Քաղաքացու համար հայրենիքն այն երկիրն է, որի տերն ու տնօրենն ինքն է, իր համաքաղաքացիների հետ միասին:
Հայրենիք կազմելու, այսինքն՝ մի երկրի տեր ու տնօրեն լինելու միակ միջոցը պետություն հաստատելն է… Պետության կազմի մեջ լինելն ինքնին դեռ չի նշանակում տեր լինել այդ պետության, ուրեմն և չի նշանակում հայրենիք ունենալ:
Պետություններ կազմող ազգերն ու մարդ-անհատները միշտ բաժանված են եղել երկու տարբեր դասերի՝ իշխողների ու իշխվածների, իշխանության տերերի ու իշխանության ենթակաների: Մի կողմից՝ ավել կամ պակաս իրավատեր «քաղաքացիներ», մյուս կողմից՝ ավել կամ պակաս իրավազուրկ «հպատակներ», իսկ հին աշխարհում նաև ճորտեր՝ ահա՛ պետության կազմը:
Քաղաքացին քաղաքացի է և, հետևաբար, ունի հայրենիք այն չափով միայն, ինչ չափով տեր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝ քաղաքականապես իրավազուրկ մարդը, հայրենիք չունի, ինչպես չունի հայրենիք նաև քաղաքականապես իրավազուրկ ազգը («Ազգ և Հայրենիք»):
Հովհաննես ՔԱՋԱԶՈՒՆԻ