Ավետիս Ահարոնյան Առաքելի (հունվարի 9, 1866, Իգդիր, Ռուսական կայսրություն — ապրիլի 20, 1948, Մարսել), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող։ Մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար։ Նրա գրական ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին։
Ավետիս Ահարոնյանը 1886 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1901 թ-ին՝ Լոզանի համալսարանը և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները։ Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն. Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին։ 1907 թ-ին Հաագայի խաղաղության խորհրդաժողովում, լինելով Հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով։ Անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին։ Եղել է ուսուցիչ, 1907-1909 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն։ 1917 թ-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919 թ-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ 1919-1920 թթ-ին Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը։
1920 թ-ին ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի (1921 թ.) և Լոզանի (1922-1923 թթ.) խորհրդաժողովներին։ Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թ.) գրքում։
Միջազգային չափազանց աննպաստ իրողությունների պատճառով, իհարկե, իրականություն չդարձան Սևրն ու Վիլսոնյան Հայաստանը, այն հանգրվանները, որոնց ամբողջությամբ ինքնանվիրվել էր Ավետիս Ահարոնյանը, որ 1920 թվականի օգոստոսի 10-ը հուզմունքով հայտարարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը, ով և հասկացել էր, որ միջազգային աննպաստ իրադրությոիւնից զատ հայության ամենաառաջին թշնամին անմիաբանությունն էր։
«Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ․․․ նաև մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց:
— մղկտաց ու հեռացավ»
Ցավոք, նրա այս գնահատականն իր արդիականությունը այս կամ այն չափով պահպանել է մեր օրերում ևս։ Ահարոնյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ գրողներից մեկն էր, որի ստեղծագործությունները դասավանդվում էին հայկական ուսումնական հաստատություններում, դրանցով կրթվում ու դաստիարակվում էին սերունդներ։ Նրա գրիչն ազդեցիկ էր ոչ միայն արտահայտած գաղափարների արդիականությամբ ու որակով, խորախորհուրդ սիմվոլներով, այլև անչափ պերճաշուք լեզվով։ Հայ գրողների մեջ նա առաջիններից էր, որ եվրոպական իրականությունը, գյուղական ու քաղաքային կյանքը բերեց Հայաստան, ներկայացրեց հայ ընթերցողին։ Մեծատաղանդ գրողի պատկերավորման հմտությունն այնքան մեծ էր, որ նա առաջին հայացքից հասարակ թվացող սյուժեում կարողանում է խորհրդանշորեն ներկայացնել կյանքի լայնախոհ փիլիսոփայություններ։ Այսպես, աշխարհի կյանքն ու դրա խաթարումը Ահարոնյանը փայլուն կերպով ներկայացնում է մարդկային գիտակցությունից զուրկ աքաղաղի դիտակետից։ Ահարոնյան ազգային, պետական ու քաղաքական գործիչն ու Ահարոնյան գրողը երկու կարգավիճակներում էլ ապրել և արարել է ազգի համար։ Ցավալիորեն նրա գիտական տաղանդի ներուժը լիարժեք դրսևորում չի ստացել՝ իր հասարակական-քաղաքական, պետական, դիվանագիտական բազմաբաղ գործունեության պատճառով։ Հանուն Հայաստանի ապրած շատ նվիրյալ հայորդիների համար ճակատագիրը բարեհաճ չի գտնվել՝ վանելով նրանց սիրելի հայրենիքից։ Ավետիս Ահարոնյանը նրանցից մեկն էր։ Տարագիր այս հայը գիտակցում էր գաղթական հայի անապագա լինելու վտանգը, տարագրության՝ մատնացույց անում լոկ փրկվելու հանգամանքը, իսկ հայրենիքի մեջ ցույց տալիս ապրելու և հավերժանալու խորհուրդը։ Ինչպես նրա ողջ գիտակից ու գործունյա կյանքը, այնպես էլ այդ կյանքի վերջին 14 տարիները՝ անդամալուծության շրջանը, կյանքի իմաստի մասին կարևոր դասեր են հայերիս համար․ լինել գամված անկողնուն ու կաթվածից չկարողանալ արտաբերել իր պերճաշուք հայերենը և այդ վիճակում էլի մտածել հայրենիքի մասին, ապրել նրա կարոտով և արցունքով Հայաստանի մասին խոսք լսելիս։
20-րդ դարի սկզբին հանրային և գեղարվեստական մտքի վրա Ավետիս Ահարոնյանի թողած վիթխարի ազդեցությունը հաճախ է հանգեցրել հակազդեցության։ 1920-ական թվականներին և հետագա տասնամյակների Ահարոնյանին քննադատելն ու մերժելը սովորական բաներ էին Խորհրդային Հայաստանում, բայց նորություն չէին։ Ահարոնյանի դեմ էր դուրս եկել Վահան Տերյանը, շատ շուտով նրա դեմ է դուրս գալիս նաև ռուսամետ արևելումի և համայնավար գաղափարախոսության հաջորդ մեծ ջատագովը՝ Եղիշե Չարենցը։ Չարենցը զայրույթով արձագանքելով հայոց կյանքի և գրականության վրա Ահարոնյանի ունեցած հսկայական ազդեցությունը, դեմ է դուրս գալիս նրա քաղաքական հայացքներին, գեղարվեստական գործերին և հրապարակախոսությանը, Հայոց ազգային խորհրդի նախագահի և Փարիզի հաշտության կոնֆերանսում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոններում վարած գործունեությանը։
Չարենցի հակաահարոնյան ելույթները սկիզբ են առնում 1918 թվականին և շարունակվում մինչև 1933 թվականը՝ փաստորեն ընդգրկելով Ահարոնյանի ակտիվ գործունեության ամբողջ հասուն շրջանը։ Դրանք արտահայտվել են թե՛ հոդվածներում թե՛ հարցազրույցներում։ Վերջիններիս մեջ Չարենցը բացահայտորեն տալիս է հասցեատիրոջ անունը։ Օրինակ՝ արտասահմանից վերադառնալու ճանապարհին նա Թիֆլիսում հարցազրույց է տալիս «Մարտակոչ» թերթին և Փարիզի հայ գաղութի մասին խոսելիս ասում
«Գրականություն, բուն իմաստով գոյություն չունի գաղութներում։ Այնտեղ տիրում է Ռափայել Պատկանյանի ․․․ ոգին, կամ Ահարոնյանի լալկանությունը»։
Ավետիս Ահարոնյանը իբրև գրող, լրագրող, հրապարակախոս, ազգագրագետ հայ իրականության մեջ ճանաչման է արժանացել 19-րդ դարի 80-90-ական թվականներին: Իսկ 20-րդ դարի սկզբին և առաջին տասնամյակներին նա հայտնի դարևձավ որպես ՀՀԴ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Առաըջին Հանրապետության օրոք նաև Ազգային խորհրդարանի նախագահ1919: Նրա գործունեության և գրական ժառանգության մեջ առանձնակի տեղ ունի գեղարվեստական ստեղծագործությունը, որը բազմաժանր է. գրել է գեղարվեստական արձակի տարբեր տեսակներով պատմվածք, նովել, վիպակ, վեպ, օրագրություն, ուղեգրություն, արձակ բանաստեղծություն և այլն, դրամաներ, չափածո որոշ երկեր: Ահարոնյանի նույնիսկ ոչ գեղարվեստական երկերն են գեղարվեստական տարրերով հարուստ. դրանք գրված են պատկերավոր լեզվով:
1921 թվականին Փարիզում Ահարոնյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել հայ Ալեքսանդր Տեր-Զաքարյանի կողմից։ Ըստ հրապարակումների Ահարոնյանը բազմիցս օգնել է երիտասարդին, ով մինչ այդ մի քանի տարի մասնակից է եղել թուրքերի դեմ պատերազմին, իսկ այնուհետև տեղափոխվել էր Փարիզ։ Տեր-Զաքարյանը մի քանի անգամ պահանջել է Ահարոյանից իրեն ֆինանսապես օգնել՝ ԱՄՆ տեղափոխվելու համար, սակայն ամեն անգամ մերժում է ստացել։ Մահափորձի օրը Տեր-Զաքարյանը մուտք է գործել Ահարոնյանի սենյակ ու հերթական անգամ մերժում ստանալուց հետո հանել է ատրճանակը, սակայն Ահարոնյանը կարողացել էր բռնել նրա դաստակը, և փամփուշտը խրվել էր պատի մեջ։ Դատարանը վճռել է Տեր-Զաքարյանին մեկ տարով բանտարկել ու վճարել տուժող կողմին մեկ ֆրանկ։
1890-1900-ական թվականներին Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, դրամաները տպագրվել են ժամանակի հայ մամուլում և առանձին գրքերով, թարգմանվել են մի շարք օտար լեզուներով Նա հանրածանոթ էր նաև արևմտահայ մտավորականության շրջանում: Գրողի ստեղծագործական գործունեությունը շարունակվել է Սփյուռքում ապրած տարիներին, նա արժեքավոր ներդրում է կատարել նաև սփյուռքահայ գրականության տիրույթում: Նրա ստեղծագործական տարբեր ծրջանների երկերում զգացվում են ազդակներ և՛ հայրենի գրականությունից, և՛ համաշխարհային գրականությունից ու փիլիսոփայությունից: Նախապես նրան ընթերցողների շրջանում ճանաչում բերեցին թիֆլիսահայ մամուլում տպագրված զանազան թղթակցությունները, առանձին գրքերով լույս տեսած պատմվածքները, վիպակները, վեպերը Սուրմալուի գավառի ընտանեկան կյանքում, կանանց կենցեղում, աղջիկների կացության ու երեխաների դաստիարակության մասին ազգագրական նյութերը ամփոփ կերպով տպագրվեցին «Հռո կինը» վերնագրով գրքում: Գրողն իր սրտին մոտ էր ընդունում նաև այլ ազգերի ներկայացուցիչների անձնական ու հասարակական մտահոգությունները, ուստի տեղին էր նրա հետևյալկ ինքնախոստովանությունը.
«Իմ գրական դպրոցը Հայ Հարենիքը և առհասարակ մարդկային ցավն ու տառապանքն , ինձ համար մարդկայինբ ամեն էակ գերագույն նպատակ է և ոչ միջոց, և իր կյանքի ցավագին հեղհեղումները՝ բարձրագույն արժեք, որ կարող է գեղեցկացնել ամենադժվարահաճ արվեստը»:
Առաջին պատմվածքներում («Պուտ-մը կա՜թ», «Նորածինը», «Ֆալագ վուրղունի», «Փշուր-ըմ խա՜ց», «Աքաղաղը»,« Հարևանները», «Բաշոն», «Խավարե՜ս լուսի՛ն» և այլն) գրողը պատկերում է 1894-96 թվականներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից մի կերպ փրկված և իր ծննդավայր Իդգիրմավայում ու Իդգիրում հանգրվանած հայ գաղթականների տառապանքներն ու ողբերգական վիճակը: Գաղթականների թշվառ կացությունը պատկերող վերոհիշյալ պատմվածքներում նկարագրված փոքր կենսադրվագների իրատեսական պատկերմամբ նորություն եղան արևելահայ ընթերցողների համար: Գրողն իր հերոսներին ներկայացնոււմ էր գեղարվեստական մի այնպիսի ռեալիստական պատումի մեջ և այնպիսի գաղափարամիտությամբ ու խտացումներով, ուր աստիճանաբար զգալի էր դառնում նեոռոմանտիկական գեղարվեստական մատուցման նկատմամբ որոշակի նախասիրությունը: Այս մասին են վկայում նաև «Խավարե՜ս, լուսի՛ն» (1899) «Բաշոն» (1896) և համեմատաբար արժեքավոր պատմվածքները:
1894 թ-ին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին։ Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի’ն», «Զարթի’ր, Աստվա’ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899 թ.) և «Ազատության ճանապարհին» (1908 թ.) ժողովածուներում։
1923 թ-ից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում և առանձին հատորներով լույս են տեսել Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնասիրությունները։
1934 թ-ի փետրվարին Մարսելում ելույթի պահին նա կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել։ Ահարոնյանի մի շարք գործերում նկատելի է խորհրդապաշտության ազդեցությունը («Արցունքի հովիտը», 1907 թ., «Լռություն», 1904 թ., «Սև թռչուն», 1910 թ.)։
Ահարոնյանը գրել է նաև «Քրիստափոր Միքայելյան» (1926 թ.), «Իմ գիրքը» (1927-1931 թթ.) երկերը, «Իտալիայում» (1903 թ.), «Շվեյցարական գյուղը» (1913 թ.) ուղեգրությունները և այլ գործեր։
«Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի»։ — Ավետիս Ահարոնյան