Միտինգների երբևէ չեմ մասնակցել, ես միշտ էլ գիտեի, որ այդ միտինգները ոչինչ չեն տա մեր պայքարին։ Փոխարենը 1988-ին տանս պատերն էի շարում։ Մի անգամ քիչ էր մնում տանս մոտով միտինգ գնացողներից մեկի կոկորդը պատռեի, որովհետև համարձակվել էր հանդիմանել ինձ, թե՝ ազգը հրապարակում արդարություն է պահանջում, դու էլ էստեղ կուբիկ ես կրում։ Ես կուբիկ չէի կրում, ես տու՛ն էի կառուցում։ Տու՛ն։
Ցերեկները աշխատանքի էի գնում, երեկոները ցեխ ու սվաղ անում, գիշերներն էլ մեր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմավորման, զինման հարցերով զբաղվում։ Եվ ինչպես էր ամեն ինչի համար ժամանակ և ուժ գտնվում։ Զարմանալու բան է։
Մեր քաղաքում ինձ, եթե բոլորը չէ, ապա շատերն են ճանաչում։ Մի անգամ եկան, խնդրեցին, որ գնամ միտինգի ու մի-երկու խոսք էլ ես ասեմ։ Դա մի կարճ կոչ էր, կոչ՝ ի զեն։ Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Պետք է զենք վերցնել։ Պայքարել։ Պատրաստվել պատերազմի, զրկանքների ու․․․ զոհերի․․․
Ղարաբաղում միակ գյուղը, որն ամբողջովին կտրված էր հայկական բնակավայրերից, շրջապատված ադրբեջանական գյուղերով մեր գյուղն էր՝ Ղազանչին։ 14 ադրբեջանական գյուղեր ընկած էին մեր շուրջը և, ամենանեղ արահետներով իսկ, հնարավոր չէր ադրբեջանցիներից աննկատ դուրս գալ գյուղից։ Խոջալուի ազատագրումից հետո մեզ համար՝ մեր գյուղի ջոկատի համար, պարզ էր, որ իրենց պարտության ողջ մաղձն ադրբեջանցիները մեր գյուղի վրա են թափելու։
Մենք չէինք սխալում։ Խոջալուից մեկ շաբաթ անց՝ մարտի 4-5-ը տեղի ունեցավ մի ճակատամարտ, որն իմ իամցածներից ամենածանրն էր: Ճակատամարտ ընդունեցին 27 հոգով։ 27 ՝ ընդդեմ 1500-ի։ Պատմության դասագրքերում այդ մասին մի տողով գուցե նշվի կամ ընդհանրապես չնշվի: Բայց դա եղելություն է: Ղազանչի գյուղի համար տեղի ունեցավ արյունալի ճակատամարտ: Ադրբեջանի Ազգային ճակատը հարձակվել էր 1500 հոգով, գյուղը պաշտպանում էին 27 զինյալ կամավորականներ: Չնայած մեր տղաների անօրինակ սխրանքին, գյուղը պահել չհաջողվեց: Հայրենիքի փրկության զոհասեղանի կրակը բորբոքուն էր ամբողջ երկու օր։ Անհավասար մարտում Մուսա քեռուս որդիներից մեկը՝ Վազգենը, նույնպես զոհվեց։ Բայց նա թշնամու գնդակից չէր ընկել։ Իր համար պահած վերջին գնդակով ազատել էր իրեն գերի ընկնելու դժբախտությունից։ Նախ շանն էր սպանել, հետո իրեն։ Այդ պահին ես նրա մոտ չէի, իսկ տղաների վիճակն այնքան նեղ էր, որ չկարողացան մարմինը հանել…
Օրերն անցնում էին, իսկ մենք չէինք կարողանում մոտենալ ու հանել Վազգենին։ Եվ դա այն դեպքում, երբ նրա հարազատ եղբոր՝ Վարդանի շիրմաթումբը դեռևս թարմ էր։ Նա էլ Սաֆոնովյան հրոսակախմբի դավադրության զոհն էր դարձել: Մուսա քեռիս իր անվանն արժանի վեհությամբ էր ընդունել որդիների սև թուղթը։ Բայց նրա անխոս հայացքը որդու համար մի բուռ հող, մի սուրբ ուխտատեղի էր պահանջում։ Ու այդ հողը բերողը ես պիտի լինեի։ Նրա մարմինն ազատելու շատ փորձեր եմ արել, բայց ոչինչ չէր ստացվում:
Մարտի 12-ին Ասկոլկայի ու Վլադիմիր Բալայանի ջոկատների հետ միասին մեկ օրում ազատագրեցինք միանգամից 8 գյուղ՝ Սրխավանդը, Գյունափան, Բաշ Գյունափան և այլն: Այդ ընթացքում գերիներ ու դիակներ էինք հավաքում, որպեսզի փոխանակենք Վազգենի հետ:
Մարտի 25-ն էր արդեն: Վիտալի Բալասանյանը բանակցությունների դուրս եկավ Ադրբեջանի Ազգային ճակատի հրամանատար Ալավերդիի հետ: Պայմանավորվածության համաձայն Վազգենին փոխանակելու էինք 4 գերու և 4 դիակի հետ: Երբ ճանապարհ էինք ընկնում, Բալասանյանը եկավ, թե՝ Ալվարո, դու՞ ինչու ես գնում: Քեզ, ախր, բոլորը ճանաչում են: Ասեցի՝ ինչ անեմ, որ չգնամ, գնում եմ եղբորս մարմինը բերեմ: Մինչև հիմա շատ եմ փորձել, չի ստացվել:
Չորս հոգով էինք, քեռիս էլ էր մեզ հետ:
Երբ հասանք հանդիպման վայրը՝ Ալաղալու գյուղը, Ալավերդին զգուշացրեց, որ մեզնից և ոչ մեկի մազն իսկ, չպիտի ծռվի: Համոզված էինք, որ չեն դիպչելու մեզ: Առաջինը քեռիս դուրս եկավ, մոտեցավ փոխանակման եկած ադրբեջանցիներին: Ես դեռ սպասում էի մեքենայի մեջ:
Քեռիս դիմեց հանդիպման եկած գումարտակի հրամանատարին, թե՝ եկել ենք Վազգենի մարմինը տանենք, մեր տալիքն էլ, ահա, տվել ենք:
— Վազգենի դիակն այստեղ չէ: Գյուղում այդպիսի դիակ չկա,- հետևեց պատասխանը։
— Իբաթ մալլում, կա,- քեռիս հարգանքով էր խոսում, մանավանդ, որ դիմացինն էլ հարյուր տարվա «ընկեր» էր…
…Նա իմ մանկության ընկերն էր: Ես և նա՝ ադրբեջանական գումարտակի հրամանատար Իբաթը, հարևան գյուղերում մեծացած տղաներ ենք, իրար հետ հազար անգամ հաց կտրած, հազար անգամ ճամփա գնացած: Մեր մանկությունը միասին, մեր գյուղի անտառներում ենք անցկացրել։ Միասին դպրոց հաճախել, միասին սովորել Շուշիի մանկավարժական ուսամնարանում։ 4 տարի շարունակ ամեն շաբաթ, կամ ամեն անգամ, երբ տուն էինք գալիս, ես գնում, իրենց տնից ձի էի վերցնում, ձիով անցնում այն 4 կմ ճանապարհը, որ բաժանում էր Ղազանչին հարևան Ալաղալուից, որովհետև ավտոբուսը մինչև իրենց գյուղն էր գալիս: Իմ հարսանիքի մսացուի հոգսը ինքն ու Վազգենն էին հոգացել: Եվ ահա, այդքան տարիների ընկերությունից հետո հայտնվել էինք սահմանագծի հակառակ կողմերում: Եկեք բաց թողնենք այդ պահին իմ հոգեվիճակի նկարագրությունը, որովհետև ավելորդ է ասել, թե ինչպես էր արյունս երակներիս մեջ փոթորկվում իսկ կուրծքս պայթեր պիտի սրտիս տրոփյունից…
Նրա պատասխանի վրա ես չդիմացա, ասացի՝ կա, ո՞նց թե՝ չկա:
Ձայնս անմիջապես ճանաչեց:
— Ալվարո՞ն է մեքենայում:
Դուրս եկա: Առանց դրան էլ պիտի դուրս գայի: Նրա հետ եկած տղաները, իր տեղակալները, բոլորը եկան, պատվով-հարգանքով բարևեցին, գրկեցին-համբուրեցին ինձ, ինքը մնաց անշարժ: Ձեռքս մեկնեցի՝ օդում մնաց, բարևս չառավ:
Դեռ ավելին, համարձակություն ունեցավ հետս այսպես խոսել.
-Աղվե՛ս ես դառել, Ալվարո՛, քեզ աղվեսի պես ես պահում:
-Թիկնազորդ ուժեղ է, հա՞, համարձակվում ես հետս այդ տոնով խոսել: Դու՛, որ ամբողջ կյանքում վախենում էիր ինձնից: Դու՛, որ ամբողջ կյանքդ հետևիցս շարշ էիր գալիս: Քո կյանքում երբևէ այդպես խոսած կա՞ս ինձ հետ: Հիմա, երբ շրջապատված ես թիկնապահներով, իհարկե, կարող ես քեզ թույլ տալ,- նյարդերի խաղ էր։ Ես գիտեմ նրանց սովորությունները, այդ ազգի բնավորությունը։ Փոքր-ինչ հապաղես, փոքր-ինչ նվաղես, կհարձակվեն, կուտեն քեզ:
— ՉԷ: Ես արդեն 20 օր է, փնտրում եմ Վազգենի դին, չեմ գտնում:
— Փնտրու՞մ էիր, որ ի՞նչ անես:
— Որ բերեմ, Մուսա դայուն հանձնեմ, — գուցե նույնիսկ ճիշտ էր ասում:
— Սիրտդ այդպես ցավում է, հա՞, Մուսա դայու համար:
— Մոռացել ես երևի: Չես հիշում, որ հարսանիքիդ մսացուն ես ու Վազգենն ենք բերել:
— Բայց ի՞նչ գիտես, որ Վազգենն այնտեղ՝ գյուղում զոհվել է:
— Գիտեմ: Սկզբում շանն է սպանել, հետո իրեն: Իսկ դու՞ ինչ ես արել, Ալվարո՛:
— Ե՞ս։ Ես ոչ մի բան էլ չեմ արել:
— Սրխավանդից խաղաղ բնակչությունը հեռանում էր: Դու մի բարձունքի նստած սպանում էիր բոլորին: Հատ-հատ:
Դու իմ եղբորն էլ ես սպանել, նրա տղային էլ: Մոռացել ես, հա՞, թե քանի-քանի անգամ ենք կողքի գյուղը մարդ ուղարկել նրա հետևից, որ գար մեր տուն, քեզ հետ օղի խմեր: Գիշեր լիներ, թե ցերեկ, գալիս էր:
Նա չէր սխալվում: Ես եմ սպանել: Բայց չգիտեի, որ իրենք են: Չէի ճանաչել։ Եթե ճանաչեի, չէի խփի։ Ընդհանրապես մենք խաղաղ բնակչությանը չէինք վնասում: Ուղղակի անթաղ, անգերեզման եղբորս վշտից գլուխս կորցրել, խելագարվել էի:
— Ես չեմ սպանել, ինֆորմացիադ սխալ է- ժխտեցի ես:
— Ուզու՞մ ես ասեմ, ինչ հագուտով էիր,- նա մանրամասն ու անսխալ նկարագրեց ինձ: Ուրեմն տեսել, ճանաչել են ինձ:
— Չէ, Իբաթ, ես չէի։ Ես ոչ մեկին, առավել ևս եղբորդ չեմ սպանել,- չգիտեմ՝ հավատաց, թե չէ։
— Եթե գիտես դիակի տեղը, գնա վերցրու,- ասաց նա, վեց հոգի դնելով մեզ հետ՝ որպես ուղեկցորդ:
Ձյուն էր: ՈւԱԶ-ը մի կերպ էր բարձրանում նեղ ու ցեխոտ ճանապարհով: Գնացինք, գտանք Վազգենին: Երբ արդեն վերադառնում էինք, ասացի՝ թե գնում եմ մեր տունը տեսնեմ: Գնացի: Տունը չկար: Հող էին դարձել: Նյարդերի ջղաձգությունից անզուսպ ծիծաղով բռնկվեցի։ Ծիծաղում էի, բարձրաձայն ծիծաղում: Ինձ ուղեկցող ադրբեջանցիները կարծեցին, թե ցնորվել եմ, խելագարվել: Ես ադրբեջաներեն հասկանում, մաքուր խոսում էի:
— Չեմ խելագարվել,- ասացի: Ուղակի ես ձեզնից ավելի շատ տներ եմ այրել, ավելի շատ եմ քանդել ու ավիրել,- ստեցի ես, որովհետև մենք երբեք տներ չէինք այրում: Ես ինքս էի արգելում ավերումները:
Եկա, որ հետ վերադառնանք: Իբաթը մոտեցավ, թե՝ չես գնում: Մեր տուն պիտի մտնենք:
Անմիջապես մտքովս անցավ, թե ուզում են թունավորել ինձ: Որովհետև միայն ինձ տարան, քեռուս ու բարեկամներիս չթողեցին գալ մեզ հետ: Իր թիկնազորի ուղեկցությամբ տուն մտանք: Մայրը՝ Մալեքա խալան դուրս եկավ, գրկեց, համբուրեց ինձ: Ասաց՝ բոլորն ասում են, թե դու ես սպանել եղբորս որդուն ու թոռանը, բայց ես չեմ հավատում: Դու չէիր սպանի նրանց:
Իբաթը միջամտեց՝ Աղ ու հաց բերեք:
Աղուհացը օրվա ու ողջ կյանքիս ամենամեծ փորձությունն էր: Աղուհացը սրբություն է շատ ազգերի համար, այդ թվում մեզ ու ադրբեջանցիների համար։ Աղուհացը կոխկրտելը նույնիսկ Աստված չի ներում: Իմ առջև ծանր ընտրություն էր կանգնած: Կամ ես ընդունում եմ աղուհացը՝ այդպիսով խոստովանում մեղքս ու ներողություն խնդրում, կամ էլ մերժում եմ՝ այդպիսով ժխտում մեղքս ու արհամարում նրանց բարեկամությունը: Ես երկրորդ տարբերակն ընտրեցի:
Մերժեցի, կոխ տվեցի աղուհացը:
Դա կյանքիս միակ որոշումն է, որը մինչև էսօր ինձ չեմ ներում: Պետք է խոսովանեի, որ ես եմ սպանել: Նույնիսկ քեռիս հանդիմանեց ինձ․ Խոստովանելն ավելի մեծ տղամարդկություն կլիներ: Բայց եթե ես էդ պահին թուլություն ցուցաբերեի, համոզմունքների, մարդկային արժեքների հետևից ընկնեի, ապա պատերազմը տանուլ կտայի: Դեռ 92 թվականն էր, մարտ ամիսը: Պատերազմը դեռ առջևում էր: Ես թուլանալու իրավունք չունեի: Եվ բացի այդ, ինչ կանեին իրենք ինձ հետ, եթե խոսովանեի, որ ես եմ սպանել նրանց։ Ինչպես ասում են, երբեմն փախչելն ու փրկվելը նույնպես տղամարդկություն է։ Ու բացի այդ, միթե ես պետք է արդարանամ իմ ազգի թշնամուն խաբելու համար։ Ես գործեցի իբրև երդվյալ զինվոր։ Բայց և խղճիս առաջ մեղանչումս մինչև հիմա ծանրացած է սրտիս…
Գուցե, որովհետև իրենք ինձ հավատացին, իսկ ես՝ ոչ։ Իսկ իրենք, իսկապես հավատացին ինձ։ Դա գրված էր նրանց աչքերում։
Ես միշտ չէ, որ այսպես սառն ու քարսիրտ էի։ Մի անգամ, օրինակ, երկու տղայի կյանքերը խնայեցի միայն նրա համար, որ նրանցից մեկի քայլվածքը որդուս քայլվածքին էր նման։ Այդ երկուսին այդպես էլ ասացի, որ զինվոր տղայիս նմանության պատճառով կյանքերն իրենց եմ բախշում։ Զինաթափեցի ու գերի վերցրի։ Երբ հետս բերեցի, ջոկատի տղաները ապշել էին։ Հաց չկար, թե մենք ուտեինք, իսկ ես գերիներ էի բերել ու հրահանգել, որ լավ նայեն։
Պահեցի նրանց այնքան, մինչև որ փոխանակեցինք մեր տղաներից մեկի հետ։ Որդիս 15 տարեկանից զենք վերցրեց, մտավ պատերազմի հորձանուտը։ Չնայած ինձ մոտ չէր ծառայում, բայց գիտեի, որ անհրաժեշտության դեպքում ինքը ինձ օգնության կգա, ես՝ իրեն։ Այդպես հեշտ է կռվելը․․․
Մենք չափազանց թանկ գին վճարեցինք մեր ազատության համար։ Սա սոսկ բառեր չեն, այլ հարյուրավոր երիտասարդ կյանքեր։ Այդ գինը Վազգենի կյանքն է, Նորայրի, Ավոյի, Ասկոլկայի, Վարդանի ու շատ-շատերի։ Բայց, ինչ արած, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Փոխարենը մենք վաստակեցինք հարգանք ինքներս մեր նկատմամբ։
Մեր ազգի՝ դարեր շարունակ կորացած մեջքն ուղղվեց և մենք ոչ թե ողորմություն խնդրեցինք աշխարհից, այլ զենքով տեր կանգնեցինք արևի տակ ազատ ապրելու մեր իրավունքին։
Գրապահարանիս մի ամբողջ դարակը զբաղեցնում են այն գրքերը, որտեղ գրված է իմ մասին։ Վազգենի ու Վարդանի հիշատակին Գուրգեն Գաբրիելյանը պոեմ է գրել՝ «Մուսա լեռան․․․ երկու որդին», մի մեծ տոպրակ մեդալներ ունեմ, երևի ծոռներս մի օր կխաղան դրանցով։ Դա հպարտության իմ անձնական, շատ քիչ մասն է միայն։ Հպարտությունն ու երջանկությունն ինձ համար մնում են մեր երկրի անառիկ սահմանները, ուսյալ զինվորականներն ու կանոնավոր, հզոր բանակը, խաղաղ երկնքի տակ անհոգ մեծացող փոքրիկները։
Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