Ալեքսան Ավետիսի Մեխակյան (1940, օգոստոսի 24, Երնջատափ, Արագածոտնի մարզ — 2017, հուլիսի 26), հայ դրամատուրգ, վիպասան, արձակագիր, կինոսցենարիստ, Հայաստանի գրողների միության անդամ (1975): ԽՄԿԿ անդամ 1963 թվականից:
Կենսագրություն
Ալեքսան Մեխակյանը ծնվել է 1940 թվականին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում: 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա՝ 1978 թվականին՝ Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 1967-1969 թվականներին աշխատել է «Շինարար» թերթում, 1969-1971 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1971-1976 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթում: 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ռուսերեն լույս է տեսել նրա «Երկնագույն թիթեռ» ժողովածուն (Մոսկվա, 1977), որն արժանացել է «Մոլոդայա գվարդիա» հրատարակչության տարվա լավագույն արձակի հատուկ մրցանակին: Գրել է «Լեգենդ սրնգահարի մասին» սցենարը,որը լավագույնն է ճանաչվել Հայաստանի պետկինոյի 1976 թվականի մրցանակաբաշխությունում: Նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է (1979) «Ծաղրածուի ժպիտը» գեղարվեստական կինոնկարը:Հեղինակել է մի շարք դրամաներ, սցենարներ՝ գեղարվեստական և դոկումենտալ ֆիլմերի համար։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ:
Ֆիլմեր
Որպես ռեժիսոր հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝
«Սուրբ կնունք»
«Ամենայն Հայոց կաթողիկոս»
«Ալեքսանդր Բակունց»
Երկեր
Երազախաբ ավետարան, Երևան, 2003։
Փոքրիկ սրնգահարի ոդիսականը, Երևան, 1985։
Ապաստան, Երևան, 1983:
Իմ և քո ծուռը, Երևան, 1980։
Այս ճանապարհը, Երևան, 1977։
Թարգմանություններ (ռուսերենից)
Ֆեոդոր Դոստոևսկի, Պատմվածքներ, Երևան, 2005։
Ֆեոդոր Դոստոևսկի, Դեռահասը (համահեղինակ է Լ. Տեր-Մինասյանը), Երևան, 2003[6]։
Լաքսնես Հալդոր, Իսլանդական զանգ, Երևան, 1985։
Եվգենի Նոսով, Աֆրոդիտեի տաճարը, Երևան, 1983։
Պարգևներ
«Իմ պատանի նախնիներ» վեպն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, 1988 թ.
«Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուն (Մոսկվա) արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, 1977 թ.: