Հենրիկ Սուրենի Մալյան (սեպտեմբերի 30, 1925, Թելավ, Վրաստանի ԽՍՀ — մարտի 14, 1988, Երևան, ՀԽՍՀ), հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում[1]: 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ: 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր: 1971-1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975-1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ:
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։
Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը:
Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։
Տեսանյութը Շողակաթ հեռուստաընկերության