Արձակագիր և բանաստեղծ, ՀՅԴ կուսակցության անդամ Էլեն Բյուզանդը (իսկական անուն-ազգանունը՝ Եղիսաբեթ Ստամբոլցյան) ծնվել է Գյումրիում: Սովորել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց վարժարանում: 1916 թ. ընդունվել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1918 թ. վերադարձել է Հայաստան և մասնակցել Սարդարապատի ճակատամարտին:
Աշխատել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գրասենյակում` որպես գործավար: Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել է: Փետրվարյան ապստամբությունից հետո ազատվել է և ուղարկվել Ղամարլուի ճակատ, որտեղ մնացել է մինչեւ 1921-ի ապրիլը:
Ամուսնացել է ապագա բժիշկ, ուսանող-կամավոր Հովհաննես Քյութուկյանի հետ և ամուսնու հետ գաղթել Պարսկաստան: Ունեցել են երկու որդի: 1929-ին ընտանյոք տեղափոխվել է Ֆրանսիա և 30 տարի ապրել Ալֆորվիլ քաղաքում: Զբաղվել է հասարակական-կուսակցական և գրական գործունեությամբ: Եղել է Ֆրանսիայի Հայ օգնության միության ղեկավար:
Կյանքի վերջին տարիները շատ ծանր էին. կորցրել է ամուսնուն և երկու որդիներին: Հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես` քրոջ ու փեսայի մոտ, և ապրել նրանց հետ մինչև կյանքի վերջը (1970 թ.):
Է. Բյուզանդի ստեղծագործություններից են «Նոր կին», «Կարսը և Արշո ախպեր» վիպակները, «ՈՒխտագնացություն դեպի Վենետիկ», «Վահագնի վիպակները», «Պահակը» մանկական պատմվածքները և այլն:
1981թ. Լոս Անջելեսում հրատարակվել է «Զրույց Կարսի մասին» պոեմը, իսկ «Սարի բոբչե» պոեմը նվիրված է հայ ժողովրդի հերոսական որդիներին` ֆիդայիներին:
Նրա «Հայուհիները Երևանի Չէկայի բանտում» հուշագրությունը, 1965 թ. տպագրվել է սփյուռքահայ մամուլում:
Աղբյուր՝ Irates.am: