«Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացեք և Ինձ հետ հսկեցե՛ք»: Եվ մի փոքր առաջ գնալով՝ ընկավ Իր երեսի վրա, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող Ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու» (Մատթ. 26.38-39)։
Ավետարաններում մեր Տիրոջ չարչարանքների պատմությունն ամենաընդարձակ տեղն է զբաղեցնում: Ավետարանիչները որոշակի նպատակով ընդարձակ են գրել չարչարանքների մասը:
Դա արվել է նախ այն պատճառով, որ մարդ կարող է ճանաչվել միայն տառապանքի մեջ. այդ ժամանակ է ի հայտ գալիս մարդու նկարագիրը, բարօրության ժամանակ անհնար է ճանաչել նրա արժանիքները: Մինչդեռ դժբախտության մեջ գտնվող մարդը անկարող է թաքցնել ներքինը, ինչպես բանաստեղծն է ասում. «Դիմակն ընկնում է, և մնում է բուն մարդը», ու մեր աչքի առջև բացահայտվում է ծածուկ իրականությունը: Մենք չէինք գտնի Հիսուսի հոգում բովանդակված արդարության, սիրո և սրբության գանձերը, եթե Նրան չտեսնեինք Իր տագնապի, չարչարանքի ու մահվան ժամանակ:
Երկրորդ՝ Հիսուս Իր տառապանքներով իրագործեց մեր փրկությունը: «Չէ՞ որ Քրիստոս պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ Իր փառքի մեջ» (Ղուկ. 24.26),- ինչպես հենց Նա էր ասում Իր մասին: «Բայց այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր Ինձ այս ժամից: Բայց Ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին» (Հովհ. 12.27):
Փրկչի ամբողջ կյանքն արդեն չարչարանք էր, բայց Գեթսեմանիում ու Գողգոթայում այդ չարչարանքը հասնում է իր գագաթնակետին: Գեթսեմանին ու Գողգոթան Հիսուսի տառապանքների երկար շղթայի վերջին, ամենածանր և բիրտ օղակներն էին: Ահա այդ պատճառով Եկեղեցին Ավագ Շաբաթվա ծիսակարգում ներառել է «չարչարանաց գիշերվա» հատուկ պաշտամունքը, որ իսկապես հուզիչ ու սրտառուչ ծիսակատարություն է:
Նախորդ երեք տարիներին իբրև «չարչարանաց գիշերվա» քարոզների նյութ ընտրել էի Հիսուսի՝ Գողգոթայի խաչի վրա կրած չարչարանքն ու մահը: Այս գիշեր սակայն ձեզ պիտի «բնակեցնեմ» Գեթսեմանիում, որպեսզի այնտեղ խորհրդածեք Հիսուսի տագնապի մասին:
Եվ որովհետև Գեթսեմանիի տագնապը նախաբանն էր Գողգոթայի եղերական իրադարձության, կուզեի, որ այս գիշեր խորհրդածության առարկա դարձնեինք մեր Փրկչի կյանքի նշանակալից այս պահը: Երանի՜ թե Գեթսեմանիի տեսարանը ներգործեր ամենքիս հոգուն, խոնարհեցներ և փոխեր մեր սրտերը:
Իր աշակերտներին վերջին «կտակը» թողնելուց և Սուրբ Հաղորդության խորհուրդը հաստատելուց հետո Հիսուս տասնմեկ առաքյալների հետ հեռացավ վերնատնից և անցնելով Կեդրոնի ձորի միջով, ուղղվեց դեպի Ձիթենյաց լեռը:
Երուսաղեմում եղած ժամանակամիջոցում Հիսուս Իր առանձնության և աղոթքի վայր էր ընտրել Ձիթենյաց լեռը: Այդ լեռան զառիվայրին գտնվում էր Գեթսեմանիի պարտեզը: Հիսուս իմաստուն և բարի զգուշությամբ, կամենալով խնայել Իր աշակերտներին՝ նրանց հեռու պահելով Իր տագնապների սոսկալի տեսարանից, նրանց թողնում է պարտեզի եզրին և, վերցնելով միայն ամենամտերիմ աշակերտներին՝ Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին, մտնում է Գեթսեմանիի պարտեզ:
Այս երեք աշակերտներն արդեն իսկ վկա էին եղել Հիսուսի այլակերպության փառքին, և այժմ հարկ էր, որ վկա լինեին նաև Նրա տագնապներին ու սարսափի դրսևորումներին: Այս երեքի համար խիստ դաս էր թաքնված վշտի սույն տեսարանում: Պետրոսը միայն այնտեղ պիտի կարողանար սովորել, որ մարդ ոչ թե սեփական անձին ապավինելով, այլ խոնարհությամբ և աղոթքով կարող է գտնել իրական զորությունը: Զեբեդեոսի երկու որդիները միայն այնտեղ պիտի սովորեին, որ Քրիստոսի թագավորություն մտնելու ճշմարիտ պայմանը անձնվիրությունն ու զոհողությունն է:
Այդ անմոռանալի պարտեզը մեզ հիշեցնում է մեկ այլ պարտեզ՝ Եդեմի այգին, որտեղ մարդկության պատմության խանձարուրում ոչ նվազ հանդիսավոր մի դեպք էր տեղի ունեցել: Սակայն ինչպիսի՜ մեծ տարբերություն կա ինչպես երկու պարտեզների, այդպես էլ այդ երկու իրադարձությունների հերոսների միջև:
Եդեմի պարտեզը ամեն տեսակի գեղեցկությամբ ու շքեղությամբ օժտված խաղաղության և բարօրության վայր էր: Մինչդեռ Գեթսեմանիի պարտեզը ավելի շատ ոչ թե գեղեցիկ այգի, այլ ժայռոտ, ցամաք ու լերկ մի վայր էր, որի միակ առավելությունն ու հրապույրը կարող էին լինել մելամաղձոտ ձիթենիները:
Եդեմի պարտեզում նախամարդն էր՝ Աստծու պատկերով ստեղծված, անմեղությամբ և բերկրությամբ օժտված: Սակայն նա ենթարկվում է չարի նենգավոր շշուկներին, ոտնակոխ է անում Աստծու խոստումներն ու ազդարարությունները և անհնազանդ է գտնվում Տիրոջ օրենքի առջև՝ մեղքի լծի տակ ընկնելով ու իր հետ ծանր անկման ենթարկելով նաև ողջ մարդկությանը:
Մինչդեռ Գեթսեմանիում Աստծու Որդին է, որ մեզ փրկելու համար հանձն առավ ամեն տեսակի զրկանքների ենթարկվել, որպեսզի երկրային թշվառություններն ու փորձությունները վերափոխի երկնային փառքի ու երանության:
Նա, որ երեսուներեք տարվա ընթացքում այդքան տառապում և պայքարում էր մեր փրկության վսեմ առաքելությունն իրագործելու համար, Գեթսեմանիում մղում էր Իր վերջին «մարտը» մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակելու և իբրև Նոր Ադամ Հին Ադամի սխալն ու մեղքը շտկելու՝ մարդկության համար բանալով ներման, խաղաղության և հավիտենական կյանքի խցանված աղբյուրները:
Ուրեմն փութանք ներկա լինել այնքա՜ն հանդիսավոր ու այնքա՜ն բեղուն այս պայքարին:
Հիսուս պարտեզ էր մտել դառը տրտմությամբ: Աննկարագրելի անձկությունն արդեն իսկ ընկճել էր Նրա հոգին: Դառնալով Իր երեք աշակերտներին՝ Հիսուս ասում է. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացեք և Ինձ հետ հսկեցե՛ք» (Մատթ. 26.38): Քիչ հետո, ավելի առաջ գնալով, ծնկի եկած աղոթում և ասում է. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը Ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե Իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի»: Ու քանի որ Նա հոգեվարքի մեջ էր, «Նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով» (Ղուկ. 22.44):
Այս հուզիչ տեսարանի առջև մեզ դյութում և խռովվում է զարմանքի շատ բնական մի զգացում. ինչո՞ւ է, որ այս վսեմ ու անմեղ հոգին՝ մեր Փրկիչը, որ այնքա՜ն արի էր անապատի փորձությունների ժամանակ՝ աներկյուղ և անվեհեր սատանայի բոլոր նենգությունների դեմ, այնքա՜ն հանդարտ ու խաղաղավետ վերնատանը՝ հավիտենականության դրոշմը կրող Իր կտակը թողնելիս, այժմ ինչո՞ւ է այսքան դողահար ու վհատված:
Չէ՞ որ հենց Նա էր երկնային խաղաղության շնչով ասում. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»: Նա էր ասում. «Ես և Հայրս մի ենք»: Ուրեմն այժմ Նա ինչո՞ւ է գետնամած, ընկճված ու ճնշված վշտացյալ ամենատկար մարդկանց նման: Այժմ ինչո՞ւ է սարսափահար ընկրկում այն դառը բաժակի առջև, որը պատրաստ էր ըմպել, մինչդեռ հիմա սոսկումով աղաչում է Հորը, որ այդ բաժակը հեռու պահի Իր շուրթերից:
Մեր զարմանքը կրկնապատկվում է, երբ մտաբերում ենք մյուս մարտիրոսներին, որոնց մարդկային բնությունը Հիսուսի բնությունից շատ ավելի տկար էր, բայց որոնք անընկճելի էին մնում մահվան հանդեպ: Չէ՞ որ դեռևս հին հեթանոսության ժամանակներում իմաստասեր Սոկրատեսը ժպիտը շուրթերին ընդունեց թույնով լցված բաժակը:
Քրիստոնեական աշխարհում նույն Քրիստոսի աշակերտները՝ Պողոսներ, Պետրոսներ, Պողիկարպոսներ, Հուստինոսներ, Որոգինեսներ, իրենց մարտիրոսության պահին անհողդողդ և ամուր մնացին ու որևէ տկարություն չցուցաբերեցին: Ուրեմն ո՞վ կարող է բացատրել այս զարմանալի տարբերությունը, որ կա Աստծու Սրբի և մեղավոր մարդկանց, Տիրոջ ու աշակերտների միջև:
Պիտի ասեմ, որ մենք կանգնած ենք մեր Փրկչի անձի և գործի մեծագույն խորհուրդներից մեկի առջև, որի խորքերը ներթափանցել կերազեին նույնիսկ հրեշտակները, և մենք՝ սահմանափակ արարածներս, թերևս շա՜տ անկատար կերպով միայն կարող ենք պատկերացում ունենալ այդ մասին:
Իսկապես, որքա՜ն անթափանց մթություն է մեր առջև, և այդ խորունկ խավարում արդյոք կկարողանա՞նք լույս նշմարել, որպեսզի այն լուսավորի մեզ ու կյանք տա մեր սրտին: Փորձենք բացատրել հույժ զարմանալի այս տագնապը:
Նախ գիտենանք, որ քրիստոնեությունը ստոյիկյան փիլիսոփայության նման անզգա չէ վշտի ու մահվան հանդեպ: Իրական հերոսը, ճշմարիտ մարդը նա չէ, ով դիմում է տառապանքին՝ ասելով. «Ո՜վ վիշտ, դու երբևէ չպիտի կարողանաս ինձ խոստովանել, որ չարիք ես»: Այլ նա է հերոս, ով կարողանում է առանց պատրանքի ու առանց կեղծ խանդավառության դիմագրավել վշտին, ով գիտի համակերպվել և մինչև իսկ դողալով էլ ընդունել այդ վիշտը, եթե անկարելի է խուսափել դրանից:
Երբ գովում են մարտիրոսների աներկյուղ խանդավառությունն ու անայլայլ հանդարտությունը, ինչպես թերևս Սոկրատեսի դեպքում էր, մոռանում են, սակայն, որ մարտիրոսները ևս մինչև վերջ կամեցել են պաշտպանել իրենց անձերը, նրանք էլ են ապրել մռայլ, դժվարին ու անձկալի պահեր՝ իրենց Գեթսեմանին:
Բանտի մութ խորշում՝ գիշերվա մահաշուք ստվերների մեջ, կառափնարանների կամ խարույկների վրա բարձրանալուց առաջ, նախքան ամբոխի աչքին երևալը, նրանք էլ են ունեցել իրենց ներքին պայքարն ու ահավոր տագնապը: Դա աստվածային օրենք է, և ոչ ոք չի կարող խուսափել այդ օրենքից:
Հիսուս նախ և առաջ մարդ էր՝ իրական ու ճշմարիտ հերոս, և ոչ թե երևակայական: Նրա համար էլ վրա էր հասել մահվան դառը բաժակն ընդունելու ժամը, որ լի էր պայքարով ու տագնապով: Գեթսեմանիի ժամը չարչարանքի և մահվան բաժակի մատուցման ժամն է:
Գողգոթայում էր, որ Հիսուս ցմրուր պարպեց այդ բաժակը, բայց Գեթսեմանիում էր, որ Նա համակերպվեց այն ըմպելու իրողությանը: Եվ ո՞վ չգիտի, որ մահվանը համակերպվելու պահն ավելի ահավոր է, քան մահվան պահը: Իսկ եթե գիտենք, որ մահը դառն ու սարսափելի է հանցավոր և մեղանչող մարդու համար, որքա՜ն ևս առավել դառը պիտի լիներ սուրբ և անմեղ մարդու համար:
Մտաբերենք նաև այն հանգամանքները, որ շրջապատել էին Մարդու Որդուն՝ առավել դառնացնելով Նրա մահը: Գեթսեմանիում Հիսուսի աչքի առջև հառնում էր այն սուրբ քաղաքը, որտեղից քիչ առաջ Նա հեռացել էր Իր աշակերտների հետ և ուր պիտի տարվեր իբրև մի անարգ չարագործ։
Հիսուս հայացքով ներթափանցում էր այդ քաղաքի բնակիչների սրտերը, տեսնում էր ապագայում կատարվելիք բոլոր դեպքերն ու անօրենների գալիք չարագործությունները։ Նա արդեն իսկ ճնշված էր փարիսեցիների ու դպիրների հայացքի ներքո։ Հիսուս պարզորոշ տեսնում էր ծերակույտի մթին դավադրությունը, որ նյութվում էր Իր դեմ, Նա կարդում էր մատնիչ Հուդայի սիրտը, որ Իր ողջ գթասրտությամբ չկարողացավ փափկացնել։
Հիսուս արդեն իսկ տեսնում էր գիշերվա խավարում զինված զորքերի գալն ու Իրեն իբրև ավազակի ձերբակալելը, տեսնում էր, թե աշակերտներն ինչպես են լքում Իրեն ու փախչում, և թե ինչպես էր ամենամտերիմ աշակերտը երիցս ուրանում Իրեն։ Արդեն այդժամ Հիսուս լսում էր Կայիափայի անարգախոսությունները, կանխապես զգում էր Հերովդեսի արհամարհանքը, ամբոխի մոլեգին աղաղակը․ «Թող Նրա արյունը մեր և մեր զավակների վրա լինի»։
Նա արցունքախառն հարցնում էր Իրեն, թե որն էր այդ ատելության և Իր մահապարտության շարժառիթը՝ ստիպված լինելով հեծկլտալով ասել․ «Առանց պատճառի Ինձ ատեցին» (Հովհ․ 15․25)։
Առանց պատճառի՞, ինչպե՞ս թե իզուր, ինչպե՞ս կարող են առանց պատճառի ատել քեզ, ո՜վ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Մի՞թե Քո սրբությունը, Քո սերն ու իմաստությունը չէին պատճառը, որ նրանք Քո դեմ ելան, հալածեցին ու խաչափայտին գամեցին Քեզ։ Դու Լույս ես, ո՜վ Տեր իմ, ճշմարտության և կատարյալ սրբության լույս։ Դու ճառագայթում ես խավարում, բայց փոխանակ ընդունելու Քո այդ լույսը, մեղավոր մարդիկ համարձակվում են մարել այն, և ահա թե ինչու ես Դու տառապում ու գնում մահվան։
Ո՜վ հավատացյալներ, մոլորված ժողովրդին անսահման սիրով սիրելու և նրան փրկելու համար ամեն ջանք չխնայելուց հետո ատելի դառնալ, հալածվել ու մեռնել այդ ժողովրդի անգութ հարվածների ներքո․ ինչպիսի՜ սարսափելի երևույթ, ինչպիսի՜ անլուր վիշտ։
Ահա թե ինչու է Հիսուս դողում, ահա թե ինչու է Նա սարսուռ զգում և ահա թե ինչու է Նրա ճակատից քրտինք հոսում՝ քրտինք արյան շիթերի նման։ Այս հոգեվարքի էջն իրենում բովանդակում է ավելի վսեմ մի խորհուրդ։ Հիսուս տառապում էր ոչ միայն իբրև մարտիրոս, այլև իբրև Փրկիչ։
Գեթսեմանիի պարտեզում տեսնում ենք ոչ միայն սուրբ և արդար մարդու, որն ընկճված է անօրենների չարագործությունների և անհավատության պատճառով, այլև տեսնում ենք մի սուրբ զոհի, որ հանձն է առնում Իր ուսերին կրել աշխարհի մեղքերը։ Հիսուս հանուն մի վսեմ նպատակի Իր մեջ «շղթայել» է մարդկության բոլոր անիրավությունները։
Քրիստոս Իր վրա է վերցրել մեղքի բոլոր նզովքներն այնպես, ասես Իր մեջ մեղավոր մարդկությունն էր ապրել։ Ահա Նա՛ է արտակարգ անձնվիրությամբ և անբացատրելի ինքնազոհությամբ Գեթսեմանիի մութ ստվերների ներքո հանձն առնում «Իր կյանքը տալու շատերի համար իբրև փրկագին» (տե՛ս Մատթ․ 20․28, Մարկ․ 10․45)։ Եվ ինչպես ասում է Պողոս առաքյալը․ «Նա մեզ համար մեղավոր համարեց Ինքն Իրեն, որպեսզի մենք Նրա միջոցով Աստծու արդարներ լինենք» (հմմտ․ Բ Կորնթ․ 5․21)։
Արդյոք գիտե՞ք «Հարլեմի հերոս» կոչվող երիտասարդ հոլանդացու հուզիչ պատմությունը։ Նա զավակն էր մի սահմանապահի, որի պարտականությունն էր հսկել Հոլանդիան թշնամու ծովային ներխուժումից պաշտպանող բլուրներից մեկը։ Երիտասարդը ժառանգել էր հոր հոգածության ու անձնվիրության ոգին։ Երեկոյան տուն վերադառնալիս՝ այս հերոսը սոսկումով նկատում է, որ բլրի վրա կանգնեցված տախտակե պատնեշներից մեկի վրա ճկույթի տրամագծի չափ անցք է առաջացել, և ջուրը սկսել է ներս հոսել։
Երիտասարդը, անմիջապես հասկանալով, որ եթե ջուրը շարունակեր հոսել այդ բացվածքով, ճեղքը կարող էր մեծանալ ու սարսափելի հեղեղի պատճառ դառնալ, առանց վարանելու խոյանում է բարձրավանդակի վրա, կռանում և մատով փակում ճեղքը։ Ջուրը դադարում է ներս հոսելուց։
Ոչ ոք տեղյակ չէր այդ անցուդարձից, մինչդեռ տղան ստիպված էր եղել ամբողջ գիշեր մատներով, ապա ամբողջ ափով, այնուհետև բազկով փակել հետզհետե մեծացող բացվածքը։ Երիտասարդի բազուկն արդեն թմրել էր հոգնածությունից ու գիշերվա ցրտից, բայց նա ողջ գիշեր տեղից չէր շարժվել և չէր հեռացել այդտեղից։
Արշալույսին արևի աղոտ ճառագայթները լուսավորում են բլրի վրա գտնվող պատանու հոգնաբեկ, հյուծված մարմինն ու բացվածքի մեջ խրված բազուկը։ Վերջապես առավոտյան անցորդներն օգնության են հասնում կիսամեռ այս հերոս տղային, ապա կանչում են նրա հորը, որպեսզի վերջինս գոցի ճեղքվածքը։ Այդպիսով այս ազնիվ ու սքանչելի երիտասարդը հասնում է իր նպատակին։
Անշուշտ հիանում եք այս անմեղ պատանու հերոսական արարքով։ Այժմ մտաբերե՛ք Մարդու Որդու առավել հերոսական, մեծասքանչ արարքը։ Նայե՛ք Գեթսեմանիում և Գողգոթայում Նրա գործած հերոսությանը։ Հիսուս ոչ միայն Իր ձեռքն է դնում մարդկության թշվառության դեմ հանդիման՝ մեղքի ու դատապարտության ծովի կործանիչ ալիքները կասեցնելու համար, այլև ամբողջապես զոհում է Իր ողջ մարմինն ու հոգին։
Եվ ծովը հետ է մղվում, մեղքը դադարում է իր կործանարար դերը կատարելուց, և մեր հոգիները փրկվում են։ Օ՜հ, հոգեվարքի ինչպիսի՜ գիշեր, ինչպիսի՜ զոհողություն ու նվիրում, ինչպիսի՜ սեր, ո՜վ Աստված իմ, ինչպիսի՜ սեր։
Մարդու Որդու այս զոհողությանն ու սիրուն, Նրա տագնապներին ու վշտին, արցունքներին և արյան կալյակներին, Նրա վսեմ համոզումներին ու սուրբ խոյանքներին ի պատասխան մենք ի՞նչ ենք արել և ի՞նչ պիտի անենք։ Այս տեսարանի հանդեպ անտարբեր ու անզգա լինելը ոճիր է։ Այդ սարսռազդու պահին մենք մի՞թե չպիտի ուզենայինք ծնկի գալ և մեղմել նրա տագնապներն ու տառապանքները։
Մի՞թե չպիտի կամենայինք Նրա հետ բարձրանալ մեր Գեթսեմանին ու Գողգոթան՝ այնտեղ անդրադառնալու մեր հոգեկան վիճակին և զոհելու մեր հպարտությունը, անտարբերությունն ու եսասիրությունը, ատելությունը և մեր միջի հին մարդուն, որպեսզի զգեստավորվենք նորով։
Չբավականանա՛նք միայն մտաբերելով այն տառապանքները, որ կրեց Հիսուս, այլ նմանվե՛նք Նրան ու հետևե՛նք Նրա օրինակին։ Հիսուսի պես պայքարե՛նք չարի դեմ, աղոթե՛նք, պայքարե՛նք հարատևորեն և աղոթե՛նք արցունքով, որպեսզի Նրա նման կարողանանք ոտքի ելնել և վշտին ու կյանքի փորձություններին նայելով՝ ասել․ «Այս աշխարհի իշխանը ինձ վրա իշխանություն չունի»։
Ո՜վ Աստված իմ, Դու կյանքի ու զորության Աղբյուրն ես, և մենք գիշերվա այս խավարում խարխափելով եկել ենք Քեզ մոտ՝ Քեզնից իմաստություն հայցելու, որպեսզի մեր կյանքի Գեթսեմանիում անդրադառնանք մեր հոգեկան վիճակին և գիտենանք զոհել մեր հպարտությունը, եսասիրությունն ու հին մարդուն, որպեսզի կատարած լինենք Քո կամքը, և Քո թևերի հովանու ներքո ապրելն ու մեռնելը մեր և մեր հաջորդների ժառանգությունը լինի։
Կեդրոնյան ձորից անդին՝
Վերնատուն գնաց հանուն Խորհրդի,
Ապա՝ պարտեզը Գեթսեմանիի,
Որ Ադամին դրախտ մտցնի։
Նրա հետ նաև մե՛զ էլ տար, Տե՜ր,
Քանզի մենք էլ ենք այնտեղից վտարվել,
Բայց թո՛ւյլ տուր դարձյալ մեզ այն ժառանգել։
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը