Սիրելի Վիվանին
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ — ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական —
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ —
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում —
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր, —
Բայց աչքերը մեր — արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը — լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահակա՛ն աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում — արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն — հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու —
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն —
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ, —
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ —
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն ******ը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո
…Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ…
Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա…