Հայե՛ր, շտապեցէ՛ք հայրենիքն ազատելու:
Հասել է րոպէն, երբ իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անձնականը, յանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատուի պաշտպանութեան, պիտի գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարուածելու համար:
Մենք չէինք ուզում կռուել, յանուն խաղաղութեան եւ հաշտութեան մենք պատրաստ էինք ընդյառաջ գնալու ամէն տեսակի զոհողութիւնների, սակայն մեր տմարդի թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով, նա ըստ երեւոյթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց իրօք ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Սակայն քանի որ պիտի ոչնչանանք, աւելի լաւ չէ՞, որ զէնքը ձեռքերնիս փորձենք մեզ պաշտպանել: Գուցէ յաջողւում է մեզ կռուո՛վ ձեռք բերել ապրելու իրաւունքը:
Իսկ որ մենք կարող ենք պաշտպանուել, դա ցոյց տուին վերջին կռիւները մեր ճակատում ուր մեզանից թուով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր զօրքի հերոսական յարձակման առաջ:
Հարկաւոր է մի ճիգ եւս, եւ թշնամին վռնտուած կը լինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արիւն-քրտինքով աշխատել են գէթ մի կերպ հայթայթել իրենց օրուայ ապրուստը:
Հայե՛ր:
Ժամանակ չէ դանդաղելու: Բոլորը, մինչեւ յիսուն տարեկանները, պարտաւոր են զէնքի տակ գալու. ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զէնքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանութեան համար:
Հայուհինե՛ր:
Յիշեցէ՛ք հինգերորդ դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգեւորեցին իրենց ամուսիններին դէպի մեծ գործը՝ անմահ Վարդանի կռիւների ժամանկ. հետեւեցէ՛ք նրանց օրինակներին, եթէ չէք ուզում, որ ձեր պատիւը ոտնակոխ լինի, խրախուսեցէք նրանց եւ արհամարհեցէ՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրուակներով խուսափում են ճակատ գնալուց: Հաւաքեցէ՛ք նրանց համար ռազմամթերք. հաց, շոր եւ ուրիշ մթերքներ…
Խորին կերպով համոզուած եմ, որ այս իմ կոչը անարձագանգ չի մնայ եւ երկու-երեք օրուայ ընթացքում կը կազմակերպուի մի այնպիսի քաջարի զօրաբանակ, որին կը յաջողուի վռնտել թշնամուն հայրենի հողի սահմաններից եւ ապահովել հայ ժողովուրդի գոյութիւնը:
Յանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան,
Յանուն ոտնակոխ եղած ճշմարտութեան՝
Ոտքի կանգնեցէք: Դէպի գո՜րծ, դէպի սրբազան պատերա՜զմ:
Բոլոր զէնքի ընդունակ տղամարդիկ պարտաւոր են ներկայանալ Երեւանում գեներալ Բեժանբէկին իսկ բոլոր ժողոված մթերքները յանձնել տեղական Ազգային Խորհուրդներին»:
Գեներալ Մովսէս Սիլիկեան
Երեւանի Զօրամասի Հրամանատար