Համազասպ Սրվանձտյան (Սրվանձտյան Համազասպ Խաչատուրի) (1873, Վան — 1921, Երևան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին։
Կենսագրություն
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը
Նախակրթարանն ավարտելուց հետո սովորել է ոսկերչություն և ժամագործություն: Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ Եղել է Արմենական, ապա՝ ՀՅԴ կուսակցության անդամ։ Խուսափելով թուրք իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի։ Մասնակցել է 1905-1906 թվականների հայ-թաթարական կռիվներին: Քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թվականի օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում, երբ 200 հոգուց բաղկացած թուրքական ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը: 1906 թվականին կազմակերպել է Գանձակի հայության պաշտպանությունը թաթարական ոտնձգություններից։ 1908 թվականին, ՀՅ Դաշնակցական գործիչների հետ, ձերբակալվել է ցարական կառավարության կողմից, դատապարտվել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր)։ 1913 թվականին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա Կ. Պոլիս։ 1914 թվականին Կարինում կայացած ՀՅԴ կուսակցության 8-րդ ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության։
Առաջին համաշխարհային պատերազմ
Խաչքար Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածներ` Խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի, Հրանտ Տեր-Մարգարյանի, Երանոս Թարվերդյանի և Լևոն Ենգիբարյանի հիշատակին
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, նշանակվել կամավորական 3-րդ գնդի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի։ Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը։ Եղել է 1915 թվականի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, կռվել է Բիթլիսի ուղղությամբ (հուլիսին), հոկտեմբերին՝ հաջող արշավանք ձեռնարկել Խիզան։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուսական զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելը)։ 1918 թվականին կռվել է Բաքվի կոմունայի համար, Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատարն էր, դրսևորել է ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, վճռական դեր խաղացել դեպի Գանձակ և Եվլախ հարձակողական գործողությունների ժամանակ և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան։
Համազասպ Սրուանձտյանցը՝ Հայկական Երրորդ կամավորական գումարտակի, հետագայում՝ զորագնդի, հրամանատարը, Առաջին Աշխարհամարտի ժամանակ։
Հայկական Երրորդ կամավորական գումարտակի, հետագայում՝ զորագնդի հետևակային ստորաբաժանումները և հեծյալները, զորամասի հրամանատարի՝ Համազասպ Սրուանձտյանցի գլխավորությամբ՝ Էջմիածնում զորատեսի ժամանակ, 1914 թ․։
Հայաստանի Առաջին Հանրապետություն
1918 թվականին (Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան, նշանակվել Նոր Բայազետի շրջանի զորամասերի հրամանատար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920 թվականի Մայիսյան ապստամբության և թուրք-թաթարական խռովությունների ճնշմանը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Խորհրդային Հայաստանի զինվորական կոմիսար Ավիս Նուրիջանյանի հրավերով, որի հետ մտերմացել էր Բաքվում, եկել է Երևան՝ նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցության մտադրությամբ, սակայն, ձերբակալվել է բոլշևիկների կողմից և 1921 թվականի փետրվարի 18-ին Երևանի բանտում գազանաբար սպանվել կացնով՝ թուրք դահիճի ձեռամբ։