1.
Հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, գալիս էր աշունը,
Ձմեռն սպասում էր մերկ սարից անդին,
Բուլվարի ծառերը խշխշում էին,
Բուլվարը նման էր հիվանդի…
Ու փոշոտ մեր քաղաքի փակուղիներում
Սուլում էր աշնան քամին ցրտաշունչ,
Նա մերթ մղկտում էր աղիողորմ,
Ու մերթ էլ կատաղի ցնցում:
Նա ծվատում էր մացառ ու թուփ,
Հեկեկում խուլ ու տրտմաթախիծ,
Ամայի անտառում ու դեղնած դաշտում
Փնտռում էր գոնե մի ծաղիկ…
Անտառի տերևներն էին խշխշում,
Մահանում դաշտերն ընդարձակ,
Հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, աշուն էր, աշո՜ւն,
Հողմերը խո՛լ ու նախահարձակ…
Ու քամիներն այդ խոլ և՛ աղեխարշ, և՛ խուլ,
Այդ քամիները խենթ, այդ քամիները չար…
Կարծես մի սև սողուն ուղեղումդ է սողում,
Եվ ուզում ես ճչալ, բայց չես կարող ճչալ…
Ու հոգնությունն այն խոր մեր ուսերին նստած,
Ու մագիլներ սուրսայր, սիրտ ծվատող ու չար,
Երբ թվում էր կյանքը մի լուսնահար ոստան,
Ուր եղյամը ահա անհուսորեն իջավ…
2.
Ես հիմա վերհիշում եմ մեր բոլոր զրույցները,
Մեր բոլոր ճամբաներն անցած,
Այդ ամենը հիմա օրերում մշուշվել են,
Բայց դեռ խայթում են որպես հանցանք:
Ախ, մենք շատ շշեր ջարդեցինք միատեղ,
Ու շատ բան մեռավ մեր սրտում,
Ու իջավ մեր ուղեղում տերևաթափը
Մշուշոտ, բաց ու տրտում:
Ու փշրած մեր շշերը աններում հանցանքի պես
Ողողում են երակ առ երակ,
Ինչի՞ց մենք դժգոհ էինք, ինչի՞ց, այդ ես չգիտեմ,
Բացվել էր սև մի անդունդ անանց ու մռայլ…
Եվ օրոր էինք երգում խավարած մեր հույսերին,
Որոնում ուրիշ երգ ու սեր,
Իջնում էր ծանր մի թաթ հոգնատանջ մեր ուսերին
Ու թվում էր կյանքը ժանտ ու սև…
Նագա՛նն էր օղու վերջը, իսկ օղին ինչո՞ւ համար,
Սիրտդ ինչի՞ց անբավական էր,
Եվ մի՞թե այդ չար վերքը նագանի՛ց կառողջանար,
Բժի՞շկ էր միթե նագանը…
Ինչի՞ց մենք դժգոհ էինք, ա՜խ, գուցե նրա համար,
Որ երկրի բոլոր դաշտերից
Հոսում են հորդ առուներ` կապույտ ու լուսավարար,
Խնդությամբ առողջ ու բերրի:
Որ բոլոր հյուղերի մոտ ծաղկում է նոր մի սերունդ,
Աճում են նոր ծառեր անգին,
Եվ այն, որ տրոփում է երկիրը նո՛ր հույզերով,
Ու սնում նոր հունտեր կյանքի…
Էլ ինչո՞ւ մեր անիվը փշրվում էր քարեքար,
Կորցրած դադար ու հանգիստ.-
Բանաստեղծ իմ բարեկամ, բանաստեղծ իմ բարեկամ,
«Մթի՜ն են խորշերը կյանքի»…
3.
Ես գիտեմ, որ ոչ մի «կին» չարժի մեր մեկ իսկ երգին,
Ոչ մի երգ այս տենդին մաքրող,
Կբուժվեն, շուտ կբուժվեն արնահոս մեր վերքերը,
Ու առաջ կանցնենք մենք շարքերով:
Կցնդի միֆի նման այս հիվանդ զառանցանքը,
Կդառնանք մենք քաղաքացի,
Լոկ պոետ լինելն հիմա աններում մի հանցանք է,
Մենք ունենք դեռ ճամբա դարձի…
Օ՜, առաջ կերթար կյանքը առանց քեզ և առանց ինձ,
Ներկա՛ կդառնար ապագան,
Ու չկա մի արգելակ հին շենքի փլուզումին
Ու նոր երթին հաղթական…
Միայն մենք կմնայինք շպրտված դիրքից դուրս,
Գալիքին խորթ ու անգիտակ,
Լոկ քամին պիտի երգեր մեր անկումն ու կորուստը,
Մի օտար ցանկապատի տակ:
Բարեկա՛մ, մարտի՛կ, ընկե՛ր, ինչ լա՛վ որ մենք կա՛նք դեռ,
Կարող ենք դեռ ուղի՛ հարթել,
Խորտակել ինչ որ կյանքում թունոտ է ու ժանտադեմ
Ու տնկել նոր կյանքի վարդեր: