Գյումրիից ընդամենը 50 կիլոմետր է հեռու Երերույքի տաճարը: Նորից գնում ես այն նույն ճանապարհով, որ տանում էր Անիին նայող Խարկով գյուղ, միայն թե մի փոքր ավելի երկար, որ հասնես հարեւան՝ Անիպեմզա գյուղ: Գյուղ տանող ճանապարհին զուգահեռ՝ ընդամենը երեք մետր հեռավորությամբ անցնում են հայ-թուրքական սահմանի փշալարերը: Բայց դեռ գյուղ չմտած տեսնում ես Երերույքը, հայացքդ անմիջապես շեղվում է։
Երբ հնագիտական շատ տեղեկություններ չգիտես առանց շուրջդ նայելու բարձրանում ես եկեղեցու շրջապատող աստիճանաձեւ 5-6 բարձր աստիճանները, մի պահ շունչ ես քաշում ու կանգնում շեմին…
Մեծ խորանը բաց երկնքի տակ ու արեւի ճառագայթների ներքո առեղծվածային խորհրդավորություն են հաղորդում տաճարին, որը փոխանցվում է նաեւ քեզ: Ակամայից լռում ու ակնդետ նայում ես արեւով ողողված արեւոտ քարով սարքված տաճարի հզորությանը եւ նրան, թե ինչպես երկինքը կամար է կապել ու դարձել տանիք Երերույքի համար:

Երերույքի տաճարը
Սեփական փոքրությունը ու ամեն մի քարից ճառագող ուժը զգալով ուզում ես հասկանալ, ընկալել տաճարի վեհությունը, գեղեցկությունը, հզորությունն ու դարերի պայքարը՝ ժամանակի ու թշնամիների դեմ: Երերույքը ստիպում է մնալ ինքդ քեզ հետ, լսել տաճարի քարերի մեջ ծվարած վայրի հավքերի թռիչքի ձայնը, կակաչներից նեկտար հավաքող մեղուների բզզոցն ու դարերով այստեղ թափառող քամու ձայնը:
Հանկարծ զգում ես, որ փշաքաղվում ես: Չգիտես ինչպես ու որտեղից լսվում է հոգեւոր երաժշտության ձայնը: Փորձում ես սթափվել ու մտածել, որ ամեն մի անկյունից սուլող քամին է այդ էֆեկտը ստեղծել, կամ էլ…
Խորանի երկու կողմերի փոքր սենյականերում դրված են սրբապատկերներ, որտեղ ամեն մարդ կարող է քամու հետ կռվել ու երկար ջանքերից հետո վառել իր մոմը:
Տաճարի պատերից դուրս մեկ այլ առեղծված է համայնապատկերում: Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա, քարանձավային սենյակներ, մի քիչ ներքեւում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։

Իսկ ավելի հեռու, դեպի հարավ-արեւելք՝ մի ջրամբարի պատնեշ կա եւ մի ամբողջ բնակավայր։ Դրանք, ինչպես նաեւ դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային։
Երերույքը ավելի շատ հարցեր ունի, քան պատասխաններ
— Չենք կարող ասել կառուցման հստակ թվագրությունը: Այդ տիպի հուշարձան չկա Հայաստանում: Միայն Թորոս Թորոմանյանն է նշում, որ այն նման է Ախուրյանի մյուս ափին գտնվող Շիրակավանի եկեղեցուն ու որոշ ընդհանրություններ ունի Տեկորի տաճարի հետ: Բայց այս կառույցները 7-րդ դարին են կառուցվել, իսկ Երերույքը ավելի հին է, ախր շատ հարցեր կան, — նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանն ու բացում տարբեր աշխատություններ, որոնք բոլորն էլ միայն ենթադրական տեղեկություններ են տալիս Երերույքի տաճարի մասին:

