Մենք՝ հայերս, կանգնած երկու այս աշխարհների՝ մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև, ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը: Պիտի կառչե՞նք մեռնող եվրոպական քաղաքակրթության, թե առաջին պլանի վրա կանգնած՝ արևելյան մտքի նոր ճառագայթումի և նոր ստեղծագործական թափին հետ, պիտի հանդիսանանք ներուժ մշակութային կենդրոն: Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե գիտակցորեն, հերոսաբար պիտի կարողանանք, հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին, դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը:
Քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու:
Մեծ մշակույթները առաջ են եկել միշտ էլ հակառակ առարկայական, հակառակ տնտեսական և քաղաքական պայմաններին: Մշակույթը, եթե ուզում եք, հոգեկան արկածախնդրություն է. վսեմ մի խենդություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն՝ առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է: Այլապես կարելի չէ հասկանալ նրա ամբողջ պատմությունը, նրա դարավոր մարտիրոսությունը, նրա թափած արյունի համաշխարհային իմաստը:
Եթե մենք՝ հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ:
Երբ այս օրվան հայ համայնավարները՝ չնայած ժամանակավոր ու երևութական զիջումներին՝ աշխատում են ազգային և կրոնական զգացումը միանգամայն քանդել, հայ գաղթականները ցրել Ռուսաստանում, և երկիրը վերածել տնտեսական միավորի, նրանք գործում են տրամաբանական և հավատարիմ իրենց իդեալներին: Նրանք ուրանում են մշակութային արժեքները և իբրև բուրժուական դրամատիկական մտքի ծայրահեղ ներկայացուցիչներ, ձգտում են բոլոր տարրերը ձուլել, որոշ արդյունաբերական նպատակների համար: Եվ պետք չէ զարմանալ, երբ հայ վաճառականները և արտասհամանյան հարուստները իրենց ծարավ աչքերը հառում են համակրանքով դեպի համայնավարությունը:
Գայլը ճանաչում է իր ձագին: Այրվող տան փլատակների վրա նրանք տեսնում են ապագա կարելիություններ: Նույն ցեղի և նույն մտայնության մարդիկ են՝ նրանք գիտեն, որ իրենց կռիվը ժամանակավոր է, թյուրիմացությունը կանցնի և ձեռք ձեռքի տված՝ նրանք միասին կաշխատին:
Նրանց աշխարհայացքը նույն տարրերից է կազմված. նյութապաշտ են, ուրանում են վերացականը, հոգեկանը, ուրանում են մշակույթը:
Սակայն բավական է թեթև հայացք նետել մեր քարտեզի վրա՝ ըմբռնելու համար, որ մեր երկիրը մեծ արդյունաբերական ապագա չունի: Հայոց աշխարհը, ինչպես Հիմալայի ստորոտը և Հռոմեական բլուրները, գերազանցապես կրոնական է: Աշխարհը խաչաձևող տնտեսական ճանապարհներից դուրս՝ դրանք հանդիսանում են իբրև խորհրդավոր կետեր, ուր երկրագունդը մի վայրկյան կանգ է առնում և երկար շնչում:
Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս՝ չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռ: Եվ ի զուր չէ, որ հայ ժողովուրդը պատմության մեջ չտեսնված չարչարանք է կրել, միլիոնավոր զոհեր է տվել, ծով արյուն է թափել՝ այդ լեռը չկորցնելու համար:
Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին՝ ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Հայաստանը կլինի, ինչպես այսօր, Մոսկվայի առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի, որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի:
Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը:
Մեր երկիրը այն բախտավոր ծայրերից է, որոնք չեն կերակրում, այլ կերակրվում /են/: Այդպես էր Աթենքը, այդպես էր մասամբ Հռոմը, և այդպես է Արևելքի մեծ մասը: Ուստի հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենդրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն:
Արևմուտքը խենթացած գազանի նման քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը: XVIII դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարրական ուժերին: Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը՝ տնտեսական ազդակի ու խորհուրդը՝ նախապաշարումի: Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները՝ Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մոտավոր մահը:
Բոլշևիզմը ծնված է ոչ թե, ինչպես շատերը կարծում են, ինչպես առաջ կարծում էի ես, վերջին հարվածը տալու համար մեռնող այս աշխարհին, այլ ընդհակառակը, բռնության ուժով շարունակելու նրա հոգեվարքը:
Նոր մշակութային շրջանը սկսվում է Արևելքում:
Չմոռանանք, որ քրիստոնեությունը առաջ եկավ Հրեաստանի ամենահետամնաց աղքատիկ գավառի մեջ, Հռոմեական կայսրության հզորագույն դարում:
Հայոց աշխարհը՝ արյունի ու մահի ողբերգական այդ երկիրը, այլևս հղի է բոլոր կարելիություններով: Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու նրա թաքնված ստեղծագործական թափը, հսկա սերմի նման պայթելու վրա է, ու դարը մոտենում է, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն: Լինի ա՛յն, ինչ որ է: Կատարի իր դերը, ասի իր խոսքը:
Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա՛յ մեզ, եթե վար իջնենք. կընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան:
Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները:
Մշակույթը հովիվների գիտություն է:
Կոստան ԶԱՐՅԱՆ