Լևոն Աբգարի Օրբելին (ռուս.՝ Леон (Левон) Абгарович Орбели, հուլիսի 7 (19), 1882, Ծաղկաձոր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — դեկտեմբերի 9, 1958, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։
Կենսագրություն
Ծնվել է հունիսի 25-ին (հին տոմարով), 1882 թ. Դարաչիչակում: Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրը։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1904)։ 1907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-11 թթ-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։ 1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրեն (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46)։ 1956 թ-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը։
Գիտական ներդրում
Լևոն Օրբելու կիսանդրին Երևանում
Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Պավլովի ուսմունքը, նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաև նրա՝ մարդու, առանձնապես՝ երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում։ Ֆունկցիաների համադասեցման մասին Օրբելու ստեղծած ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում։
Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ։
Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը, բազմաթիվ կարևոր ընդհանրացումներ կատարել բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում։ Նրա ղեկավարությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության պրոցեսների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում են:
Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
Օրբելի-Գինեցինսկու ֆենոմեն
Օրբելի-Գինեցինսկու ֆենոմենը 1923 թ-ին նկարագրվել է Լևոն Օրբելիի և Ա. Գինեցինսկու կողմից, և այն է, որ կմախքային մկանի եկրարատև կծկումներից առաջացած հոգնածությունը գորտի մոտ հնարավոր է վերականգնել սիմպաթիկ նյարդաթելի գրգռումով։ Ֆենոմենի հայտնաբերմամբ ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին։ Պավլովը գտնում էր, որ Օրբելու տվյալները լուծում են սնուցողական նյարդավորման մասին եղած հարյուրամյա հանելուկը։ Լևոն Օրբելին գտնում էր, որ սիմպաթիկ նյարդավորումը կմախքային մկանների վրա կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի ներքին օրգանների հարթ մկանների և սրտամկանի վրա։ Նշված ազդեցության մեջ առանձնացվում է հարմարվողական ազդեցությունը և սիմպաթիկ նյարդերի սնուցողական ֆունկցիան։ Վերջինս առնչվում է հյուսվածքի ֆիզիկա-քիմիական վիճակի և նրա նյութափոխանակության դինամիկ փոփոխությունների հետ։ Սիմպաթիկ նյարդը գրգռելիս անուղղակի դրդումից հյուծված կմախքային մկանի ֆունկցիան նորմալանում է, բարձրանում է գրգռականությունը և կծկողունակությունը, մեծանում մկանային կծկումների ուժը։ Պարզված է, որ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխանիզմը՝ կապված անոթաշարժիչ նյարդերից կատեխոլամինների արտազատման հետ, որն ի հայտ է գալիս սիմպաթիկ նյարդը գրգռելիս։
Պարգևատրություններն ու միջազգային ճանաչում
Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Պավլովի անվան (1937) և ԽՍՀՄ պետական (1941) մրցանակներով, Մեչնիկովի անվան ոսկե մեդալով (1946), ինչպես նաև Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։
Աշխատություններ
«Ընտիր էջեր էվոլյուցիոն ֆիզիոլոգիայից», Երևան, 1967 թ.;
Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից, Երևան, 1971 թ.;
Բարձրագույն նյարդային գործունեության հարցեր, Երևան, 1982 թ.
Избранные труды, тт. 1-5, М.-Л., 1961-68: