Ս. Օտարյանին
1905, 6
մայիսի, Մոսկվա
Սոնա
Ստացա Ձեր նամակը: Այս անգամ նա ինձ վրա, չգիտեմ ինչո՞ւ, մի տարօրինակ տպավորություն գործեց: Ֆլինկի մասին չեմ ուզում երկարացնել, որովհետև նրա գործը իմ աչքում մի ահագին դրամա էր, դրա մասին չխոսենք: Միլլերի վերաբերմամբ դեռ ոչինչ չեն արել մեր ուսուցիչները, և այդ առթիվ օրերս խոսակցություն չեմ ունեցել նրանց հետ…
Դուք պաշտպանել եք տքնում ակուշերկաներին (ներեցեք, մանկաբարձուհիներին), ասացեք խնդրեմ, ի՞նչ են անում նրանք:
Չեմ հասկամում Ձեր հետևյալ խոսքերը.
— Խեղճ Aя, միայն նա էր, որ խաչեցի, այս անգաամ վելի լավ օգուտներ ունեցա: Всегда первый блин комом.(Բարեհաճեք, սիրելի Սուդարինյա, տալ անհրաժեշտ բացատրություններ):
Հետո ի՞նչ է նշանակում թե՝ «Եթե Կովկաս գնաք, իհարկե կբարևեք իմ նախկին ընկերուհուս, (ձեր հարսին)», սա նույնպես որոշ բացատրություն է պահանջում:
Մի խոսքով, ինչ որ գրում եք պարզ գրեցեք, ոչ այնպես, որ կարելի լինի զանազան կերպով բացատրել:
Չգիտեմ ինչու, Ձեր նամակը մի տեսակ տատանումի մեջ ձգեց ինձ և այս րոպեիս չեմ կարող գրել:
Այսօր տոմսակ եմ ճարել, գնում եմ Շալյապինին լսելու «Ֆաուստի» մեջ, լսում եմ առաջին անգամ, տպավորությունս կգրեմ: Առհասարակ այսօրվա նամակիս երաշխավոր չեմ, որովհետև գլուխս ինչ-որ ապուշ դրության է:
Ձեր նամակին ավելացրել եք թե. -«ով է մեզանից ավելի «հիմարացել», չգիտեմ դո՞ւք, թե՞ ես. իմ կարծիքով նկատողություն անողը պիտի աշխատի ինքը նույն սխալը չանե, իսկ դո՞ւք, պարոն»: Что это значит? Ես Ձեզ հարց էի տվել կարծեմ, -որ խոմ չե՞ք «հիմարացել. իհարկե «հիմարացել»-ը այն մտքով, ինչ մտքով հասկանում եք Դուք:
Ձեր խոսքերը չեմ հասկանում: Մի խոսքով, էլի վախս բռնեց Ձեզնից, վախենում եմ, վախենում, վախենում…Ցը:
Վահան
P.S Եթե Ձեզ դժվարություն չի պատճառե, ուղարկեցեք Անդրանիկի պատկերը, երևի այդտեղ լավը հանած կլինեն: Շատ շնորհակալ կլինեմ:
Ս. Օտարյանին
1906, հունիս-հուլիս, Մոսկվա
Սոնա
Այսօր թողի պաշտոնս, որովհետև սաստիկ ծանր էր, և հոգնել եմ վերջնականապես: Մտադիր եմ իմ գործերով զբաղվել, հանգստանալ:
Հուսով եմ, որ հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբներին կգաք, և անհամբեր սպասում եմ ու խնդրում, որ ինչքան կարելի է շուտ երևաք:
Պարապում եմ ֆրանսերեն: Տնտեսագիտությամբ պարապում եմ մեծ հետաքրքրությամբ: Վաղը կտանեմ խնդիրս համալսարան և կմտնեմ վերջնականապես ֆիլոլոգների կորպորացիայի մեջ: Ողջույն ֆիլոլոգից ֆիլոլոգուհուն:
Ուզում եմ գրել, Սոնա, բայց տրամադրություն չկա իսկի գրելու՝ երևի կհասկանաք դրությունս: Ուրեմն ցը. բայց կրկնում եմ, շուտ եկեք ի սեր Աստծո և մամոնայի, որովհետև ոչ մի մարդ չկա համարյա: Գրեցեք շուտ:
Ձեր Վահան
Երբ գաք, յոթ օր յոթ գիշեր անընդհատ կխոսե՞նք: Չէ, չէ, չվախենաք ու չհետաձգեք դրա համար Ձեր գալուստը: )))
Վահան
Ս. Օտարյանին
1906, 4 փետրվարի, Մոսկվա
Սոնա
Այսօր երեք օր է, որ եկել եմ Մոսկվա, բայց մինչև այժմ ժամանակ չունեցա Ձեզ գրելու: Թեև ես սովորություն չունեմ նամակ գրելու մինչև նախկին նամակիս պատասխանը ստանալը, բայց գրում եմ, որովհետև ենթադրում եմ, որ պատճառներ ունեցած կլինեք, որ մինչև այժմ չեք գրել: Մոտ մի ամիս ուշացել եմ դասերից, այնպես որ երևի ստիպված կլինեմ немножечко позубрить напоследок. Բայց փառք Զևսին ՝ երեք -չորս ամիս, և մենք ազատ մարդ կլինենք: Առայժմ երկար գրել չեմ կարող, մի քիչ կսպասեմ, սարքվեմ, տուն տեղս կարգի բերեմ, ապա Ձեզանից էլ նամակ ստանամ ու ըստ այնմ կգրեմ ընդարձակ:
Գրեցեք շուտ, ի՞նչ է պատահել Ձեզ, կամ գուցե հասցեներդ փոխե՞լ եք:
Ուրեմն ինձ կգրեք առայժմ Լազարյան ճեմարան կամ իմ տունը։
Ս. Օտարյանին
(հատված)
1905, փետրվար, Մոսկվա
Ձեզ գրեցի նամակս, բայց մի քիչ էլ եմ ուզում գրել: Ի՞նչ վերաբերվում է ուղարկածս «բանաստեղծի» Բոկաչչիո լինելուն, երաշխավոր չեմ, կարող է լինել, թեև մեզանում այժմ նույնիսկ Բայրոնների թիվը երևի մի քանի տասնյակի կհասնի: Հիմա ինչ վնաս, որ մի քանի հատ էլ Բոկաչչիո ունենանք…)) Վերջին կիրակի այստեղ եկեղեցում (սխալվեցի,կիրակի չէր, վարդանաց տոնն էր) Մնջոյանը մի ճառ ասաց, որը քահանան ընդհատեց, որովհետև նա խոսում էր կառավարության դեմ:
Ժամը վերջանալուց հետո քահանային մի լավ կոթեցին:
Դուք, ի միջի այլոց, գրում եք Ձեր լեզվի մասին: Իրավ որ ցանկալի է ուղղել և դա ձեզ համար բոլորովին դժվար չի լինի:
Ես էլ հայերենում թույլ եմ ( չնայած որ ճեմարանում 5 ունեմ և համարվում եմ հայագետ) և մտադիր եմ ամառս լուրջ պարապել….
Գրեցեք խնդրեմ, թե այդտեղ Ձեզ մոտ ինչ նորություններ կան: Հոգնեցի: Ցտեսություն :
Վահան
Ս. Օտարյանին
1906, 9հունվարի Ալեքսանդրապոլ
Սոնա
Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի, այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել: Եկանք Ալեքսանդրապոլ….Մինչև այժմ շրջում էինք գյուղերում, նոր ենք վերադարձել և այժմ մեզ ուզում են պահել քաղաքում պրոպագանդի: Երևակայեցեք, ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն….
Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ, որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը,բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց:
Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: Ճիշտ է, կանանցով շատ է տարվում, բայց, Սոնա, ճիշտն ասած, մեզանից, տղամարդկանցից ո՞րը չի տարվում, և եթե ուրիշները սուրբ են երևում, դա միայն նրանից է, որ նրանք դիմակի տակ են լինում:
Ավետիքը-անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկ ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ-անմիջական զգացմունքի արտադրություններ են:
Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ….
Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը,որի մոտ էլ եմ լինում: ..Ամսույս վերջին կգնամ Մոսկվա…. Միջոցներ ունենայի ես էլ կգնայի արտասահման ամառս, բայց…..
Նամակս երևի ստացած կլինեք Անիից,դիտմամբ«զակազնոե» գրեցի,որ հասնի անպատճառ:
Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում — «Դավաճանություն»: Երևակայեցեք, սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում, որ ես սպասում էի տաղանդավոր խաղ, այնինչ նա այնքան թույլ էր, որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց: Վրույրը հիանալի էր…….
Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում,և շատ ձանձրալի է կյանքը…. Շնորհքով մարդիկ էլ չկան,որ մարդ կարողանա հետները խոսել գոնե:
Տպավորություններն այնքան շատ են, որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում: Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել՝ այնպես որ վերջացնում եմ նամակս:
Ձեր Վահան