Սկիզբը այստեղ․ Մաս 1, Մաս 2, Մաս 3, Մաս 4
Քրիստոնեությունը, ուրեմն, կատարելության բոլորովին մի տարբեր ճանապարհ է քարոզում։ Այստեղ գլխավոր գործոնը մարդկային միտքն ու կամքը չեն, այլ՝ առ Աստված հավատը, վստահությունը, որ սրբում են մեր սիրտն ու հոգին եսական տարրերից և դեպի անձնվիրություն մղում։ Այդ հավատն է քրիստոնեական ամենաբարձր բարոյականության և սիրո աղբյուրը։ Մտքի և բանականության վրա հիմնված բարոյականությունն ու կատարելատիպը եսական են, և մենք տեսանք, որ հեթանոսական փիլիսոփայության բարոյականությունը որքան նուրբ, եսական էր։ Մարդկային միտքն ու կամքը որոշ չափով միայն կարող են մեզ օգնել․ նրանք հուսալի չեն դժվարության ժամանակ։ Սառը դատողությամբ ձեռք բերած սկզբունքները հեշտությամբ չքանում են եսական ավելի զորեղ և հաճելի ցանկությունների հանդեպ, որովհետև այդպիսի բարոյականության մեջ գերակշռող տարրը միշտ օգուտի տեսակետն է։ Բայց հավատից բխած բարոյականությունը ներքին մղման և ոգևորության արդյունք է, և ուրեմն՝ ազատ եսական տարրերից։ Հավատ, ոչ դեպի հրաշալիքը, ոչ դեպի բնության օրենքներից դուրս երևույթները, սնոտիապաշտությունը, այլ դեպի բարին, ազնիվը, մաքուրը, վսեմը և նրանց վերջնական հաղթությունը։ Այդպիսի հավատը նվիրական մի զգացում է, հոգու մի վիճակ, որ թեև բնագիտական օրենքների և քիմիական վերլուծությունների չի ենթարկվում, բայց բնական է վերոհիշյալ բացատրության համեմատ։
Այդ զգացումը հատուկ է մարդկային հոգուն, նվազ կամ առավել չափերով, ուստիև այստեղից բխած բարոյականությունը իր աստիճանավորություններով մատչելի է՝ հետին մշակից սկսած, մինչև գիտության և գեղարվեստի բարձր ներկայացուցիչների համար։ Մի ուրիշ հանգամանք ևս պետք է շեշտենք քրիստոնեական կատարելության դերակատարությունը պարզելու համար։ Մինչդեռ փիլիսոփայության մեջ կատարելության գաղափարն ու նախատիպը տեսական էին, այստեղ թանձրացած են և ընդհանուրին ըմբռնելի դարձած Հիսուս Քրիստոսի անձնավորությամբ։ Աստծո կատարելության նմանվելը ինքնստինքյան վերացական մի միտք է․ մեզանից յուրաքանչյուրը պատկերացնում է այն իր կրթության, հոգեկան կարողությունների և հատկությունների համեմատ, բայց Քրիստոսի կյանքն ու օրինակը պարզ են դարձնում մեզ, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է երկնավոր կատարելության ձգտել։ Նրա շավիղով ընթանալ՝ նշանակում է բարոյական կատարելության ուղիղ պողոտան ընտրել՝ դեպի անսահման կատարելության վերջնական նպատակը։ Ոմանք, քրիստոնեությունը համեմատելով մյուս կրոնների և փիլիսոփայությունների հետ, մի առանձին նորություն չեն գտել նրա մեջ։ Սխալ է, իհարկե, այդ հայացքը, որովհետև կրոնի, սիրո և բարոյականության ըմբռնողությունը քրիստոնեության մեջ բոլորովին տարբեր են, քան բառերով նման հնչող կրոնների և փիլիսոփայությունների մեջ, բայց իսկանան նորությունը և քրիստոնեության բերած անգնահատելի գանձը Քրիստոսի անձնավորությունն է։ Այս նորությունը ոչ մի տեղ գտնել չենք կարող, ինչքան էլ տակնուվրա անենք պատմությունը։ Իզուր չէ քրիստոնեությունը Նրա անձնավորության մեջ Աստվածային կատարելությունը մարմնացած տեսել։ Մեղքը՝ մեր կյանի փոթորկալից ծովի ամենից վտանգավոր ալիքը, ոչնչացած է Նրա սրբության և մաքրության առաջ։ Բայց չենք կարող ասել, թե Նա ազատ էր տագնապներից․ փորձության պատմությունը, ավելի գեղեցիկ Գեթսեմանի պարտեզի տեսարանը, ակներև ապացույց են, որ Նա ներքին հզոր մաքառումների ենթակա է եղել, և հաղթող է հանդիսացել առ Հայրն ունեցած հավատով և հնազանդությամբ։ Այդ անապական աղբյուրից է բխում և նրա սերը դեպի ընկերը, դեպի իրեն շրջապատողները։ Բոլոր թշվառները, աղքատները, անարգվածներն ու մեղավորները չեն վրիպում նրա ուշադրությունից։ Նա որոնում է նույնիսկ կորուսյալին՝ գտնելու համար, այնինչ, Ստոյիկյան իմաստունի համար արհամարհելի կլիներ, իսկ նրբաճաշակ Էպիկուրյանի վայելչության զգացմունքին՝ հակառակ։ Բայց մարդկային հոգին թանկ է Քրիստոսի համար հավասարապես, լինի այն իշխանի, ռամիկի, թե ստրուկի մեջ, որովհետև բոլոր մարդիկ նույն Հոր որդիներն են և իր եղբայրները։ Սիրո, գթության օրենքի վրա հիմնված նոր թագավորության մեջ հավասար քաղաքացիներ են ամենքը։ Եվ նրա կարեկից ձայնը իր մոտ է կանչում բոլոր տառապյալներին, վաստակածներին (տանջվածներին խմբ․), բեռան տակ ճնշվածներին՝ ոչ միայն մխիթարություն և սփոփանք տալու, այլ դեպի երկնավոր Հոր կատարելությունն առաջնորդելու։
«Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ․ 5։48):
Գարեգին վարդապետ Հովսեփյան
*Գարեգին վարդապետ Հովսեփյանի (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոս) այս հոդվածը լույս է տեսել Արարատ ամսագրի 1907թ․ Ա համարում։ Հոդվածը այս կայքում տեղադրվել է արդի ուղղագրությամբ, որոշ լեզվական փոփոխություններով։ Գրաբարով մեջբերված սուրբգրային տեղիները փոխարինվել են աշխարհաբարով՝ ըստ Նոր Էջմիածին թարգմանության։