— Ի՞նչու է կոչվել Երերույք, ի՞նչու է հենց այդ վայրում կառուցվել ու ի՞նչու այն նման չէ մեր եկեղեցիներին: Հարցերի այս շղթայի պատասխանները հստակ չեն, ունեն մի քանի վարկածներ:
Տաճարը Անի մայրաքաղաքից 5կմ է հեռու: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: Թեեւ հենց անվանման հարցում կան մի քանի վարկածներ: Ն. Մառը իր աշխատության մեջ անդրադառնալով տաճարին ու անվանմանը նշում է, որ տվյալ վայրում եղել են վայրի այծեր, գուցե Երե-որս անվանման հետ կապ ունի, իսկ Անիպեմզա գյուղի բնակիչները մեկ այլ ենթադրություն են ներկայացնում տաճարը տեսնելու եկած հյուրերին:

Երերույքի տաճարը
— Մենք գիտենք օր տաճարն ունեցել է 6 սյուներ, հեռվից նայողին թվացել է, թե տաճարը կերերա, ըդոր համար էլ կոչվել է Երերույք,- բացատրում է Անիպեմզայի բնակիչ Կորյուն Բաղրամյանն ու նաեւ պարծենում,- Անին էդքան եկեղեցի ունի, բայց մեր տաճարի մեծության եկեղեցի չկա,Անիի մայր տաճարը իր մեծությամբ մե քանի անգամ փոքր է մեր Երերույքից:
Նիկողայոս Մառը իր աշխատության մեջ նշում է, որ արձանագրությունների համաձայն, Անիի տուֆով կառույցը կոչվել է Սբ. Կարապետի վկայարան: Թվագրվում է մոտավորապես V-VI-րդ դարեր, այն եռանավ հսկա բազիլիկ է: Կառուցված է ստիլոբատի (աստիճանաձեւ հիմք) վրա։ Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Տաճարի մասին պատմիչները լռում են։

Երերույքի տաճարը
— Ոչ մեկս չգիտենք խաչ եղե՞լ է, թե՞ չէ: Նույնիսկ չգիտենք, թե ծածկն ինչպիսին է եղել, պեղումների ժամանակ նկատել ենք կղմինդրի կտորներ, բայց դե հմի ծածկը ի՞նչ սիստեմի է եղել, էդ էլ է հարց, կոնստրուկցիան անհայտ է,- փաստում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրենն ու հավելում, որ ըստ Թորոս Թորամանյանի նկարագրության, նախնական կառույցը տարբեր ժամանակներում հավելվել է տարբեր սրահներով եւ այժմյան բազմաստիճան գետնախարիսխով: Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ XI-րդ դարում Բագրատունյաց Հովհաննես–Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար:

Երերույքի տաճարը
Հետագայում տաճարի վերականգնման, ամրացման-կոնսերվացման աշխատանքներ կատարվել են 1928 թվականից: Խորհրդային շրջանում վերսկսած վերջին ամրացումը (1965թ.) մնացել է թերի:
2010-2011թթ. այստեղ աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի եւ Ֆրանսիայի Պրովանսի համալսարանի մասնագետները։ Տարածքում հայտնաբերվել է ընդարձակ մի դամբարանադաշտ, պատվանդաններ ու բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ, կամ գուցե այստեղ թաղել են դեռ չմկրտված նորածիններին: Հայտնի չէ նաեւ դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական կապը։

Բայց այստեղ ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում։ Հետագայում եւս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ X-XI-րդ դարերում:
Երերույքը առաջնահերթություն է իբրեւ հուշարձան, ոչ իբրեւ եկեղեցի
Այսպիսին է Շիրակի թեմի առաջնորդի դիրքորոշումը Երերույքի տաճարի պահպանման ու վերականգնման հարցում: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը բարձր է գնահատում է Երերույքի բացառիկությունը, բայց ոչ վերականգնման առաջնահերթությունը թեմի համար.

— Եկեղեցին էլ, մշակույթի նախարարությունն էլ, համայնքն էլ անելիք, հավասարապատիվ պատասխանատվություն եւ պարտականություն ունեն: Բայց գյուղապետարանը ամենաքիչ ռեսուրսներն ունի ու կարող է միայն պահպանել եղած վիճակով, վերականգնել չի կարող: Եկեղեցին եւս ռեսուրսներ չունի վերականգնման համար եւ հիմնական պատասխանատուն մնում է մշակույթի նախարարությունը: Ձեզ համար եկեղեցին հուշարձան է, մեզ համար եկեղեցին հավաքատեղի է, որտեղ պետք է ժողովրդին հավաքել: Եկեղեցին չի կարող հուշարձան նորոգել: Իր առաքելությունը հուշարձան վերականգնելը չէ: Անիպեմզան այսօր փոքրիկ գյուղ է, իրենից ավելի մեծ գյուղեր կան, որ եկեղեցի չունեն, ուրեմն ես պե՞տք է մտահոգվեմ ավելի մեծ գյուղի եկեղեցի չունենալու խնդրով, թե՞ փոքր գյուղի մեծ տաճար ունենալու հարցով:
Երբ մտանք Երերույքից մի քանի քայլ հեռու Անիպեմզա գյուղ՝ այսպես մեզ դիմավորեց 12 տարեկան Քրիստինեն՝ ենթադրելով, որ արտասահմանից հյուրեր ենք: Վերջին տարիներին Ֆրանսիայից, Իտալիայից շատերն են գալիս ուսումնասիրելու տաճարը: Իսկ տեղացի զբոսաշրջիկները համարյա չեն մտնում գյուղ: Գալիս տաճարով հիանում՝ հեռանում են:
— Գյուղը նույնպես արժանի է պատմական գնահատականի: Եվրոպա Նոստրա միջազգային կազմապերպությունն էլ Երերույքն ու գյուղը ընդգրկել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Անիպեմզան Երերույքի վերականգնման հետ կապ չունի, բայց պետք չէ տարանջատել, այն պատմական շերտագրության մի մաս է,- նշում է ՀՀ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Գյուղի մասին ավելի շատ պատմում են գյուղացիներն ու մի փոքր վիրավորվում են, երբ մոտ 400 բնակիչ ունեցող Անիպեմզան գյուղ են անվանում:

Անիպեմզայում
— Մենք գյուղ չենք, Անիպեմզան Հայաստանի առաջին ավանն է: Ալեքսանդր Թամանյանի նախագծով է 1926 թվականին կառուցվել պեմզայի հանքերում աշխատող բանվորների համար: Գիտես, ինչ այգի ունեինք, դպրոց, մանկապարտեզ, մանկատուն էլ սարքին՝ Ամերիկյան որբանոցի երեխեքի մե մասին էստեղ էին բերել: Ամենահարուստ ավանն էր, քաղաքի պես կապրեինք,- հաճելի հիշողություններով կիսվում է Անիպեմզայում ծնված ու մեծացած Գագիկ Սեդրակյանը:
— 1994 թվականից Անիպեմզայի կյանքը մեկից փոխվավ: Էն ժամանակ մեր հանքերի քարերը կտանեին նախկին Խորհրդային միության տարբեր երկրներ: Սովետը քանդվավ, էստեղից քար տանելու ծախսը ավելի շատ էր, քան քարի գինը, դրսից քար ուզողներ չէղան, իսկ ներսում էլ մինչեւ էստեղ չեն հասնի քար տանելու համար: Հանքերը դառան մասնավոր, 5 ամիս կշահագործեն, մե քանի հոգի էնտեղ կաշխատի: Անիպեմզան դառավ թոշակի, նպաստի վրա նստած գյուղ, շատերը փախան էստեղից: Անիպեմզան մե թիզմ հողմ չունի, ի՞նչ մշակէ մարդը: Հմի ոչ գեղացի է, ոչ քաղքցի, — անկեղծ մտահոգվում է Անիպեմզայի գյուղապետ՝ Հարություն Թառլանյանն ու նաեւ նշում, որ գյուղի չդատարկվելու միակ հույսը Երերույքի տաճարն է:

Լեռնիկ պապը
Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյան
Աղբյուր՝ Մեդիամաքս