Չգիտեմ, դուք տեսել եք որդեկորույս հայրերի, թե ոչ, բայց ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց: Յուրատեսակ որդեկորույսների, նրանց, ում զավակները դժբախտ պատահարի կամ հիվանդության պատճառով պատանի հասակում հրաժեշտ են տվել կյանքին: Ըստ էության, հայրերի կյանքն էլ է երեխաների հետ ավարտվում, բայց՝ ինքնատիպ ձևով: Ոմանք դառնում են մռայլ, քչախոս, անժպիտ արարածներ, հնարավորինս մեկուսանում են մարդկանցից, հասարակությունից և իրենց մեղադրող կանանցից չեն բաժանվում զուտ այն պատճառով, որ կորստի վիշտը երկուսինն է:
Ոմանք էլ՝ հակառակը, վերածվում են ժպտերես, սրախոս, կատակաբան, հաղորդակցվող մարդկանց, բայց դա առերևույթ է, դա ինքնապաշտպանական ռեակցիա է: Իրականում այդպիսի հայրերի կյանքը թերևս ավելի անտանելի է:
Այդպիսի մարդ էր ՄԻՀՐԱՆ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ:
Նա կրտսեր եղբայրն էր Արշակ Կարագյոզյանի, ով 1942-1953 թթ. գլխավորել էր լավագույն համազգային, ազգապահպան կառույցի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) վարչությունը: Բայց իմ հրապարակման նյութը նա չէ, Ա. Կարագյոզյանի գործունեության մասին թող պատմեն ուրիշները, թեկուզ հենց նույն Բարեգործականը:
Կասեմ միայն, որ երբ 1963-ին, 91 տարեկան հասակում, վախճանվեց Նյու Յորքում, բոլորը բերանները ջուր առան: Արդեն մոռացվել էր…
Եղբայրները պոլսեցիներ էին, Արշակը ծնվել էր 1872-ին, Միհրանը՝ 1874-ին: Երեխա էին, երբ մահացավ հայրը՝ Կարապետը, ու նրանց հոգսը մնաց Սրբուհի մոր ուսերին: Տղաները փայլուն կրթություն ստացան՝ ավարտեցին Կ. Պոլսի ամերիկյան «Ռոբերտ» քոլեջը և ձեռնամուխ եղան առևտրի: Սկզբում աշխատեցին իրենց հորեղբոր հետ, որը Մանչեստերում մանուֆակտուրայի բիզնեսով էր զբաղվում ու կտորեղեն ուղարկում եղբորորդիներին, որոնք խանութ էին վարձակալել Պոլսի խաներից մեկում:
Աչքաբաց Արշակը առևտրական կապեր հաստատեց Պարսկաստանի հետ, դարձավ այդ երկրի դեսպանության թարգմանիչը, ինչի համար պարսից շահի կողմից պարգևատրվեց «Շիր վե Խուրշիդ» (Արև և Առյուծ) շքանշանով և արժանացավ խանի տիտղոսի:
Ամեն ինչ, կարծես, հունի մեջ էր ընկել, կյանքը նորմալ ընթացք էր ստացել, բայց 1896-ին ամեն բան փոխվեց՝ սկսվեցին համիդյան ջարդերը: Մի օր, երբ եղբայրները խանութում էին, տեսան տապարներով ու մահակներով զինված, հայ փնտրող թուրք ջարդարարներին: Փակեցին խանութի դուռ-լուսամուտը, սարսափահար կծկվեցին ու հասկացան, որ Թուրքիայից պետք է հեռանալ:
1897-ին մեկնեցին Մանչեստեր և հիմնեցին «Ա. և Մ. Կարագյոզյան» մանուֆակտուրայի արտահանման ֆիրման: Մեկ տարի անց Միհրանը տեղափոխվեց ԱՄՆ և հաստատվեց Նյու Յորքում, իսկ Արշակը մնաց ու շարունակեց եղբորը մանուֆակտուրա առաքել: Եվս մեկ տարի անց՝ 1899-ին, Կարագյոզյանները փոխեցին բիզնեսի բնույթը և սկսեցին զբաղվել արևելյան գորգի առևտրով. մի ապրանքատեսակ, որն ԱՄՆ-ում մեծ պահանջարկ էր վայելում:
