Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։
Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։
Զարյանի կյանքում հիշարժան էր Եղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ անունը փոխեց Նաիրի Զարյանի։1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։
Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին»(1926), «Ռուշանի քարափը» (1930), «Սաքո Միկինյան» (1935) պոեմները, «Հացավան» (1937, վերամշկ.՝ 1949, բեմ.՝ 1980) վեպը։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում։ 1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավիպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են ետպատերազմյան տարիներին գրված «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը, գրված՝ հայրենասիրական զգացումով։
1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերը։ 1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։
Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է Զարյանի «Հացավանը»:
Բացահայտում հաղորդաշար
Արմենիա հեռուտաընկերություն