբյուր՝ Hetq.am