Արշակը վերադարձավ Պոլիս ու սկսեց եղբորը պարսկական գորգ մատակարարել, իսկ Միհրանը Նյու Ջերսի նահանգում գորգի արտադրության գործարան հիմնեց:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արշակը մեկնեց Անգլիա, Շվեյցարիա, ապա վերջնականապես տեղափոխվեց Նյու Յորք:
1923 թ. եղբայրները Նյու Ջերսի նահանգի Ռոզել Փարք քաղաքում հիմնեցին մեքենական արտադրության գորգի նոր գործարան, 1925-ին ևս մեկը Չինաստանի Տյանցին քաղաքում՝ չինական գորգ արտադրելու համար, իսկ 1928-ին հրապարակ հանեցին իրենց նշանավոր, գունագեղ «Գյուլիստան» գորգը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1941-ին, երբ շուկայի պահանջարկը հիմնովին փոխվեց, եղբայրներն իրենց գործարանները վերամասնագիտացրեցին ռազմական կարիքների համար:
1952-ին, երբ Միհրանն արդեն վախճանվել էր, Արշակը դադարեցրեց արևելյան գորգի առևտուրը և ամերիկյան գորգարտադրությունը զարգացնելու նպատակով, նախ, գործարան հիմնեց Ջորջիա նահանգի Օլբանի քաղաքում, 1957-ին՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Աբերդին քաղաքում, իսկ 1962-ին՝ Ջորջիայի Սթեյթբորո քաղաքում:
«Ա. և Մ. Կարագյոզյան» ֆիրման (A. & M. Karagheusian) ԱՄՆ-ի գորգարտադրության խոշորագույն հաստատություններից մեկն էր: Եթե նրանց գործարանների բանվորները հայեր և այլազգիներ էին, ապա պաշտոնյաները, կառավարիչները, վարպետները՝ հայեր:
1948 թ. ՀԲԸՄ պաշտոնական օրգան «Յուշարարը» գրեց. «Ամերիկեան քաղաքակրթութեան կարկառուն յատկանիշը եղող մեծազանգուած ճարտարարուեստի մէջ առնե՛լ անոր մէկ չյուղը և զայն տանիլ իր առաւելագոյն բարգաւաճումին, ամբողջ երկրին մէջ մատի վրայ համրուող քանի մը մրցակից միայն ունենալով,- իրական սխրագործութիւն մըն է ասիկա որ պատիւ կը բերէ հայ հանճարին ու անունին»:
Այսքանը՝ Կարագյոզյան եղբայրների բիզնեսի մասին: Բայց, կարծես, ժամանակագրությունը խախտեցի:
ԱՄՆ գաղթելուն պես Մ. Կարագյոզյանը մեկ այլ երջանկահիշատակ մարդու՝ Վ. Ջինիշյանի հետ, գրանցել տվեց արևելյան գորգեր ներմուծող «Ա. և Մ. Կարագյոզյան» ֆիրման: (Ի միջի այլոց նշեմ, որ «Վարդան Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» առայսօր գործում է, մասնաճյուղեր ունի մի շարք երկրներում, այդ թվում և՝ Հայաստանում):
Միհրան Կարագյոզյանը հավատամք ուներ, նա ասում էր. «Աստուած մարդուն երեւակայութիւն տուած է ո՛չ թէ միայն բանաստեղծութիւն գրելու կամ երաժշտութիւն յօրինելու, այլ թշուառին վիճակը հասկնալու, ինքզինքը անոր տեղ դնելու եւ իր պարտքը կատարելու համար»:
Ո՞րն էր նրա պարտքը, ի՞նչ էր հասկանում պարտք ասելով:
Նրա բարեսիրական, մարդասիրական, ազգանպաստ գործունեությունը սերտորեն, անբաժան կերպով կապված է ՀԲԸՄ-ի հետ, որի վարչության երկարամյա անդամն ու գանձապահն էր:
Երբ 1906-ին Պողոս Նուբարը Կահիրեում հիմնեց Բարեգործականը, արդեն հաջորդ տարվանից աշխատանքներ տարվեցին ԱՄՆ-ում մասնաճյուղեր բացելու ուղղությամբ, և այդ գործում անուրանալի դերակատարում ունեցավ Մ. Կարագյոզյանը: Հենց նրա ջանքերով նաև 1909 թ. հուլիսի 15-ին հիմնվեց Նյու Յորքի մասնաճյուղը, որի գանձապետ ընտրվեց:
Այդպիսի մասնաճյուղեր հիմնվեցին նաև ԱՄՆ-ի գրեթե բոլոր գաղօջախներում, և 1912 թ. սեպտեմբերին կայացավ ՀԲԸՄ համաամերիկյան առաջին համագումարը:
Այդ նույն թվականին Սահակ Բ կաթողիկոսի հովանավորությամբ հիմնվեց Այնթապի Կիլիկյան ճեմարանը (փակվեց 1915-ին), որի Ամերիկայի օժանդակ մարմնի գանձապետը և գլխավոր նվիրատուն Մ. Կարագյոզյանն էր:
1915 թ., երբ հայ ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում Օսմանյան Թուրքիայում, Մ. Կարագյոզյանը, վերապատվելի Խաչատուր Պեննեյանը և նկարիչ Հովսեփ Փուշմանի եղբայր Կարապետ Փուշմանը ստեղծեցին Գաղթականաց ընկերակցությունը, որի նպատակն էր աշխատանքով կամ ֆինանսապես օգնել կոտորածներից փրկված և Ամերիկա հասած ազգակիցներին:
Նա երեք տարի եղավ Նյու Յորքի 27-րդ փողոցում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձու: 1914-ին հոգաց բուժման նպատակով Նյու Յորք ժամանած Բաբկեն եպս. Կյուլեսերյանի հյուրանոցի և հիվանդանոցի ծախքը, իսկ դրանից հետո 2 տարի ֆինանսապես օժանդակեց եպիսկոպոսի «Տաւրոս» շաբաթաթերթի հրատարակմանը Բոստոնում:
1915 թ. Մ. Կարագյոզյանի շնորհիվ ստեղծվեց Հայ-ամերիկյան նպաստամատույց հիմնադրամը, որը 50000 օրինակ տպաքանակով հրատարակեց The Cry of Armenia («Հայաստանի աղաղակը») ալբոմը:
1917 թ. նոյեմբերին նա Պատրիկ Գյուլբենկյանի, Տիգրան Քելեկյանի ու Վահան Քյուրքճյանի հետ հանդիպեց Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուին ու խնդրեց ջանքեր թափել, որպեսզի Հայաստանը ելք ունենա դեպի Միջերկրական ծով:
Նույն թվականի նոյեմբերի 25-ին Մ. Կարագյոզանն իր տիկնոջ՝ Զաբելի ուղեկցությամբ, ամերիկահայերի մի պատկառելի պատվիրակության կազմում, հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հետ: Նպատակը զուտ քաղաքական էր՝ հայոց արդարացի պահանջների պաշտպանությունը:
1918 թ. Մ. Կարագյոզյանը վերապրեց անձնական ողբերգություն: Նա ուներ երկու զավակ՝ Լիլա անունով դուստր և Կարապետ, որն ամերիկավարի կրում էր Հովարդ անունը: Ապրիլի 26-ին 13-ամյա այդ պատանյակը թոքերի հիվանդությունից վախճանվեց ու թաղվեց Վուդլոն գերեզմանատանը:
Հոր ներաշխարհը փլուզվեց: Որդին, որին ծնողները պաշտում էին, և որը պիտի շարունակեր հայրական շառավիղը, ոչ ևս էր:
Մ. Կարագյոզյանը որոշեց, որ այն, ինչ պիտի աներ իր զավակի համար, հարկ էր անել ողջ մնացած հայ որբուկների համար: Եվ հենց նույն թվականին Կ. Պոլսում հիմնեց «Հովարդ Կարագյոզյան» որբանոցը:
Այն գտնվում էր Մարկո փաշայի վիթխարի ապարանքում, Գուզկունջուկի բարձունքի վրա, առջևում ունենալով Բոսֆորի գեղածիծաղ տեսարանը: Այստեղ պատսպարվել ու խնամվում էին Թուրքիայի ներքին գավառներից ու Կիլիկիայից 6-12 տարեկան շուրջ 100 արական սեռի որբեր: Հաստատությունը գործում էր միանգամայն անկախ և որևէ առնչություն չուներ ազգային մարմինների հետ:
Հինգ դասարաններում մշտակա ուսուցիչները՝ տնօրեն Գրիգոր Դավթյանի ղեկավարությամբ, և հրավիրյալ անձինք երեխաներին դասավանդում էին հայերեն, անգլերեն, աշխարհագրություն, ազգերի պատմություն, թվաբանություն, բնագիտություն, գծագրություն, երաժշտություն, շաբաթը մեկ՝ կրոնագիտություն: Կրթական ամբողջ դասընթացը միտված էր գործնական մարդ և հայ քրիստոնյա դաստիարակելուն, իսկ նշանաբանն էր՝
«Ապաւինիլ Աստուծոյ եւ վստահիլ իր անձին»:
Երեխաները մշտական բժշկական հսկողության ներքո էին, ամեն օր մարզանք էին կատարում, ամեն երեկո բաղնիք գնում, ամռանը՝ ծովում լողում, իսկ կիրակի օրերին՝ պարտադիր եկեղեցի հաճախում: Առավոտյան ու երեկոյան որբերը հավաքվում էին Հովարդի մեծադիր նկարի առջև ու երգում «Առաւօտ Լուսոյ» և «Հրեշտակ զուարթուն»:
Որբերից կազմվել էր նաև երգչախումբ, որը կատարում էր Կոմիտասի բազմաձայն ստեղծագործությունները և անգամ վարդապետի եռաձայն պատարագը:
Այսպես շարունակվեց մի քանի տարի: Տեսնելով Թուրքիայում օրեցօր ահագնացող քաղաքական իրադրությունը, հայահալած քաղաքականությունը, Մ. Կարագյոզյանը, որբերին փրկելու համար, կատարեց իրավական կարգավիճակի փոփոխություն. նա 1921 թ. Նյու Յորքում գրանցեց «Հովարդ Կարագյոզյան հիշատակի կորպորացիան» (Howard Karagheusian Commemortive Corporation, ի դեպ, եկող տարի լրանում է մինչ օրս գործող այդ մարմնի 100-ամյակը): Դա հնարավորություն էր տալիս, լինելով զուտ ամերիկյան հաստատություն, որբանոցը զերծ պահել թուրքական իշխանությունների ոտնձգություններից:
Սակայն Մ. Կարագյոզյանը դրանով չգոհացավ: Լինելով հեռատես մարդ, հասկացավ, որ որբանոցի գոյությունը ապագա չունի Թուրքիայում: Այդ իսկ պատճառով 1924 թ. նա որբանոցը՝ 100 երեխաներով, փոխադրեց Ֆրանսիայում գտնվող Լա Կոտինիեր շքեղաշուք դղյակ: Դժբախտաբար, այդ հաստատության մասին նյութեր ու փաստաթղթեր չեն պահպանվել, որովհետև 1934 թ. դղյակը հրդեհից ոչնչացավ: Սակայն դատելով այն փաստից, որ մարդասիրական գործունեության համար Ֆրանսիայի կառավարությունը Մ. Կարագյոզյանին պարգևատրեց Պատվո Լեգեոնի շքանշանով, հարկ է ենթադրել, որ որբանոցի առաքելությունը եղել է խիստ արդյունավետ:
Հրդեհից հետո «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի բնույթը փոխվեց. հաստատության հոգածությունը ծառայեցվեց Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի գաղթակայանների ավելի քան 140 տղաների և աղջիկների խնամքին: Հիմնադրամը ստանձնեց նաև Այնճարում՝ Բեյրութից մոտ 35 մղոն հեռավորության վրա, պատսպարված 600 երեխաների աչքերի և ատամների բուժմանը՝ տարեկան ծախսելով 25-45 հազար դոլար:
Միհրան Կարագյոզյանը գլխովին նվիրաբերվեց բարեգործությանը, որովհետև ըստ նրա. «Միակ դրամը զոր մարդ կրնայ մահէն վերջ հետը տանիլ, իր կենդանութեան ժամանակ ըրած բարեգործութեանց գումարն է»: Նրա ձեռքն ու քսակը բաց էին ամեն ազգօգուտ ձեռնարկի համար: Օժանդակեց եկեղեցուն, օգտաշատ հրատարակությունների լույսընծայմանը, ուսանողներին, մտավորականներին, բիզնեսում առաջին քայլերն անողներին:
1919-1922 թթ., երբ ՀԲԸՄ-ն ԱՄՆ-ում ուներ 75 մասնաճյուղ և ավելի քան 6000 անդամ, սկսվեց, այսպես կոչված, հանգանակային շարժում՝ ի նպաստ ազգի մնացորդաց: Ամերիկահայերը կազմակերպեցին յոթ դրամահավաք՝ ժողովելով 550 հազար դոլար, և այդ գումարի 1/10 մասը հանգանակվեց Մ. Կարագյոզյանի շնորհիվ: Նա կնոջ հետ Նյու Յորքից հասավ Լոս Անջելես, ճանապարհին եղած բոլոր գաղթավայրերում քարոզչություն իրականացրեց, ինչի արդյունքում ժողովվեց 55 հազար դոլար:
1930-1934 թթ.՝ «մեծ լճացման» տարիներին, Նյու Յորքում բացեց միջօրյա ձրի ճաշարան (Սուփ քիչըն)՝ մուրացիկների ու տնանկների համար:
Մ. Կարագյոզյանը ազգապահպան գործունեությանը մասնակից դարձրեց նաև իրենց ֆիրման: Այն ֆինանսապես օժանդակեց Փարիզի Ազգային հիմնադրամին, Նյու Յորքի Ազգային պաշտպանության հիմնադրամին և Հայ-ամերիկյան նպաստամատույց ընկերությանը: Ֆիրման 1921-1926 թթ. ստանձնեց 150 որբերի խնամքը՝ 5 տարվա ընթացքում հատկացնելով 90 հազար դոլար:
Հայաստան ներգաղթի համար «Ա. և Մ. Կարագյոզյան» ֆիրման հատկացրեց 70 հազար դոլար, «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը՝ 2500 դոլար, իսկ Նուբարաշենի կառուցման համար ֆիրման տրամադրեց 20 հազար դոլար:
Միհրան Կարագյոզյանը՝ ՀԲԸՄ առաջին բարերար-անդամներից մեկը, վախճանվեց 1948 թ. հոկտեմբերի 7-ին, Նյու Յորքի Ֆրանսիական հիվանդանոցում: Մահվան բոթը ցնցեց հայությանը, աշխարհի տարբեր ծայրերից հղվեցին ցավակցական հեռագրեր, այդ թվում՝ Գարեգին կաթողիկոսից, Տիգրան Քելեկյանից, Առաքել Նուբարից, Գալուստ Գյուլբենկյանից և այլն:
Հոկտեմբերի 9-ին հոգեհանգստյան կարգ կատարվեց Նյու Յորքի Սբ Խաչ եկեղեցում: Միհրան Կարագյոզյանի աճյունը հողին հանձնվեց Վուդլոն գերեզմանատանը՝ իր սիրասուն զավակ Հովարդ-Կարապետի կողքին:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