Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա…
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։
Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։
Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։
Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։
Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ…
Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։
Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։