15 ապրիլ, 1923, Թիֆլիս
Սիրելի Վահան,
Այսօր տխուր օրերից մեկն է, որովհետև այնքան տխուր չէ, որ պիտի լիներ այս` Օհաննեսի թաղման օրը, որովհետև ես նրան ավելի առաջ եմ թաղել իմ սրտում: Չմեռավ Օհաննեսը- մեռավ մարդը իմ սրտում, մեռավ հավատը դեպի մարդը:
Եվ նա եղավ պատճառը: Ինձ համար ավելի մեծ վիշտ է այն հանգամանքը, որ նա մենակ մեռավ, լքված` իր բազմաթիվ բարեկամներից: Վերջին օրերը մի անհայտ ռուս բժիշկ այցելել է նրան և բերել մի ինչ-որ րոպեական թեթևանցնող դեղ` նրա տանջված ճակատին քսելու: Օհաննեսը նրան չէր կանչել, և հայտնի չէ, թե որտեղից էր նա եկել մոտը: Օհաննեսը զգացված համբուրել էր բժշկին և ասել.«Ահա ինչ է նշանակում մարդ»: Բժիշկը պատասխանել է.«Ոչինչ բան է մարդը»:
Ասել է` մարդու ծարավի Օհաննեսը մարդու էր սպասում իր կյանքի վերջին օրերին:
Ինչ բան է սա. ողբերգական թյուրիմացությո՞ւն, թե՞ զղջումն: Ոչ. Օհաննեսը մի բանի զղջաց` իր կյանքն ու առողջությունը վատնելուց (և իրավունք ուներ). դա մի ողբերգական թյուրիմացություն էր: Մարդիկ շատ չկան, բայց կան, և եթե նա շուրջը նայեր, եթե նա մի կողմ թողներ իր մեծաղմուկ կյանքի հիմարությունները, եթե նա իր աուդենցիաների, տնահանդեսների ու պալատական ժխորի և կեղծիքների մշուշի մեջ աչքը դարձներ իր շուրջը, լավ է ասել` դռան շեմքը, անշուշտ, կնկատեր մի քանի մարդու, որոնք թույլ չէին տալ, որ մի անհայտ բժիշկ րոպեական հեշտացնող դեղով ամոքեր նրա անխուսափելի մահը:
Օհաննեսի մեջ ամեն բան կար, բացի կուլտուրականությունից: Նա սիրեց հանդիսավորությունը, «հասարակականությունը», սիրեց ամենքին և ամեն ինչ և Պարոնյանի ասածը հաստատեց. «Ամենքին բարեկամը և ոչ մեկի բարեկամն է»:
«Երբ ամենքը բարեկամ են, և ոչ մեկը բարեկամ է», — կասեի ես: Եթե նա մարդու կարիք էր զգում, կգտներ, բայց նա որոնեց մարդկանց բազմություն և սայթաքեց:
Էհ, Վահան, թողնեմ այս տխուր դամբանականը: Եթե իմ մեջ մեռավ հավատը դեպի մարդը, դեռ չի մեռել հավատն ինքը: Ապրենք և որոնենք նոր մարդուն, որ «ամեն ինչ» է և «ոչինչ»…
Աղբյուր՝ Hovikcharkhchyan