«… Հիշու՞մ ես, մամա ջան, մի անգամ գնացել էի ֆուտբոլ խաղալու և ուշացել էի: Լավ հիշում եմ, որ ուղիղ յոթ ժամ բացակայել էի և ոչինչ չէի կերել: Դու զարմանում էիր, թե ինչպես այդքան երկար սոված դիմացա: Սիրելիներս, բա ինչպե՞ս նույն տղան ուղիղ երեք օր բացարձակապես ոչ մի բան չկերավ, ոչ մի փշրանք: Այդ եղավ այսպես: Պերեվալումն էինք, միանգամից ստացել էինք հինգ օրվա հաց և կոնցենտրատ: Երկրորդ օրը, գիշերը, երկու ընկերներիս հացն էլ միանգամից, մի ուսապարկի մեջ, կորավ: Ի՞նչ անեին խեղճերը, ոչինչ չունեին: Ստիպված եղա հացս բաժանել երեք տեղ, ինչպես նաև կոնցենտրատը: Մյուս օրը կերանք պրծանք՝ հույս ունենալով, որ մթերքը կստանանք ժամանակից շուտ:
Այնինչ մթերքը, ճանապարհը փակվելու պատճառով, ոչ թե շուտ եկավ, այլ բոլորովին չեկավ: Մենք ստիպված եղանք, երեք օր բան չկերած, թուլացած, պերեվալով գնալ մեր հին տեղը՝ մթերք ստանալու համար…
Քո Լևիկ, նոյեմբեր 1941 թիվ»:
19 տարին նոր բոլորած Լևոն Թոթովենցը զոհվեց Կերչում, դեսանտի ժամանակ: