1910, հուլիս, Ղարաքիլիսա
Սիրելի Օհաննես,
Հիվանդությունդ իմացա լրագրի միջոցով. հուսով եմ, որ առողջացած կլինես: Թեև մինչև Թիֆլիսից դուրս չգաս, բանդ չի դրստվի: Ե՞րբ ես թողնում լրագրական ասպարեզը: Թո՛ղ, ախպեր, դու էլ մեռար, մենք էլ: Չգիտեմ, հիմի ինչ չափով ես մասնակցում, բայց, կարծեմ, որոշ բանի հսկում ես: Հենց այդ էլ աչքի առաջ ունենալով` ուշադրությունդ հրավիրում եմ այստեղի տեսուչ Սինանյանի դատի առթիվ գրած թղթակցության վրա, որ, ի մեծ զարմանս շատերի, տեղ է գտել «Հորիզոնում»: Ես էլ էի որոշել զարմանամ, բայց ենթադրելով, որ դու հիվանդ լինելով` գլուխ չունիս գործի հետ մոտիկ ծանոթանալու, և ասպարեզը մնացել է Մարգարին, հասկանալի դառավ այդ հոդվածի ընդունելության շարժառիթը, որը այնքան անձնական է, որ թողնում եմ մինչև անգամ հիշատակելը:
Առանց մտնելու մանրամասնությունների մեջ, հենց միայն նկատում եմ այն փաստը, որ դատապարտված դատավորները ընտրված են եղել երկու կողմերի համաձայնությամբ և լիակատար վստահությամբ: Հիմի մեղադրյալ կողմը տեսնելով, որ իրենց մեղադրանքը ոչ մի կերպ չարդարացավ, սկսել են կռկռալ: Հիմար դատ է, հիմնված գյադայական ցուցմունքների վրա-ահա՛ իմ եզրակացությունը, և իմ կողմից միայն կխնդրվի` ուշադրություն դարձնես այդ խնդրի վրա և ճամփա տաս այն հոդվածներին, որ արժեն, և ոչ թե այս վերջին երկու հոդվածին, որ զարմանքով կարդացինք երեկ և այսօր: Դատավորները շատ լավ զեկուցում տվել էին «Մշակում»: Դրանից դժգոհները ուղարկել էին բողոք, բայց, գոնե նրանք պատասխանել էին, որ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ընդունված դատավորների վճիռը օրինական ու վերջնական է, չգիտեմ ինչու «Հորիզոնը» էդ բանը չգիտե… Վերջապես` դու գիտես, արա՛, ինչ ուզում ես, բայց մոտիկից ծանոթացիր գործի հետ, որ, պետք է ասել, շատ է ջանջալ ու գյադայական:
Նորություն չկա: Ավետիքը ամուսնացել է անցյալ կիրակի. վախենում է Ղարաքիլիսա գալուց, կարծելով թե խոլերա կա: Ես էլ մի երկու շաբաթով այստեղ եմ: Առողջությունս տակ սեբե: Մի մեծ խնդիր ունեմ: Ղրկիր Ֆրանգյանի հետ միջնադարյան երգիչների այն տետրակները, որ, ասում էիր, ավելորդ օրինակներ ունես: Նաև Լեոյի «Գրականության պատմություն»: Շատ խնդրում եմ: Ձերոնց բոլորին շատ ու շատ բարևներ: Աշխենը Անի չի՞ գնում: Ասա, որ աշխատեցի, օր. Տիգրանյանին չտեսա, որ բարևեմ: Քեզանից նամակի հույս չունիմ: Նրանց ասա, գրեն, թե ո՞նց ես, ի՞նչ ես անելու: Լևոնից կարտ ստացա, արդեն Պոլիս է:
Համբույրներով` Դերենիկ