Հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թվականին, Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաքում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։
1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցում է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
Ցավոք Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին…
Չարենցի խոսքը բակունցին՝
…Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան, —
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երգերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար — և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ՝
Որ բուրելու է հար աննյութեղեն,-
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև
Շաղում է շողք ու սերմ անանձնական,-
Այս ամենի համար, — և Ծիրանի
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո,
Հնչելու է երգեր եղբայրական,-
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին —
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ,-
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ: