Մեզ՝ դերասաններիս համար անգնահատելի նշանակություն ունեին Իսահակյանի հայացքները թատրոնի մասին: Այդ էր պատճառը, որ աշխատում էինք շատ հանդիպել ու լսել նրա իմաստուն մտքերը: Նա եվրոպական երկրներում տեսել էր բազմաթիվ դերասանական տաղանդներ, շատ էր սիրում թատրոնը. չէր լինի մի պրեմիերա, որ առաջին կարգում նստած չլիներ: Ներկայացումից հետո անպայման կհանդիպեր դերասանների հետ և երևանյան փողոցներով դանդաղ քայլելով՝ կհայտներ իր կարծիքը և՛ պիեսի, և՛ դերասանների խաղի մասին: Նա ցույց էր տալիս մեզ արվեստի ազնիվ ու ոչ ազնիվ կողմերը:
— Արվեստը պայքար է, — ասում էր Իսահակյանը, — երբեք տուրք մի՛ տվեք էժանագին ծափահարություններին, կեղծ ոգևորությանը: Մի մոռացեք. արվեստը ոչ թե ժողովրդի ետևից է գնում, այլ առջևից: Եվ տանում է ժողովրդին իր ետևից: Միշտ ուսանեք կյանքից, միայն կյանքից: Եվ որ գլխավորն է, աշխատեք ազնվացնել այդ կյանքը: Ուսանել և ոչ թե զվարճացնել: Հակառակ դեպքում իզուր է ձեր աշխատանքը:
Ինքը՝ Իսահակյանը, սիրում էր լինել ժողովրդի մեջ, լսել նրա ցավերը, ապրել նրա զգացումներով, ուրախանալ և տխրել նրա հետ: Նա ժամերով կզրուցեր գյուղացիների հետ՝ ցանկանալով թափանցել ոչ միայն նրանց առօրյայի, այլև խորանալ հողի մարդկանց տենչանքների մեջ: Այդ էր պատճառը, որ նրան հասկանում էր յուրաքանչյուր հայ մարդ: Նա ցանկալի և պատվավոր հյուր էր յուրաքանչյուր ընտանիքում:
Հիշում եմ՝ գրականագետ Սուրեն Հարությունյանի տանը հարսանիք էր: Նրա դուստրը խնդրեց Իսահակյանին՝ ներկա լինել հանդեսին: Եկավ և մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: Հարսանիքը մի առանձին շուք էր ստացել շնորհիվ երկու մեծ վարպետների ներկայության: Այդ երկու հսկաները ուրախանում էին պատանիների նման, գինի էին խմում ու պարում: Մի քանի ընկերներով որոշեցինք տուն ուղեկցել երկու գինովցած ծերուկներին: Ողջ ճանապարհին նրանք երգում էին:
Իսահակյանի տան դռները միշտ բաց էին բոլորի համար: Հյուրեր, այցելուներ գրեթե միշտ կային: Արտասահմանից ամեն մի երկրպագու կամ արվեստագետ անպայման պետք է այցելեր Մ. Սարյանի արվեստանոցը և Ավ. Իսահակյանի բնակարանը:
Մի օր իմանում եմ, որ, ինչպես գյումրեցիներն են նրան անվանում, մեր Ավոն, ինձանից լուրջ վիրավորվել է: 1955 թ. Սունդուկյանի անվան թատրոնը տոնեց իմ ծննդյան 50, թատերական գործունեության 30-ամյակը: Իսահակյանը եկավ հանդեսին: Շարունակ զրուցում էր ինձ հետ:
— 50 տարին մեծ ժամանակ չէ: Դու միշտ հիշիր, որ երիտասարդ ես, մարդը ծերանում է այն ժամանակ, երբ էլ ոչինչ չունի անելու:
Հոբելյանական հանդեսի գիշերը ինձ մոտ՝ տանը, հյուրեր կային: Մտածեցինք հրավիրել նաև Իսահակյանին: «Բայց կգա՞ արդյոք: Ծանր է նրա համար, մանավանդ հիվանդությունից հետո»: Չկանչեցինք: Երկու օր հետո նրա հարս Բելան ասաց, որ Վարպետը նեղացել է ինձանից: Դրանից հետո խուսափում էի երևալ աչքին: Մի օր կինը զանգահարում է ինձ:
— Լավ, լավ, անցել է բարկությունը: Ժամը 9-ին մեզ մոտ հյուրեր են լինելու, կգաս:
Ի զարմանս ինձ՝ հյուրերը բարձր հոգևորականներ էին՝ արտասահմանից: Ինչու՞ էին ինձ հրավիրել, այդպես էլ չկարողացա հասկանալ:
— Այս բոլորը խորթ է ինձ: Արվեստի ուղիները նոր կյանքի որոնումներ են, չէ՞, Վարպետ:
— Այո, ճիշտ է, բայց վնաս չէ ամեն ինչ իմանալ: Եթե հինը չգիտես, նորը դժվար է գտնել: Եթե արվեստը չի վերափոխելու կյանքը, պետք չէ այդ արվեստը… Մարդուն վերափոխելը, վերադաստիարակելը դժվար, շատ դժվար խնդիր է ու երկար ժամանակ է պահանջում:
Ամբողջ երեկոն նստած էր բազկաթոռին, ոչնչի չէր մասնակցում, ոչ մի խոսքով: Հյուրերը ցրվեցին: Դարձավ ինձ այնպե՜ս ծերացած, այնպե՜ս հոգնած:
— Ուզում ես գնալ, հա՞, գնա, միայն գնալուց առաջ երգիր էն, որ դու սիրում ես. «Քույրիկ, ասա, ո՞րն է ճամփեն Բինգյոլի»:
ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ
(«Դեմքեր, հանդիպումներ» գրքից)
Աղբյուր՝ «Ֆիմինե» ֆեյսբուքյան էջ